Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արփինե Հովհաննիսյան. «Ավանդականը դա սիրո, վստահության և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի»…

Ընտանեկան բռնության  կանխարգելման մասին օրենքի առաջնային նպատակը բռնության ենթարկվածներին պաշտպանելն է և հնարավորության դեպքում ընտանիքում համերաշխությունը վերականգնելն է: Այս մասին WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

 

-Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր դիրքորոշումը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց  պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

 

-Ես  կարևորում եմ նախագծով առաջարկվող կարգավորումները, քանի որ դրանք առաջարկում են համակարգված լուծումներ ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության համար:

 

 

Օրինագծի  հանդեպ առկա է  բավականին լուրջ դիմադրություն,  այդ թվում նաև Հանրապետական կուսակցության ներսում:  Ձեր կարծիքով,  ի՞նչ  է  ընկած  դրա հիմքում և արդյոք  հնչեցվող  մտահոգությունները  կարո՞ղ են պատճառ  հանդիսանալ օրենքը չընդունելու համար:

 

-Կարծում եմ, որ դիմադրության հիմնական պատճառը օրենքում որոշ հասկացությունների տարակարծիք մեկնաբանումն է ու տարընկալումը, որոնք էլ առաջացրել են մի շարք մտահոգություններ: Ես նույնպես ունեցել եմ մտահոգություններ և մի շարք առաջարկություններ եմ ներկայացրել: Ներկայումս նախագիծը  լրամշակվում է, և լիահույս եմ, որ խորհրդարան կներկայացվի այնպիսի նախագիծ, որը կփարատի առկա մտահոգությունները:

 

-Ձեր գործընկերները նշում են, որ օրենքն ունի վիճահարույց դրույթներ,  մասնավորապես, նշում են հոգեբանական և տնտեսական  բռնությունը կամ  երեխաներին  ընտանիքից հեռացնելու վտանգը և այլն:  Ձեր կարծիքով՝  նշված  դրույթներն  իսկապես խնդրահարո՞ւյց են:

 

-Իրավական տեսանկյունից, ինչպես արդեն նշեցի, տարընկալման տեղիք տվող դրույթները, հասկացությունները խմբագրվում են։ Ինչ վերաբերում է երեխաներին ընտանիքից հեռացնելու վտանգին, ապա այս օրենքը նման կարգավորում չի պարունակում։  Հակառակը՝ օրենքը, որպես սկզբունք, նախատեսում է երեխայի շահերի առաջնահերթությունը և որևիցե կերպ ուղղված չէ երեխաներին ընտանիքից հեռացնելուն: Ավելին. դեռևս 2004 թվականին ընդունված Ընտանեկան օրենսգրքով նախատեսվում են կարգավորումներ ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ, այսինքն՝ ձեր կողմից նշված հարցը կարգավորվում է 13 տարի առաջ ընդունված օրենքով:

 

-Հաճախ հնչեցվող մտահոգություններից մեկն էլ այն է, որ, իբր,  այս  օրենքով  փորձ է արվում  ներխուժել հայ ավանդական ընտանիք` քայքայելով այն:  Մինչդեռ պարզ չէ,  ի՞նչ ենք հասկանում հայկական ավանդական ընտանիք ասելով և արդյոք մեր հասարակության պատկերացումներում բռնությունն  ավանդական արժեքների մաս է կազմու՞մ: 

 

-Ես մեկ անգամ արդեն ասել եմ, նորից կասեմ, որ ինքս չեմ կարող տալ ավանդական հայկական ընտանիքի միասնական բանաձևում։ Յուրաքանչյուրն ինքն ունի ավանդական հայկական ընտանիք հասկացության բանաձևումը։ Իմ պատկերացմամբ, դա սիրո, վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի։

 

-Ի՞նչ  սպասելիքներ  ունեք այս օրինագծի  ընդունումից հետո: Ի՞նչ չափով  օրենքը կկարողանա փոխել հասարակական կարծիքը, թե շարունակելու ենք արդարացնել բռնությունը ընտանիքում, իսկ  տուժածները վախենալով կամ  ամաչելով  հասարակական կարծիքից,  կշարունակեն  խնդրի մասին չբարձրաձայնել:

 

-Չեմ կարծում, որ օրենքի առաջնային նպատակը հասարակական կարծիքը փոխելն է։ Այս օրենքի նպատակն է պաշտպանել բռնության ենթարկվածներին, հնարավորության առկայության դեպքում վերականագնել համերաշխությունը ընտանիքում և կանխարգելել հետագա բռնությունները։ Օրենքում առկա կարգավորումները գործուն մեխանիզմներ են, և բռնության ենթարկված անձինք կկարողանան առանց վախենալու ապավինել այդ պաշտպանական միջոցներին։

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 364

Վերադառնալ վերև