Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

Երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն անցյալ տարի առաջին անգամ աղջիկների ընդունելություն էր հայտարարել շատերի մոտ հետաքրքրություն առաջացավ, իսկ ովքեր են լինելու  այն աղջիկները, ովքեր հաղթահարելով մրցույթը կուսուցանեն այստեղ :   Մեդիամաքս  լրատվական  գործակալությունը «Վաշտի աղջիկները» հատուկ նախագծում ներկայացնում է զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած  աղջիկներին: Շարքի  բոլոր հերոսուհիներին  կարող եք ծանոթանալ   Մեդիամաքս –ի  կայքէջում  «Հատուկ նախագծեր» բաժնում: 

Արմինե Գրիգորյան.

«Երբեւէ չեմ պատրաստվում թիկունքում կանգնել եւ նայել, թե ինչ է կատարվում առաջնագծում »

 

Արմինե Գրիգորյանը 17 տարեկան է: Ծնվել է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում: Դեռ չորս տարի առաջ էր որոշել` ռազմական ինստիտուտում պետք է սովորի: Նախքան ընդունելությունը մասնակցել է ռազմամարզական մի շարք խաղերի, իսկ հանրապետական մրցումների ժամանակ առաջատար տեղեր է զբաղեցրել:

 

«Ծնողներս ի սկզբանե համաձայն էին, մայրիկս փոքրինչ կասկածներ ուներ, բայց հետո համակերպվեց: Ծնողներս ինձ աջակցեցին եւ քաջալերեցին, որ հասնեմ այստեղ»:

Մինչ ռազմական ինստիտուտ ընդունվելն Արմինեն արեւելյան մարտարվեստով է զբաղվել: «Սովոր էի, որ խմբում բոլորը տղաներ լինեին ու ես միակ աղջիկը: Կարծում եմ, դա եւս հող նախապատրաստեց այստեղ գալու համար»:

 

Արմինեն ընտրել է համազորային ճյուղը, հետագայում ցանկանում է հետախույզ դառնալ: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ թիկունքում իրեն չի պատկերացնում:

 

«Ես սահմանամերձ գյուղից եմ, ինչը եւս ազդել է մասնագիտությանս ընտրության վրա: Երբեւէ չեմ պատրաստվում թիկունքում կանգնել եւ նայել, թե ինչ է կատարվում առաջնագծում»:

 

Նյութը ամբողջությամբ այստեղ   

 

 Լուիզա Խլղաթյան.

««Ամեն մարդ իրենը պետք է գտնի»

 

Լուիզա Խլղաթյանը Երեւանից է: 20 տարեկան է: Հայրենասիրությունն ու  խառնվածքն են նրան բերել Ռազմական ինստիտուտ: Ցանկանում է հետախույզ դառնալ՝ «միշտ պատրաստ հայրենիքին ծառայելու»:

«Ամեն մարդ իր ճանապարհն ունի. սեռը չի կարող խոչընդոտ լինել ճիշտ ճանապարհը գտնելու համար: Կան շատ աղջիկներ, որոնք կարող են հրաշալի տիրապետել ռազմական գործին, սակայն բարդույթավորվում են»:

 

Նա ռազմական գործը հաճելի գործ է համարում: «Եթե գործդ չսիրես, քեզ մոտ ոչինչ չի ստացվիլավ հրամանատար չես կարող չլինել, բանակում ծաղր ու ծանակի առարկա կդառնաս»:


«Երբ ասացի, որ ուզում եմ Ռազմական ինստիտուտ ընդունվել, մայրիկս ասաց. «Ինչ լավ է, վերջապես որոշեցիր, ինչ ես ուզում դառնալ»: Ամեն մարդ իրենը պետք է գտնի այս կյանքում, պայմաններն ու դժվարությունները կապ չունեն, կարեւորը մեծ ցանկությունն ու աշխատասիրությունն է` այդ ցանկությունն իրականացնելու համար»:

 

 Նյութը ամբողջությամբ այստեղ  

Նաիրա Արշակյան.

« Սեռն ու տարիքը հայրենիքի պաշտպանության համար կարեւոր չեն» 

 

Նաիրա Արշակյանը ծնվել է Շիրակի մարզի Ցողամարգ համայնքում: 12-ամյա կրթությունից հետո որոշել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմել: Ընտանիքի անդամները կիսով չափ համաձայն, կիսով չափ դեմ են եղել նրա որոշմանը: Ասում է` հիմնականում հայրն է քաջալերել:

 

«Մայրս ու եղբայրներս չէին ուզում` պատճառաբանելով, որ աղջկա գործ չէ, եւ ինստիտուտում էլ գերակշիռ մասը տղաներ են: Բայց կարողացա համոզել նրանց: Մեծ եղբայրս էլ զինվորական է, ինքն էլ է ավարտել ռազմական ինստիտուտը»:

 

Նաիրան համամիտ չէ այն կարծիքի հետ, թե ռազմական գործն աղջկա համար չէ

 

«Եթե տղան կարող է լինել հայրենիքի պաշտպան, ինչո՞ւ պետք է մենք չկարողանանք: Կարեւորն ամուր ոգին է. սեռն ու տարիքը հայրենիքի պաշտպանության համար կարեւոր չեն»: 

