ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը

«
Անվտանգության խորհրդի 70-ամյա պատմության ընթացքում ընդունված 2200 բանաձևերի մեջ դժվար է գտնել իր անվանումով, համարով և բովանդակությամբ առավել հայտնի փաստաթուղթ, քան 1325 բանաձևը:

»
I. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևը
Ավելի քան քսան տարի առաջ՝ 2000-ի հոկտեմբերի 31-ին, ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը, որը կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր:
Կանայք և տղամարդիկ զինված հակամարտություններից տուժում են հավասարապես, բայց տարբեր կերպ: Տարբեր են նաև նրանց ընկալումները հակամարտությունների և խաղաղության մասին: Եվ հենց այս պատճառով էլ առաջացավ առանձին գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը՝ կանանց հատուկ կարիքներին անդրադառնալու, ինչպես նաև նրանց փորձը, մոտեցումները և ներուժը հակամարտությունների հետ կապված գործընթացներում ներառելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած թիվ 1325 բանաձևը շրջադարձային է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ձևավորման և հակամարտությունների կանխարգելման, լուծման և վերականգնման գործընթացներում կանանց մասնակցության կարևորությունը շեշտադրելու տեսանկյունից:

Բանաձևը վերահաստատում է կանանց ունեցած կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման և լուծման հետ կապված բանակցություններում, անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացներում, խաղաղապահ և միջնորդական առաքելություններում, ինչպես նաև հետպատերազմական իրավիճակներում և վերականգնման աշխատանքներում: Այն ընդգծում է խաղաղության և անվտանգության պահպանման մեջ կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության անհրաժեշտությունը:
Խնդիրներ և մարտահրավերներ
Ինչ խնդիրների ու մարտահրավերների են բախվում կանայք ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ։
ԶՈՀԵՐ
Ժամանակակից զինված հակամարտությունների ձևափոխման պատճառով (օրինակ՝ զինտեխնիկայի արդիականացման և նոր զինտեխնիկայի ստեղծման պատճառով) պատերազմական զոհերի մոտավորապես 90%-ը կազմում է խաղաղ բնակչությունը, որից 90%-ը կանայք և աղջիկներն են:

ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
Կանայք և երեխաները կազմում են փախստականների ավելի քան 70%-ը: Որոշ դեպքերում այդ թիվը հասնում է 80 %-ի (տե՛ս Սիրիայի օրինակը), երբեմն՝ 90 %-ի:
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ
Ստիպողական հղիություն, սեռական օրգանների խեղում և ամլացում, սեռավարակներով, մասնավորապես ՄԻԱՎ-ով զանգվածային վարակումներ:
ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեռական ստրկություն, կանանց նկատմամբ զանգվածային բռնաբարություններ, խմբային բռնաբարություններ, որոնք հաճախ ուղեկցվում են սպանությամբ կամ անդամահատությամբ:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԱՀԱՆ
Զինված հակամարտությունների ժամանակ շարունակելով բնակվել շփման գծում՝ կանայք երեխաների և մեծահասակների հետ միասին դառնում են մարդկային վահան` մնալով առանց արդյունավետ պաշտպանության:

Սակայն կանայք միայն զոհ չեն
Կանայք ստանձնում են ընտանիքի կենսապահովման կարևորագույն առաքելությունը, իրականացնում ռազմական ամենաբարդ պայմաններում երեխաների և մեծահասակների խնամքը, պարենի հայթայթումը և բազմաթիվ այլ կարիքներ հոգում:
Կանայք մասնակցում են զինված հակամարտություններին՝ որպես զինծառայող, կամավոր, բժիշկ, բուժքույր:
Կանայք ակտիվ գործունեություն են ծավալում մարդասիրական օգնություն կազմակերպելու ուղղությամբ, հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով ռազմաճակատին օգնելու, խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ստանձնում են ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում և այլն:
Դրա հետ մեկտեղ




Կանայք գրեթե բացակայում են որոշումների կայացման, հակամարտությունների կառավարման և կարգավորման, բանակցային և մի շարք այլ գործընթացներից:

