Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արուսյակ Այվազյան. «Մարդիկ ինձ հետ հույսեր են կապել, իսկ ինձ մնում է միայն դրանք արդարացնել»

Հոկտեմբերի 2-ին Գառնիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է «Գառնի» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Այվազյանը, ով վերջին ամիսներին ճանաչում ձեռք բերեց ոչ միայն իր հայրենի Գառնիում, այլև ողջ  հանրապետությունում՝ Ազատ գետի հունի փոփոխման դեմ բողոքի ակցիաներով , որոնց արդյունքում  Գառնի համայնքը հաղթեց եւ փրկեց Ազատ գետը:  WomenNet.am -ի հետ զրույցում տիկին  Արուսյակը  նշեց, որ իր առաջադրվելը համայնքի բնակիչների պահանջն էր, որոնց ոգևորել է  իրենց  միասնական պայքարի  հաջողությունը.

 

«Գուցե այդ հաջողություն էր  պատճառը, գուցե նաև իմ աշխատանքային տարիները… ժողովուրդը տեսավ, որ համայնքանպաստ գործ եմ անում, ոչ թե անձնական հարցեր լուծում ու թերևս այդ պատճառով նման պահանջ իմ առջև քաշեցին: Ես էլ կփորձեմ չհիասթափեցնել նրանց սօասելիքները  և ընտրվելու դեպքում համայնքի համար ավելի շատ գործեր կանեմ»,- ասաց նա:

 

Նախկինում Արուսյակ Այվազյանը տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված չի եղել, սա առաջին փորձն է, բայց  համոզված է,  եթե համայնքի բնակիչները իր առջև նման պահանջ դրեցին, ապա և կընտրեն, այնպես որ հաղթելու շանսերը բարձր է գնահատում: Ընտանիքն էլ դեմ չէ, հակառակը՝ ամեն կերպ աջակցում ու ոգևորում է առաջիկա ընտրապայքարում իր խոսքն ասելու  վստահություն ներշնչում:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես եղավ, որ համայնքը  պատրաստ է կին ղեկավար ունենալուն, տիկին Այվազյանն ասաց, որ երբևէ այս ուղղությամբ չի մտածել  ու իրեն որպես կնոջ խտրական վերաբերմունք չի զգացել.

 

«Կարծում եմ, իրենց համար տարբերություն չկա՝ կին, թե տղամարդ, կարևորը համայնքապետը կարողանա իր լիազորությունները կատարել և հանրօգուտ աշխատանք տանել: Ի վերջո, բոլորը հավասար իրավունքներով են ծնվում և նշանակություն չունի սեռը, կարևորը լավ ղեկավարելու ունակությունն է: Եվ ես համոզված եմ, որ ընտրվելու դեպքում իմ ձայնը լսելի կլինի գործադիրում ու ՏԻՄ-երում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցը իրեն շատ են տալիս, ասում են  որ բողոքի ակցիաներից հետո վերեւներում  իրեն   դժվար թե  հանդուրժեն համայնքի ղեկավարի պաշտոնում: Բայց Արուսյակ Այվազյանն  չի կարծում, թե նման խնդիր կա.

«Տեղի ունեցած դեպքերը ես որպես կոնֆլիկտ չեմ դիտում, մենք  քաղաքական  շահեր չենք հետապնդել, այլ հայրենիքի շահի  համար ենք պայքար տարել: Կառավարությունն էլ հասկացավ, որ չի կարելի ոչնչացնել բնաշխարհը: Այնպես որ չեմ կարծում, որ ինձ կխոչընդոտեն այդ ամենի պատճառով»,- շեշտեց նա:

 

Ընտրվելու դեպքում առաջին խնդիրը  համայնքի խմելու ջրի հարցն է լինելու, հետո  հիվանադանոցի եւ որոգման խնդիրներն են առաջնային: Ասում է,  մարդիկ պետք է համոզված լինեն, որ համայնքի բյուջե մտած դրամը՝ մինչև վերջին լուման, իրենց  կծառայի: Նաեւ փորձելու է ապահովել համայնքի բնակիչների  մասնակցությունը  որոշումների կայացմանը, դրա անհրաժեշտությունը նա Ազատ գետի համար մղվող պայքարում է զգացել եւ ընտրվելու դեպքում նույնպես  առաջնահերթությունների թվում է դիտարկում.

 

« Ուզում եմ նաեւ, որ մեր համայնքում ապրող յուրաքանչյուր մարդ հասկանա, որ ինքը կայացված որոշումների հետևանքները կրողը չէ, ինքը կարող է և պետք է մասնակիցը դառնա իր համայնքի կայնքին վերբերող  որոշումների կայացմանը: Մարդիկ ինձ հետ հույսեր են կապել, իսկ ինձ մնում է միայն  փորձել դրանք արդարացվնել»,- ասում է տիկին Արուսյակը:

 

Նշենք, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող  թեկնածուները չորսն են՝ գործող գյուղապետ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանը, ՀՀԿ-ական Ահարոն Սահակյանը, ՀՅԴ-ական Տիգրան Կարապետյանը և անկուսակցական Արուսյակ Այվազյանը։

 

Լիա Խոջոյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

Գառնին փրկող կանայք. Արուսյակ և Սառա

Դիտումների քանակը` 1838

Վերադառնալ վերև