Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գինեգործության ավանդույթների վերածնունդը նույնպես նորարարություն է

Ասում են նորը դա լավ մոռացված հինն է,  և  այդ իմաստով  գինեգործության ոլորտում հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանի համար դրանց վերածնունդը   նորարարություն է: Առավել ևս , որ այդ գործով  կին է զբաղվում:  Գինեգործությունը Հայաստանում  ավանդաբար համարվել է բացառապես տղամարդկանց ոլորտ, սակայն մեր զրուցակից Golden Grape ArmAs գինու և կոնյակի գործարանի  տնօրեն Վիկտորիա Ասլանյանը  կոտրում է այդ կարծրատիպը՝ իր գործունեությամբ և ճանաչվածությամբ ապացուցելով, որ գինին, բիզնեսն  ու միջազգային շուկան ոչ թե կին կամ տղամարդ է հարգում ու ճանաչում, այլ գործին նվիրված անհատի, որը գնում է իր երազանքի հետևից ու իրականություն դարձնում այն:

Տիկին Ասլանյան, ինչո՞ւ  հենց  գինեգործության ոլորտն եք ընտրել:

 

– Հայրս առաջինն էր, որ 2007 թվականին ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան  և ներդրումային մեծ ծրագիր սկսեց : Երբ 2008-ին մենք եկանք ու տեսանք, թե նա ինչ հրաշք է կարողացել ստեղծել Արագածոտնի մարզում 180 հեկտար ամայի, քարքրոտ տարածքի վրա, որը զուրկ էր որևէ ենթակառուցվածքից՝ ոռոգման ջրից, էլեկտրականությունից,  ճանապարհներից և այլն,  մենք ևս ոգեշնչվեցինք ու որոշեցինք վերադառնալ Հայաստան, լինել նրա կողքին ու իրականացնել այդ պրոեկտը: Արդեն 2009-ին ես տեղափոխվեցի Հայաստան, անմիջապես անցա գործի, 2010-ին սկսեցինք կառուցել գործարանը… Ուշագրավ է, որ հենց նույն ժամանակաշրջանում՝ 2007-ին, Հայաստանում, Արենի քարանձավում հայտնաբերվեց աշխարհի ամենահին գործարանը,   որն ունի 6100 տարվա պատմություն և մենք վստահ էինք, որ այդ տեղեկատվությունը պետք է ճիշտ օգտագործել, քանզի պատմությունը, որ մենք ունենք, ոչ միայն բիբլիական լեգենդն է Նոյան տապանի մասին, այլ ունենք ապացույցներ, որ առաջին գինեգործներն ենք, առաջին այգեգործները,  արտակարգ որակ ենք ապահովել, նույնը կարող ենք անել այսօր, դեռ ավելին: 


 ԱրմԱսը վերածնում է հայկական գինեգործության բարի ավանդույթները՝ ստեղծելով նրբահամ գինիներ, որոնք մատուցում է աշխարհին նաև մեր հարուստ պատմության էջերը բացահայտելով: Այն , որ Հայաստանը համարվում է պատմական գինու երկիր, աշխարհում քչերը գիտեն, և մեր պատասխանատվությունն է դա բացահայտել աշխարհին, ինչն իր հերթին մեծ ազդեցություն կունենա  Հայաստանի ողջ տնտեսության վրա:

 

Ինչպե՞ս Ձեզ ընդունեց այս ոլորտը՝  հաշվի առնելով ոչ միայն այն, որ  կարճ ժամանակում կարողացաք  նորարար գաղափարներով փոփոխություններ բերել գինու շուկայում , այլև  երկար տարիներ դրսում եք ապրել :

 