Ինչ է առաջարկում թիվ 1325 բանաձեվը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը բաղկացած է 18 նպատակից, որոնք միավորված չորս հիմնական ուղղություններով՝ մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում և վերականգնում:
ՄԱԿ ԱԽ թիվ 1325 բանաձևի չորս հիմնասյուները
Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ
Թիվ 1325 բանաձևի կարևորությունը
Բանաձևը զինված հակամարտությունների համատեքստում կանանց դերի, մասնակցության և փորձի կարևորությանն անդրադարձող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով առաջին փաստաթուղթն էր:
Բանաձևը ստեղծեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շուրջ գործելու համընդհանուր հարթակ:
Բանաձևը կոչ արեց ՄԱԿ-ի անդամ երկրներին ձեռնարկել համապատասխան քայլեր՝ բարձրացնելու կանանց դերը և ընդլայնելու նրանց մասնակցությունը որոշումների ընդունման մակարդակում, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, խաղաղության պահպանման գործընթացներում, հաստատություններում և առաքելությունում:
Առավել մանրամասն
II. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հարակից բանաձևերը
2000 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում, բացի թիվ 1325 բանաձևից, ևս 10 բանաձև է ընդունել, որոնք վերահաստատել են կանանց դերը կայուն խաղաղության հաստատման հարցում, կանանց մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը խաղաղարար գործընթացի բոլոր փուլերում և ավելի հանգամանորեն անդրադարձել հակամարտությունների ընթացքում կանանց ու աղջիկներին սեռական բռնությունից պաշտպանելու, փախստականների և տեղահանվածների աջակցությանը և այլ խնդիրների:
Թիվ 1820 ԲԱՆԱՁԵՎ (2008)
Պատերազմական իրավիճակում իրականացված սեռական բռնությունները ճանաչում է որպես պատերազմական մարտավարություն, պատերազմական զենք:
Թիվ 1888 ԲԱՆԱՁԵՎ (2009)
Ապահովում է թիվ 1820 բանաձևի արդյունավետ իրականացումը և ռազմական գոտիներում սեռական բռնության հիմնախնդիրների մասով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումը:
Թիվ 1889 ԲԱՆԱՁԵՎ (2009)
Ընդգրկում է բանակցային գործընթացներում կանանց մասնակցության բարձրացման ռազմավարությունը և կոչ է անում ստեղծել ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1325 բանաձևի իրականացման արդյունավետության գնահատման ցուցիչներ:
Թիվ 1960 ԲԱՆԱՁԵՎ (2010)
Վերահաստատում է նախորդ բանաձևերում ստանձնած պարտավորությունները սեռական բռնության կանխարգելման մասով և մանդատ է տալիս անպատժելիության մթնոլորտի դեմ պայքարելու համար:
Թիվ 2106 ԲԱՆԱՁԵՎ (2013)
Կոչ է անում շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ԱԽ-ին, ձեռնարկել ավելի շատ քայլեր ավելի վաղ ընդունած բանաձևերի դրույթների իրականացման և անպատժելիության մթնոլորտի նվազեցման համար:
Թիվ 2122 ԲԱՆԱՁԵՎ (2013)
Ներդնում է ավելի ուժեղ մեթոդներ՝ հակամարտությունների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու համար: Վերահաստատում է կանանց անփոխարինելի դերը կայուն խաղաղության հաստատման համատեքստում:
Թիվ 2467 ԲԱՆԱՁԵՎ (2019)
Կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել սեռական բռնության կիրառումը իրենց մարտավարությունների մեջ և մշակել հատուկ մեխանիզմներ հանցագործներին պատժելու համար:
Թիվ 2493 ԲԱՆԱՁԵՎ (2019)
Կոչ է անում մասնակից պետություններին աջակցելու կանանց իրավունքների իրացմանը. խրախուսում է կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքի համար անվտանգ պայմանների ստեղծումը. կոչ է անում լիակատար ծավալով կատարել բոլոր նախորդ բանաձևերը:
Թիվ 2242 ԲԱՆԱՁԵՎ (2015)
«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը կապում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային: Անդրադառնում է ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում կանանց ունեցած դերին:
Թիվ 2272 ԲԱՆԱՁԵՎ (2016)
Միջոցներ է ապահովում խաղաղ գործողությունների իրականացման ժամանակ սեռական շահագործման և չարաշահման դեմ պայքարի համար:
Զուգահեռ բանաձևեր
2015 թ․, դեկտեմբեր
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երիտասարդության, խաղաղության և անվտանգության մասին թիվ 2250 բանաձևում ընդգծվում է, որ երիտասարդ կանայք և տղամարդիկ պետք է ակտիվ մասնակցեն կայուն
խաղաղության ձևավորմանը և նպաստեն
արդարությանն ու հաշտությանը:
2016 թ․, ապրիլ–մայիս
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 70/262 և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն 2282 (2016) ընդունեցին «Հաջակցություն խաղաղության» բանաձևերը, որոնք ճանաչեցին կանանց և երիտասարդության կարևոր դերը խաղաղության
հաստատման և պահպանման մեջ:
Առավել մանրամասն թեմայի շուրջ
Made on
Tilda