Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գայանե Արմաղանովա. «Բուժաշխատողների  անվտանգ աշխատանքային  պայմանների ապահովումն առաջնահերթ պահանջ է»

«Ողջ աշխարհումինչպես  նաև Հայաստանում COVID -19 համավարակի տարածման  դեմ պայքարողների առաջնագծում  բուժաշխատողներն են: Նրանց  գործը  հիրավի  արժանի է  գովեստի, քանի որ նրանցից  յուրաքանչյուրն անտեսելով այն վտանգը, որ վարակը կարող է  փոխանցվել  նաև  իրենց, շարունակում են աշխատանքը՝ հիվանդներին ու մեկուսացվածներին բժշկական ծառայությունից զատ տրամադրելով նաև հոգեբանական մեծ աջակցություն, թեև իրենք բժիշկներն էլ են այսօր ծանր սթրեսային պայմաններում աշխատում»,    ասել  է  WomenNet.amի  հետ զրույցում Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության նախագահ Գայանե Արմաղանովան:

 

 

Նրա  ներկայացմամբ,   բուժաշխատողների  անվտանգ աշխատանքային  պայմանների ապահովումն այսօր առաջնահերթ պահանջ է,  ճյուղային  միության տեսադաշտում են  գտնվում  նրանց  առողջական  վիճակի պահպանման  նպատակով  տրամադրվող անհատական պաշտպանիչ միջոցների առկայության  փաստերը,  ինչպես  նաև  առողջապահության  ոլորտում նկատվող այլ թերությունները, որոնք համավարակի պայմաններում կարող են կյանքեր արժենալ:

 

 

 

Գայանե Արմաղանովայի խոսքով, ցավոք, համավարակի տարածման  առաջին  օրերին  ոչ բոլոր բուժաշխատողներն էին  ապահովված  պաշտպանիչ միջոցներով, օրինակ շտապօգնության բժիշկները, ովքեր միշտ առավել ևս՝ այդ օրերին աշխատում էին արտակարգ ռեժիմով,  կանչերին  գնում էին առանց  դիմակների: Հետագայում, իհարկե բուժաշխատողներին տրամադրվեցին վարակից  խուսափելու համար  նախատեսվող  անհրաժեշտ պարագաներ, սակայն խնդիրը որոշ չափով  դեռևս առկա է:

 

 

 

Ես  մշտական կապի մեջ եմ  Առողջապահության  աշխատողների ճյուղային  հանրապետական  միության  կազմում գտնվող  հիվանդանոցների և պոլիկլինիկաների բուժաշխատողների հետ: Թեև  նրանք ապահովված են բժշկական  պարագաներով՝ արտահագուստով, խալաթներով,  դիմակներով, ձեռնոցներով ու ախտահանիչ լուծույթներով, սակայն ոչ անհրաժեշտ քանակությամբ: Մինչդեռ բուժաշխատողների  խալաթները պետք է ամեն  օր փոխվեն, դիմակները՝ օրվա  մեջ  մի քանի անգամ, մեկանգամյա օգտագործման արտահագուստն  ենթակա չէ լվացման և այլն…  Նախկինում  բուժաշխատողներն  իրենք էին  գնում դիմակներ,  սակայն այսօր  դեռևս  հստակ  տեղեկատվություն չկա, թե բուժհաստատություններից յուրաքանչյուրն  ինչ չափով է ապահովում իր աշխատակիցներին   դիմակներով և մյուս  պարագաներով,   ասում է Գ.Արմաղանովան:

 

 

Բարձր ռիսկային գոտում են  այսօր հայտնվել նաև պոլիկլինիկաների աշխատողները, քանի որ այս օրերին նրանք բժշկական օգնություն են  ցուցաբերում  կորոնավիրուսով հիվանդներին տան պայմաններում, և յուրաքանչյուր այցից հետո պետք է փոխեն  իրենց հանդերձանքը: 

 

 

Բժիշկների կատարած աշխատանքի մասին գրեթե ամեն օր մամուլում  և համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվում: Այս  օրերին նրանք շնորհակալական խոսքերի պակաս չեն զգում:  Իսկ ինչպե՞ս է փոխհատուցվում  այդ անձնվեր աշխատանքը… 

 

 

 Մեր զրուցակցի դիտարկմամբ, կոնկրետ թվերն իր իրավասությունից դուրս են, սակայն  հայտնի է , որ Առողջապահության նախարարության  ենթակայության տակ գտնվող  կորոնավիրուսի դեմ պայքարող բուժհիմնարկների աշխատակիցներին տրամադրվել են հավելավճարներ: Ավելացնենք նաև, որ  կորոնավիրուսի  պատճառով վերապրոֆիլացված մի քանի հիվանդանոցներում բուժաշխատողները, որպես վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներ, վարձատրվել են լրացուցիչ նաև այլ աղբյուրներից, այդ թվում անհատ բարեգործների և կազմակերպությունների կողմից:  Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի  տեղեկացմամբ , շտապօգնության աշխատակիցներին  հատկացվել է    քաղաքապետարանի աշխատակազմի  մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ:  Պարգևատրվել է  վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող: Այլ մանրամասներ  բժիշկների  պարգևավճարների մասին հանրությանը հայտնի չեն:

