Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

Ծրագրից ընդամենը 200 մայր կարող է օգտվել, իսկ թե ինչպես են նրանք ընտրվելու դեռ պարզ չէ…

 

Ազգային Ժողովն դեկտեմբերի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով պետությունը փորձում է  մինչև  2 տարեկան երեխաներ ունեցող կանանց համար աշխատանքի շուկա վերադառնալու  հնարավորություններ ստեղծել: Նախագիծը հայտնի դարձավ  հանրությանը որպես «դայակների ծրագիր», քանի որ  դրանով  պետությունն առաջարկում է համավճարի սկզբունքով փոխհատուցել մայրերին մինչև երկու տարեկան երեխայի դայակի աշխատավարձը` ամսական վճարելով մինչև 55 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում 11 անգամ, քանի որ աշխատողին մեկ ամիս արձակուրդ է հասնում:

 

Ծրագրի  ներկայացման առաջին օրվանից մինչև նախագծի երկրորդ ընթերցում ի հայտ եկած  մանրամասները զգալիորեն պակասեցրեցին էյֆորիան «դայակ պետության հաշվին» գաղափարի նկատմամբ:  Պարզվեց, որ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Սովորական հաշվարկները ցույց տվեցին, որ պետության փոխհատուցած 55 հազար  դրամից կեսից ավելին աշխատող կինը կվճարի  հարկի տեսքով, քանի որ պայմանագիր կնքելով դայակի հետ կպարտավորվի որպես գործատու վճարել պետությանը նրա եկամտարկը: Ակնհայտ է նաև , որ եթե աշխատող մայրը  միջինից ցածր աշխատավարձ է ստանում, ապա նրա եկամուտը միևնույն է չի հերիքի  դայակ վարձելու, թեկուզ պետության մասնակի մասնակցությամբ, և մայրերի այս կատեգորիայի համար ավելի արդիական է մսուրների առկայությունը:  Դրա հետ մեկտեղ  միանշանակ չէ, որ ծրագիրը կմոտիվացնի միջին աշխատավարձ ստացող  երիտասարդ կնոջը վերադառնալ աշխատանքի, քանի որ դայակի հարկերը վճարելուց հետո նրան շատ չնչին գումար է մնում ստացված փոխհատուցումից… Պատահական չէ, որ նախագծի առաջին ենթերցմամբ քննարկելու ժամանակ  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց. «Ուզում եմ հասկանալ՝ մեր առաջնային մտահոգությունը ո՞րն է՝ դայակներին հարկե՞լը, թե մայրերին օգնելը»… Ու թեպետ  նախարարը հավաստիացրեց, որ պետությունը   նպատակ է դնում աջակցել երիտասարդ մայրերին,  հետագայում պարզվեց, որ աջակցություն ստացողների թիվը սահմանափակ կլինի …    

 

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկելու  ժամանակ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ այն հիմնական հարցերին, որ առաջ էին եկել նախագծի առաջին ընթերցումից հետո և որոշակիորեն պարզաբանեց ակնկալիքները, որ մայրերը կարող են ունենալ պետության կողմից տրվող  աջակցությունից: Եվ առաջինը, ինչ հայտարարեց դա այն էր, որ  բոլոր մայրերը չէ, որ կկարողանան օգտվել ընձեռվող այս հնարավորությունից: Պարզվեց, որ սկզբնական փուլում պետությունը պատրաստ է հոգալ միայն 200 կանանց դայակների աշխատավարձի մի մասը` այն պայմանով, որ կանայք կվերադառնան աշխատանքի: Ընդ որում` պետությունը ծրագրի մեկնարկի համար արդեն իսկ պատրաստ է հատկացնել 121 մլն դրամ: Մինչդեռ մեխանիզմները, որ առնչվում են այս անչափ կարևոր գաղափարի կյանքի կոչմանը, դեռևս հստակեցված չեն:

 

 

