Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանը ծերացող երկիր է

Այսօր Տարեցների միջազգային օրն է:  Ինչպես այդ կապակցությամբ հրավիրված ասուլիսում  ասաց  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը այսօր 60 և ավելի տարիքի մարդիկ ամբողջ աշխարհի բնակչության 12%-ն են կազմում, իսկ Հայաստանում  տարեցները  12,8 % են:  Ըստ կանխատեսումների  ՝ 2050 թվականին  Հայաստանը  մոտ  30 տոկոս ծեր բնակչություն կունենա:

 

 

«Մենք ունենք ծերացող հասարակություն:  13 տոկոսը ծերացող ազգերի վերին շեմն է ու մենք շուտով կհատենք այդ շեմը», – նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը: Ըստ բանախոսի, հաշվի առնելով այդ հանգամանքը,  պետք է արդեն այսօր մտածել տարեցների ներուժն արդյունավետ օգտագործելու և նրանց  զարգացման գործընթացներում  ներգրավելու հնարավորությունների մասին:

 

Ինչպես նշեց ասուլիսի երկրորդ  բանախոս  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը այսօր պետությունը տարեցների հարցում իր առաջնահերթությունն է համարում տարեցների կյանքի որակի բարելավումը, նրանց համար արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը:
«Ես չեմ ասում, թե դա այսօր գերազանց է, բայց քայլ առ քայլ միջոցառումներ են մշակվում ու ձեռնարկվում, քաղաքական փաստաթղթեր են ընդունվում, որ կարողանանք ապահովել նորմալ կենսապայմաններ»,-ասաց նա:

 

 

Նրա խոսքով, այսօր պետությունը տարեցներին ուղղված ծառայությունները տրամադրելու համար տարեկան հատկացնում է ավելի քան 2.5 մլրդ դրամ՝ շուրջօրյա խնամքի, ցերեկային կենտրոնների համար: Երկրում կա տարեցների տնային սպասարկման երկու խոշոր կառույց՝ մեկը պետական, մյուսը՝ մասնավոր, որոնք միասին տներում սպասարկում են շուրջ 4000 միայնակ ծերերի: Տուն ինտերնատներում այսօր բնակվում են 1250 տարեց անձինք:

 

 

Անահիտ Գևորգյանի տեղեկացմամբ  Հայաստանում այսօր գործում են 8 խնամքի կենտրոններ կամ, ինչպես ասում են, ծերանոցներ և ցերեկային կենտրոններ՝ տարեց մարդկանց ժամանցը, զբաղվածությունը ապահովելու համար:

 

Անահիտ Գևորգյանը նաև նշեց, որ նախարարության կողմից մշակվել է երկու կարևորագույն փաստաթուղթ, որոնք կյանքի պետք է կոչվեն առաջիկայում: Դրանցից մեկը «Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգ»-ն է:  Համաձայն այդ փաստաթղթերի՝ պետք է ընդլայնվի այն ծառայությունների ցանկը, որոնք այսօր մատուցվում են տարեցներին: Սակայն այդ  ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կլինեն հավելյալ միջոցներ:

 

 

 

Մինչ այդ, սակայն, շարունակում է մտահոգիչ մնալ տարեցների սոցիալական վիճակը: «Իհարկե, ցանկալի մակարդակում չէ,- համաձայնվեց  Գևորգյանը:- Կենսաթոշակները բավարար չեն, միայնակ կենսաթոշակառուներն ընդգրկված են նաև ընտանեկան նպաստների համակարգում, որպեսզի մի քիչ մեղմվի նրանց դրությունը, սակայն սա է մեր պետության հնարավորությունը»:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով` այս իրավիճակը կշարունակի մնալ այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում գործում է ներկա կենսաթոշակային համակարգը: «Մենք այլ տարբերակ չունենք, մեր ժողովրդագրությունը մեզ թույլ չի տա մեր տարեցների վիճակը փոխել, քանի չենք անցել կենսաթոշակային կուտակային համակարգի: Կարող ենք քննարկել` ի՛նչն է լավ, ի՛նչն է վատ, որքանո՛վ է արդյունավետ, բայց որ դա է ճիշտ ուղին՝ կասկած չկա»:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիրում այնպես, ինչպես…»/ վիդեո

 

 

Միխայիլ Ժվանեցկի. «Մի ողջ սերունդ անհայտացավ , և ոչ ոք չի հարցնում` ուր են նրանք»…

 

 

Երկրի բնակչությունը ծերանում է…

 

 

Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …

 

 

 

 

Դիտումների քանակը` 3855

Վերադառնալ վերև