-Կարող եմ ասել, որ իմ մուտքը որևէ բացասական արձագանքներով կամ երևույթներով չի ուղեկցվել: Եվ ի սկզբանե ես չեմ աշխատել, որ ոլորտն ինձ ընդունի, այլ աշխատել  և աշխատում եմ, որպեսզի հայկական գինիները միջազգային շուկայում ընդունվեն: Մեր նպատակն է, որպեսզի ԱրՄասը ճանաչվի տարբեր մարդկանց կողմից որպես հայկական որակյալ գինի, որպես առաջնորդներից մեկը: Իսկ դրա համար շատ բան է արվում. մենք այնքան տարբեր միջոցառումների ենք մասնակցում աշխարհի տարբեր երկրներում, ինձ հրավիրում են, որպեսզի ես պատմեմ այս ամենի մասին, ես ինքս եմ մեկնում ու շատ ծրագրեր ենք իսկապես իրականացնում: Մենք իսկապես շատ մեծ ներդրում ենք կատարում այս գործի մեջ: Հայաստանում էլ գինեգործության ոլորտի շատ արտադրողների հետ մտերիմ ենք, համագործակցում ենք ու թեև ամենքս մեր տեղն ու դերը ունենք շուկայում՝ գնային ու համային առանձնահատկություններից ելնելով, բայց ուղղակի անհրաժեշտություն է, որ մենք լավ համագործակցենք ու ճանաչվենք որպես գինեգործ երկիր: Մեր բոլորիս մրցակիցները դրսում են, և այդ պատճառով էլ, երբ արտերկրում մասնակցում ենք տարբեր ցուցահանդեսների, մենք մասնակցում ենք, որպես երկիր և շատ հազվադեպ որպես անհատներ:

 

Հայաստանը համարվում է տղամարդկանց երկիր, որքանո՞վ է կնոջը դժվար իր գործը  ստեղծել ու կայանալ մեզանում:

 

-Իրականում ամբողջ աշխարհը կարելի է այդպիսին համարել, բայց դա էլ ընկալման, տեսանկյունի խնդիր է: Ինձ շատ հաճախ են այդ հարցը տալիս և հիմնականում ես նույն պատասխանն եմ տալիս՝ կապ չունի՝ կին ես, թե տղամարդ, կապ ունի նախևառաջ այն, թե ինչ տիպի անձնավորություն ես, ինչպիսի  ղեկավար ես և ինչ արտադրանք ես դու ապահովում: Օրինակ, եթե արտադրում ես այնպիսի ապրանք, որն արտահանվում է, ապա խանութում այն գնողը չգիտի դա ով է արտադրել. որակն է խոսում դրա փոխարեն , որն էլ տղամարդու կամ կնոջ շնորհք չէ, այլ աշխատանքի կազմակերպման և այլնի շնորհք է: Ես երբեք չեմ վերցրել ինձ վրա լավը կամ չեմ հրաժարվել վատից, քանզի մենք թիմ ենք և աշխատում ենք հանուն մի նպատակի՝ որակյալ արտադրանք, որը ճանաչելի կդարձնի մեր հայրենիքը, մեր պատմությունն ու ավանդույթները: Իսկ գինեգործությունը մեր երկրում իսկապես ունի մեծ պոտենցիալ, քանի որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, արևային օրերի քանակով, ցուրտ ձմեռներով ու տաք ամառներով, հողի շերտերի բազմազանությամբ ու դրանցում առկա հարուստ հանքանյութերով շատ նպաստավոր պայմաններ ունի խաղողագործության ու գինեգործության համար:

 


-Ի՞նչ ծրագրեր ունի Վիկտորիա Ասլանյանն առաջիկայում, ի՞նչ նորություններ կարելի է ակնկալել:

 

-Օրինակ, շուտով մեր գործունեության մասին գրելու են Los Angeles Times-ում, որը 2,5-3 մլն տպաքանակ ունի և էլ ավելի մեծ լսարան: Այս տարի առաջին անգամ գինիներ արտահանելու ենք Մեծ Բրիտանիա, անցյալ տարվա ընթացքում Ճապոնիա ենք ուղարկել, բացի այդ մեր գինիներն արդեն արտահանվում են եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ և Կանադա: Ծրագրերն իսկապես շատ են, ցանկությունն էլ ավելի մեծ այդ ամենը կյանքի կոչելու, այնպես որ սպասեք նորությունների:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 1993

Վերադառնալ վերև