 

 

 

Մեր  այս դիտարկումներին  ի պատասխան,  Գայանե  Արմաղանովան նշեց, որ  այդ բոլոր հավելավճարները սկզբնական փուլում կարող է բավարար դիտարկվեին , բայց այսօր  պետք է հաշվի առնել, որ  երկու ամսից ավել  անընդմեջ առաջնագծում գտնվողների  տեսակետից  դրանք այլևս   չեն համապատասխանում  ոչ իրենց  կողմից գործադրվող ջանքերին , ոչ էլ վտանգի և սթրեսի աստիճանին, ինչի մասին էլ  բուժաշխատողներն այսօր սկսել են բարձրաձայնել:  

 

 

 

Որքան էլ բուժաշխատողները զգուշավորություն են ցուցաբերում, այնուամենայնիվ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ  375  բուժաշխատողներ վարակվել են  կորոնավիրուսով:  Կառավարության 2011թ-ի 1024 N որոշմամբ սահմանվում է, որ հիվանդության  այդ  օրերի համար նրանց պետք է տրամադրվի անաշխատունակության թերթիկ, և նրանք պետք է վճարվեն  աշխատավարձի 80 տոկոսի չափով:  Բայց  վերջերս Մարալիկի  բժշկական  կենտրոնի 9 բուժաշխատողների  մոտ հաստատվել էր կորոնավիրուսով  վարակման  դեպք, և այդ աշխատողներն ինքնամեկուսացումից դուրս  գալուց  հետո պահանջում էին հիվանդության  օրերի համար աշխատավարձի ամբողջական վճարում:

 

 

-Թեև Մարալիկի  բժշկական  կլինիկան ներկայումս  չունի արհմիութենական  կազմակերպություն  և  բուժաշխատողներն  արհմիության անդամ  չեն, այնուհանդերձ  նրանց խնդիրները մեզ  համար նույնպես  մտահոգիչ են, քանի որ  մենք աշխատավարձի  վճարման  վերաբերյալ  բողոքներ ենք  ստանում  թե Երևան  քաղաքի, թե  մարզերի  բժշկական  հաստատություններից: Այս  կապակցությամբ  նամակ ենք ուղարկել ՀՀ  պարետին,  նշելով, որ իրենց  մասնագիտական  պարտքը կատարող   և այդ  ընթացքում  հիվանդացած  կամ  վարակված բուժաշխատողների եկամուտը չպիտի նվազի: Մենք առաջարկել ենք, որպեսզի անաշխատունակության  թերթիկով աշխատավարձը  հաշվարկվի ոչ թե  80, այլ 100 տոկոսով, -ասում է Գ.Արմաղանովան:

 

 

Զրույցի ավարտին Գայանե Արմաղանովան  նաև բնակչությանը զգոնության  կոչ արեց, քանզի բնակչության  անզգույշ և ոչ պատասխանատու  վարքագծի  հետևանքով  մեծանում է  բժիշկների  առանց այդ էլ  գերմարդկային ծանրաբեռնվածությունը.

 

 

– Թեև ես  լավատես եմ,  բայց  այդ  վիրուսը  շարունակելու է  մնալ, ճիշտ է,   աստիճանաբար կթուլանա, սակայն չի  բացառվում  մասսայական  վարակումը: Բայց  ինչպես  նկատվում է, նույնիսկ սանիտարահիգիենիկ  վերահսկողության  ուժեղացման  պայմաններում, ոչ մայրաքաղաքում  և ոչ էլ մարզերում բնակչությունը չի  պահպանում վարակի տարածումը  կանխելու կանոնները… Մինչդեռ անփութության արդյունքում վարակման վտանգը շատ մեծ է: Այժմ, երբ փողոց եմ դուրս գալիս, նկատում եմ, որ դրսում շատ մարդիկ կան՝ չնայած կարանտինին։ Խանութներում սոցիալական հեռավորություն չեն պահպանում։ Կյանքը եռում է, և տպավորություն կա, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Շատերը միգուցե չեն հավատում, որ վիրուսը իրական է… Բայց ուզում եմ ասել, որ այն կա և շատ վտանգավոր է, ուստի բոլորս պետք է ավելի ուշադիր և զգույշ լինենք:            

 

  Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 409

Վերադառնալ վերև