Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ազգանուշ Խաչատրյան. «Հասարակության մեջ կնոջ դերը գնալով բարձրանում է»

Արարատի մարզի Դիտակ համայնքում հունիսի 9-ի  հերթական ընտրություններին գործող ավագանու անդամ  Ազգանուշ Խաչատրյանն  իր թեկնածությունը կրկին է առաջադրել: Ասում է , սեփական և նաև կին գործընկերների փորձով է համոզվել, ինչպես է շահում համայնքը կին ավագանի կամ այլ բնագավառներում կին ղեկավար ունենալով: Այնպես որ համոզված է,   կանանց մասնակցությունը քաղաքականության բոլոր մակարդակներում  պարտադիր է:

 

«Դիտակը արևառատ, բանջարաբոստանային կուլտուրաներով հարուստ գյուղ է, գիտենք՝ վիտամեններով հարուստ սնունդը որքան օգտակար է մարդկանց առողջության համար: Մեր գյուղում բնակլիմայական պայմաններն էլ բարենպաստ են, ուստի աշխատելու, արարելու համար համայնքին լավ կառավարիչ ու ավագանի է պետք, որպեսզի աշխատանքները ճիշտ հունով տարվեն, մարդիկ ցանկություն ունենան հայրենի գյուղում մնալու, աշխատելու ու ապրելու»,-ասում է Դիտակ համայնքի բնակիչ, համայնքի ավագանու անդամ Ազգանուշ Խաչատրյանը, ով արդեն երեսուն տարուց ավելի գյուղի բուժքույրն է: 

 

Տիկին Ազգանուշի խոսքով, Դիտակի համայնքապետը՝ Սուրեն Սրապոյանն աշխատող մարդ է, 2005 թվականից համայնքը ղեկավարում է և համայնքի համար կենսական նշանակության գործեր շատ է արել: Այդուհանդերձ համայնքը խնդիրներ ունի, որոնք էլ փորձում են ավագանու նիստերում բարձրացնել ու լուծումներ փնտրել:   

 

 

Գյուղի բուժքույրը, համայնքի բնակիչների հոգսերն էլ լավ է պատկերացնում: Աշխատանքի բերումով գյուղի բոլոր բնակիչների հետ է շփվում:

 

 

Երկարամյա փորձով համոզվել է՝ երեխաների դաստիարակության, զարգացման, ընտանիքի բարեկեցության հարցերում կինն ավելի ճիշտ որոշումներ է կայացնում: Այս հանգամանքը տիկին Ազգանուշին շատ է ոգևորում: Ասում է՝ ուրախ է, որ իրենց համայնքում սպասվող առաջիկա ընտրություններում որպես ավագանու թեկնածուներ, ավելի շատ կանայք են առաջադրվել: Տիկին Ազգանուշը նկատում  է, որ հասարակության մեջ  կնոջ դերը գնալով բարձրանում է,  ինչը  խիստ դրական է:

 

 

Ավագանու նիստերում գյուղամիջյան ճանապարհները բարեկարգելու հարցից սկսած, մանկապարտեզի գործարկման, մշակույթի պալատի վերանորոգման, գյուղի փողոցների լուսավորության հարցերով վերջացրած, քննարկում են: Ազգանուշ Խաչատրյանի խոսքով, լուսավորության հարցն արդեն լուծվել է, ճանապարհները խճապատելու որոշումն էլ արդեն կա, շուտով աշխատանքները կսկսվեն:

 

 

Տիկին Ազգանուշը ծնվել է Արարատի  մարզի Արևշատ գյուղում՝ 1955 թվականին: Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը: 37 տարի է՝ բուժքույր է: Ամուսնացել և տեղափոխվել է Դիտակ գյուղ: Ազգանուշ Խաչատրյանի երկու երեխաներն էլ հանրապետությունում չեն: Ասում է՝ համայնքի ավագանու աշխատանքը մեծ եռանդով է անում՝ հույս ունենալով, որ զավակները և գյուղից հեռացած մյուս ընտանիքները մի օր կվերադառնան ու կապրեն հայրենի գյուղում:

 


Գյուղի ավագանու կին անդամները բիզնես-պլաններ էլ ունեն. Մտմտում են ծրագրեր հայթայթել, որոնք կաջակցեն երիտասարդ գյուղատնտեսներին սեփական բիզնեսը հիմնել: Տիկին Ազգանուշը համոզված է, որ գյուղում վերջերս հիմնադրված երիտասարդ այգիները բերքի առատ աղբյուր են լինելու, և չրանոցների գործարկումն այստեղ անհրաժեշտություն է լինելու: Արարատ լեռան լանջին փռված Դիտակը նաև գյուղական տուրիզմի տեսանկյունից կարող է գրավիչ լինել, հատկապես, որ գյուղի գրեթե բոլոր անկյուններից լեռն իր ողջ վեհությամբ երևում է:

 

 

Լուսինե Կարապետյան    

 

Դիտումների քանակը` 253

Վերադառնալ վերև