Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հայ կնոջը պետք է պարզապես հնարավորություն ընձեռել»…

Սփյուռքի կանայք Երևանում 

Հոկտեմբերի 10- 12 ը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ անցկացվեց Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ  համաժողովը: Համաժողովին մասնակցում էին աշխարհի 13 երկրներից Հայաստան ժամանած  կազմակերպության  200 անդամներ :

 

Համաժողովի մասնակիցներին ուղերձով դիմել էր  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իր օրհնանքի խոսքն էր հղել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը: Համաժողովի աշխատանքներին մասնակցեց ու  նաև  ելույթ ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին «Կանանց դերը Հայոց Ցեղասպանության տարիներին և հետո», «Հայ կանանց դերը գլոբալացված աշխարհում», «Դիմագրավելով Հայաստանում կանանց առողջապահության մարտահրավերներին», «Հայաստանում գործող ՀԿ-ները», «Կանայք գրականության մեջ» թեմատիկ քննարկումները:

 

«Հայ կինը պատմության մեջ հայտնի է իր նվիրյալ գործունեությամբ, և հայ թագուհիներն աշխարհում առաջիններից էին, ովքեր նպաստեցին քրիստոնեության տարածմանը: Մեծ էր հայ կնոջ դերը նաև 1915թ., երբ նա ցուցաբերեց բացառիկ տոկունություն և աշխարհի տարբեր ծայրերում կարողացավ պահել ու պահպանել հայ ընտանիքը», –  համաժողովի բացման  ժամանակ ասաց Սփյուռքի նախարար և ՀԿՄԸ (AIWA) հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հրանուշ Հակոբյանը, հատկապես շեշտադրելով այն փաստը, որ  համաժողովը գումարվել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին:  Դրա հետ կապված նա  համաժողովի մասնակիցներին երեք խնդրանք և ուղերձ ուներ :« Հայ կանայք պետք է ամեն գնով պահպանեն հայերեն լեզուն, հայկական անուն-ազգանունները, հայի տեսակը և շատ զավակներ ունենան»:

 

Համաժողովի նախապատրաստման աշխատանքներում մեծ ներդրում էր  ունեցել ՀԿՄԸ Լոս Անջելեսի մասնաճյուղի ատենապետ Սիլվա Քաջիկյանը,ով WomenNet-ի հետ զրույցում նշեց,որ իրենց  կազմակերպության  նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել կանանց, ովքեր հանդիսանում են գիտելիքի, փորձի, ուժի, տաղանդի մարմնացում:Եվ  ստեղծել մի հարթակ, որպեսզի նրանք իրենց գործունեությունը կարողանան համահավասար  գործունեություն ծավալել:

 

Լոս-Անջելեսից ժամանած  ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանն  էլ WomenNet-ի հետ զրույցում  նշեց,որ նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս Հայաստանում ապրող հայ կանանց ցույց տալ իրենց ներուժը:

 

« Իհարկե մեծ տարբերություն կա քսան տարի  առաջ ու հիմա:Բայց մենք դեռևս չենք հասել այնտեղ ,որ հայ կինը ցույց տա իր ամբողջ ներուժը:  Ի տարբերություն Հայաստանի Սփյուռքում հայ կանայք ավելի արժեվորված ու  գնահատված  են  թե’ համայնքում,թե’ քաղաքական դաշտում: Իսկ հայ  կանանց ներդրումը շատ կարևոր է  մեր երկրի կայացման գործում ,թե’ տնտեսական,թե’ քաղաքական  և թե’ մշակութային ոլորտներում:Հետևաբար հայ կնոջը պետք է պարզապես  հնարավորություն ընձեռել իր ամբողջ ներուժը ցույց տալու համար», -ասաց Ռուբինա Փիրումյանը:

 

Համաժողովի մասնակիցները այցելեցին նաև  Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին  անմեղ զոհերի հուշակոթողին, որից հետո Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում  նրանց համար «Կանանց և Հայոց Ցեղասպանության մասին նոր տեսակետներ» թեմայով զեկուցում կարդաց  թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Համաժողովի մասնակիցներին ընդունեց նաև  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:  Համաժողովի մասնակիցները մասնակցեցին  նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը  և այլ մշակութային միջոցառումներին:

 

Հիշեցնենք, որ Հայ կանանց միջազգային ընկերակցությունը (AIWA)հիմնադրվել է 1990 թ. բոստոնաբնակ երեք հայ կանանց` Եվա Մեծորյանի, Բարբառա Մեռգուերյանի և Օլգա Պրուդյանի կողմից: Այսօր աշխարհի տարբեր երկրներում անդամներ ունեցող կազմակերպությունը կազմակերպում է միջոցառումներ և կլոր սեղաններ՝ նվիրված կրթությանը, բիզնեսին, հասարակական խնդիրներին և մշակույթին, ինչպես նաև սատարում է հայ երիտասարդ կանանց լավագույն կրթություն ստանալուն:

 

                                                   Արմինե  Գևորգյան

Դիտումների քանակը` 2594

Վերադառնալ վերև