Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արուսյակ Ջուլհակյան. «Այս ընտրությունները դիտարկում եմ որպես հեղափոխության շարունակություն»

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների շարքում շատ են երիտասարդները, ովքեր քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ մասնակցության փորձառություն ունեն: Նրանցից է նաև Արուսյակ Ջուլհակյանը, ով խոստովանում է՝ 2003 թվականից ժամանակի մեծ մասը փողոցային պայքարին է նվիրել:

 

 

Ավարտելով Հայաստանի ճարտարագիտական համալսարանի «Պետական և մունիցիպալ կառավարում» ֆակուլտետը, Արուսյակն արագ հասկացավ, որ իրեն ավելի շատ հետաքրքիր են մարդու իրավունքների հիմնահարցերը: Հենց այս մասնագիտացման մեջ խորամուխ լինելու նպատակով էլ Արուսյակը մեկնեց Լեհաստան՝ կրթությունը շարունակելու: Շահելով Կիրկլանդի անվան կրթաթոշակ, Արուսյակն ընդունվեց Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

 

 

Կրթությունն ավարտելուց հետո` վերադարձավ Հայաստան: Քիչ ժամանակ անց հրավեր ստացավ հարազատ բուհից` արդեն որպես դասախոս ներգրավվելու համալսարանի գործունեության մեջ: Ութ տարի դասավանդելով Հայաստանի ճարտարագիտական համալսարանում` Արուսյակը փորձել է իր ուսանողներին փոխանցել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև` սեփական իրավունքների, արժանապատվության համար պայքարի կարևորության գաղափարը: Հենց այս մոտեցումն էլ, ըստ նրա, անընդունելի է եղել բուհի ղեկավարության կողմից: 2013 թվականին, քաղաքացիական պայքարի հերթական բուռն շրջանում, համալսարանի ղեկավարությունը որոշեց չերկարաձգել Արուսյակի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

 

 

«Ես հերթական անգամ ակտիվացել էի` նախագահական ընտրությունների ժամանակ: Դրանից հետո էլ ընդդիմադիր կուսակցության շարքերում առաջադրվել էի որպես ավագանու անդամի թեկնածու: Բուհի ղեկավարությունը բազմիցս նշել էր, որ իմ այդ գործելաոճն ընդունելի չէ իրենց համար: Ըստ էության, նրանք ինձ ուղղակի փաստի առաջ կանգնեցրեցին` չերկարացնելով պայմանագիրս: Ես համոզված եմ, որ դրա պատճառն իմ քաղաքացիական ակտիվությունն էր»,- ասում է Արուսյակը:

 

 

Դրանից հետո նա որոշեց իր իրավական գիտելիքներն առավել գործնական դաշտում ի ցույց դնել: Առաջին աշխատավայրը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» էր, որտեղ  աշխատում էր բազմաթիվ ծրագրերի վրա: Դրանցից ամենակարևորը վիրավորանքի և զրպարտության հիմքով լրագրողների և լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի վերլուծությունն էր: «Այս աշխատանքը շատ հետաքրքիր էր, որովհետև վիրավորանքի և զրպարտանքի մասին հոդվածների ապաքրեականացումից հետո այն վերածվեց ազատ խոսքի դեմ յուրօրինակ զենքի, երբ բիզնես կամ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները տուգանքների միջոցով փորձում էին լռեցնել կամ ընդհանրապես վերացնել լրատվամիջոցներին»,- պատմում է Արուսյակը:

 

 

Որոշ ժամանակ անց Արուսյակը ընդլայնեց գործունեության ոլորտը և լրջորեն զբաղվեց ընտրական իրավունքի հիմնահարցերով: Համագործակցելով «Քաղաքացի դիտորդ» ծրագրի հետ` դիտորդական առաքելություն է իրականացրել վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություննների, ինչպես նաև` սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Արդեն այս տարի մի քանի գործընկերների հետ Արուսյակը հիմնադրել է «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»: Այսօր հիմնադրամը փորձում է ուսումնասիրել հատկապես աշխատանքային իրավունքների ոլորտում տեղի ունեցող խախտումները:

