Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Միշել Բաչելետ. Ղարաբաղում շարունակվող գնդակոծությունները կարող են ռազմական հանցագործություն գնահատվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարություն է տարածել` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ու դրա շուրջ գտնվող բնակավայրերի գնդակոծությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին:

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը  խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում բնակավայրերի թիրախավորման և միջազգային իրավունքին հակասող միջոցներով գրոհների շարունակման կապակցությամբ:

 

Բաչելետի փոխանցմամբ, այդ գրոհներին բնորոշ են պատերազմի հանցագործության նշաններ:

 

«Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր միջազգային կառույցների ներկայացուցիչներն, այդ թվում` անձամբ ես, կողմերին բազմիցս կոչ են արել իրագործել անհրաժեշտ միջոցները և հնարավորինս նվազեցնել խաղաղ բնակիչների շրջանում կորուստները և բացառել հարվածները քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ դպրոցների ու հիվանդանոցների վրա»,- ասել է Բաչելետը:

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի փոխանցմամբ, չնայած այդ հորդորներին՝ բնակավայրերում ավերվել են տներ, իսկ մարդիկ ստիպված են ապաստանել նկուղներում: «Տարբերակման կամ համաչափության սկզբունքների բացակայությամբ իրականացվող հարձակումը կարող է համարվել պատերազմի հանցագործություն»,- ասել է Միշել Բաչելետը:

 

Նրա խոսքով, հակամարտող կողմերը պարտավոր են հետաքննել այդ միջադեպերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հանցանքը կատարողներին և հանցավոր հրամաններն արձակողներին:

 

«Հակամարտության կողմերը պարտավոր են արդյունավետ, օպերատիվ, մանրակրկիտ ու անկողմնակալ հետաքննել նման խախտումները և դատական կարգով հետապնդում իրականացնել ենթադրյալ կատարողների նկատմամբ։ Նման հարձակումները պետք է դադարեցվեն, իսկ դրանք իրագործելու կամ հրամաններ տալու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն պատասխանատու անձինք», – ընդգծել է Բաչելետը։

 

Նա ակնկալում է, որ երկու կողմերն էլ իր աշխատակիցներին մարդասիրական հասանելիություն կտրամադրեն դեպի հակամարտության հետևանքով տուժած բոլոր շրջաններ, որպեսզի հնարավոր լինի մարդու իրավունքների ոլորտում իրադրության արդյունավետ մոնիտորինգ իրականացնել։ Նա լուրջ մտահոգություն է հայտնել առկա տեսանյութերի առնչությամբ, որոնք ներկայացնում են տալիս կատարվող ռազմական հանցագործությունները:

 

Գերագույն հանձնակատարն ուշադրություն է հրավիրել այն տեսագրության վրա, որտեղ կադրերում երևում է՝ ադրբեջանական զորքերի կողմից զինվորական համազգեստով երկու հայ գերեվարված անձանց մահապատիժը: Նա հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Կողմերը, նրա խոսքով,  պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, պահպանեն հումանիտար հրադադարը և ձեռնամուխ լինեն բանակցությունների՝ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ լուծում գտնելու նպատակով:

 

Աղբյուրը՝ UN News

 

 

 

Հ.Գ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հաղորդմամբ, ձեռք են բերվել և  հրապարակվել  օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ:

 

Մասնավորապես  հրապարակվել են տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Ավելի ուշ եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին:

 

Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.

 

1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,

2) այն պարունակում է քիմիական տարրեր,

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,

4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,

5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),

6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

 

Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով: Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

 

Դիտումների քանակը` 420

Վերադառնալ վերև