«Ելք»  խմբակցության անդամ Լենա Նազարյանը նախարարից հետաքրքրվեց, թե պետությունը, ի վերջո, դայակի աշխատավարձի որքանն է պատրաստ փոխհատուցել` 50, թե 70%-ը: Նա մատնանշեց 2018 թվականի պետական բյուջեի բացատրագիրը, որում գրված է, որ պետությունը կփոխհատուցի դայակի 70 % վարձավճարը: Մինչդեռ նախագծի առաջին ընթերցման ժամանակ նախարարը, հիշեցրեց պատգամավորը, խոսել  էր 50% փոխհատուցման մասին: Նախարար Ասատրյանի խոսքով, այս հարցը դեռ լուծում կստանա կառավարության կարգավորումների կողմից, թեև դա այնքան էլ կարևոր չէ, քանզի գոյություն ունի շեմ` ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն ոչ ավելի քան   55 հազար դրամ. «Ամեն դեպքում, կարծում եմ դա կկազմի 70%-ը,  հենց դա է մեր մոտեցումը, որ դրվել է բյուջեի նախագծում»,- ասաց նա:

 

 

Երկրորդ հարցը, որ բարձրաձայնեց Լենա Նազարյանը, առնչվում էր շահառուների թվին: Նույն բացատրագրում նշված է, որ շահառու կարող է դառնալ միայն 200 անձ, ինչը նշանակում է, որ ծրագիրը չի կարող ընդգրկել  բոլոր ցանկացողներին: Այդ դեպքում ի՞նչ չափանիշներով են ընտրվելու շահառուները: Դա էլ պարզվեց հստակեցված չէ. «Թե ի՞նչ չափորոշիչներով կլինի հաշվառումը ևս կամրագրվի կառավարության որոշման մեջ, քանի որ սա փորձնական ծրագիր է և կարող են որոշ մոտեցումներ, որ ամրագրվել են, հետագայում լրացուցիչ լրամշակվեն և փոփոխվեն»,- արձագանքեց նախարարը:

 

 

 Արդյոք դայակները լիցենզիա պետք է ունենան: Արտեմ Ասատրյանի խոսքով` այս պահին այդ հարցը դրված չէ և լիցենզիայի պահանջ ներկայացված չէ: Իսկ ահա այս ծրագրի մասով թերևս ամենակարևոր հարցը, որ հետաքրքրում է թե’ ծնողներին, թե’ դայակներին` ո՞վ է վճարելու հարկերը, դայակը, թե ծնող-գործատուն, Արտեմ Ասատրյանը հիշեցրեց ՀՀ օրենսդրությունը, համաձայն որի հարկերը վճարում է գործատուն. «Եկամտային հարկի մասին» օրենքով հարկերը վճարում է գործատուն, իսկ տվյալ դեպքում գործ ունենք անհատ ֆիզիկական անձ-գործատուի հետ»,-պարզաբանեց նախարարը:

 

 

ԱԺ-ում այց հարցուպատասխանից հետո պատգամավոր  Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան  էջում գրառում կատարեց, նշելով, որ , իր տպավորությամբ,   պետությունը դայակների վարձավճարի մասնակի փոխհատուցման ծրագրով առաջին հերթին փորձում է ավելացնել հարկերի հավաքագրումը՝ մայրերին աշխատանքի ուղարկելու միջոցով. «Շատ պարզ հաշվարկ է. պետությունն աշխատանքի գնացած մորն այլևս չի վճարում 18.000 դրամը, դայակի հարկերի միջոցով ետ է ստանում տրված փոխհատցման մի մասը և դրանց գումարում է նաև ծնողի աշխատանքի արդյունքում գոյացած հարկերը: Ստացվում է, որ այս գործարքով առավելապես շահում է պետությունը, իսկ փոխհատուցման գումարի չափը հիմա կամ ժամանակի ընթացքում չավելանալու դեպքում, այս ծրագիրը չի կարող ծառայել իր՝ ներկայացված նպատակին, այն է`  սոցիալապես օգնել աշխատող մորը»:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 

Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 

Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 

Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 

Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 

Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 

Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 

Դիտումների քանակը` 312

Վերադառնալ վերև