 

 

Արուսյակը մասնակցել է 2003 թվականից ի վեր տեղի ունեցող գրեթե բոլոր քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններին, բայց քաղաքական պայքարի գլխավոր փորձառությունը համարում է 2008 թվականի նախագահական ընտրությունները և դրանց հաջորդած իրադարձությունները:

 

 

«Վերջին տարիներին քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, ակցիաների, շարժումների մեջ ինձ ամենաշատը բարկացնում էր այն հանգամանքը, որ իշխանությունները միտումնավոր կերպով պայքարը տանում էին ապաքաղաքական դաշտ: Այսինքն` գրեթե բոլոր ակցիաների ժամանակ հնչում էր` «սա քաղաքացիական շարժում է, ոչ թե քաղաքական» արտահայտությունը: Սա մեր ժողովրդին մոլորության տանելու լավագույն ձևն էր: Անընդհատ ասվում էր, որ այս կամ այն պայքարը քաղաքացիական է, սոցիալական, տնտեսական կամ էկոլոգիական, մինչդեռ Հայաստանում չի կարող լինել պայքար, որի լուծումը կախված չէ քաղաքական կամքի առկայությունից կամ բացակայությունից: Երբ որոշումը կայացնում է քաղաքական ամենալուրջ պաշտոնը զբաղեցնող մարդը, հարցը չի կարող ապաքաղաքական լինել»,- ասում է Արուսյակը:

 

 

Արուսյակը ցավով է նշում, որ նախորդ տարիներին Հայաստանի ժողովրդին ստիպել են մտածել, որ իրենց կարծիքը որոշիչ չէ, որ իրենք որևէ բան փոխելու կարողություն չունեն այս երկրում. «Այսօր` այս հանգրվանին հասնելու համար, չափազանց երկար ու դժվար ենք հասել, բայց ուրախ եմ, որ մարդիկ այսօր արդեն վստահ են, որ հենց իրենք են որոշողը: Գիտակցումը, որ մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր երկրի ներկան ու բարեկեցիկ ապագան, ամենակարևորն է, որ ձեռք բերեցինք հեղափոխության ընթացքում»,- ասում է նա:

 

 

Թեև «Իմ քայլը» դաշինքում ընդգրկվելու առաջարկը Արուսյակի համար կանխատեսելի չէր, բայց նաև չզարմացրեց նրան: Առաջարկը նրա համար բազմաթիվ տարիների պայքարի  ու նվիրվածության տրամաբանական շարունակությունն էր և հերթական հանգրվանը: Առաջարկն ընդունել է առանց երկմտելու. «Ինձ համար անգամ հարց չառաջացավ` ընդունե՞լ առաջարկը, թե ոչ, քանի որ ես շատ լավ հասկանում էի, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, և շատ ռևանշիստական ուժեր փորձելու են անել հնարավոր ամենը` իրենց դիրքերը վերականգնելու համար: Այս  ընտրությունները նաև այդ համատեքստում եմ դիտում` որպես հեղափոխության շարունակություն: Եվ, քանի որ, հեղափոխության ողջ ընթացքում ուժերիս ներածի չափով աջակցել եմ դրան, այսօր, այս փուլում հետ կանգնել չէի կարող»,- ասում է Արուսյակը:

 

 

Ընտրությունների նախաշեմին` «Իմ քայլը» դաշինքի հիմնական անելիքը խաղաղ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն է: Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի անհրաժեշտ լծակներ` ընտրությունների օրինականությունն ապահովելու համար, գոյություն ունի Կենտրոնական ընտրական հարձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնք նշանակված են նախորդ իշխանությունների կողմից, Արուսյակը մեծապես ապավինում է քաղաքացիների իրավագիտակցությանն ու հեղափոխության գաղափարների հաղթանակին:

 

Սոնա Մարտիրոսյան

 

 

  

Դիտումների քանակը` 395

Վերադառնալ վերև