 

Հաջողության լավագույն գրավականը Նաիրան մասնագիտության հանդեպ սերն է համարում: Նա մոտոհրաձիգի մասնագիտությունն է ընտրել: Պատրաստվում է մինչ կյանքի վերջին րոպեն ծառայել հայրենիքին: Ինստիտուտում դժվարությունների սկզբնական շրջանում է հանդիպել, իսկ մեկ շաբաթ անց, ինչպես ինքն է ասում, աղջիկները տղաների համար օրինակ են ծառայել:  «Եղել են տղաներ, որ շարքից հետ են մնացել, բայց մեզ տեսնելով՝ արագացրել են ընթացքն ու հասել մեզ»:

 

Նյութը ամբողջությամբ այստեղ  

 

Ռոզա Սիմոնյան.

« Կարծրատիպերը կոտրել սեփական փորձով »

 

Ռոզա Սիմոնյանը 19 տարեկան է, ծնվել է Շիրակի մարզի Կրաշեն գյուղում: Դեռ մեկ տարի առաջ ցանկանում էր դիմել Գյումրիի մանկավարժական ինստիտուտ, սակայն, տեղեկանալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում աղջիկների ընդունելության հնարավորության մասին, որոշել է այստեղ դիմել: Ռոզան ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունը:

 

«Սկզբում ընտանիքս դեմ էր: Մեծ ջանքեր պահանջվեց նրանց համոզելու համար»:  Ռազմական գործի հանդեպ սերը Ռոզայի մոտ մանկուց է: Մասնագիտության ընտրության հարցում մասամբ դեր է խաղացել նաեւ զինվորական բարեկամներ ունենալը: Մանկուց սիրել է ռազմական գործը, մշտապես հպարտացել զինվորականներով:

«Փորձելու եմ ջանք ու եռանդ չխնայել` լավ ծառայելու համար: Մեծ ցանկությամբ եմ եկել այստեղ, ինչը թույլ է տալիս հաղթահարել ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Եթե ունես նպատակ, այն քեզ ուղղորդում է ճիշտ ճանապարհով»:

 

Ռազմական կարգ ու կանոնից Ռոզան չի դժգոհում. նախապես գիտեր, թե իրեն ինչ է  սպասվում, իսկ ինստիտուտում արագորեն ընտելացել է:

 

«Շատերն ասում են՝ սա աղջկա մասնագիտություն չէ եւ մի շարք պատճառներ են նշում: Կարծում եմ՝ կարծրատիպերը կարող ենք կոտրել սեփական փորձով, եւ լավ ծառայության միջոցով՝ ապացուցելով, որ որեւէ խնդիր չկա, երբ աղջիկը զինվորական է դառնում»:

 

Նյութը ամբողջությամբ այստեղ  

 

 

Մարիամ Վարդանյան

«Երբեւէ ինձ այսքան աղջիկ չեմ զգացել, որքան այստեղ…» 

 

Մարիամ Վարդանյանը 17 տարեկան է: Ծնվել եւ մեծացել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Ռազմական ինստիտուտ ընդունվելու եւ զինվորական ծառայության անցնելու որոշումը Մարիամը կայացրել է «Նախնական զինվորական պատրաստություն» դպրոցական առարկան ուսանելու առաջին իսկ օրերից: 2011-ից մասնակցել է ռազմամարզական օլիմպիադաներին, որոնք ոլորտին սերտորեն ծանոթանալու լրացուցիչ խթան են հանդիսացել:

 

«Զինվորական գործի հանդեպ սերն ու հետաքրքրությունը գնալով մեծանում էր: Պետք է նշեմ, սակայն, որ ռազմական ինստիտուտից դուրս չկա այն խորին գիտակցումը, թե ինչ պատասխանատվություն է իր ուսերին կրում զինվորականը: Որքան էլ սիրես այս գործը, միեւնույն է, առանց համազգեստ կրելու՝ չես կարող լիարժեք զգալ դրա պատիվը, բարդությունն ու կարեւորությունը»: 

 

Մարիամի կարծիքով՝ զինվորական գործում սեռային տարբերությունը կարեւոր չէ. կարեւորը հայրենիքին զորակցելն է:   «Մասնագիտության ընտրությունը հայրենասիրությանս լավագույն դրսեւորումն եմ համարում»:

 

Մեր հերոսուհին ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունը: Կարծում է` հետագայում  կփոխի մասնագիտական ուղղվածությունը՝ դառնալով հետախույզ… Ռազմական գործում դժվարությունները շատ են: Սկսնակի համար հատկապես բարդ է  օրվա կարգացուցակին հարմարվելը:

 

«Երբ արդեն կրում ես համազգեստիդ տված պատասխանատվությունն ու պատիվը, դժվարությունները հօդս են ցնդում: Զինվորականի համար միջակություն գոյություն չունի. պետք է լինես լավագույնը: Ամեն անգամ նայելով հայելուն` հպարտությամբ եմ լցվում, հոգիս փառավորվում է անգամ անծանոթի ժպիտից. այն ստիպում է գիտակցել, որ նպատակիդ կայացման ճանապարհին ես»:

 

Մարիամն ու վաշտի մյուս կուրսանտ աղջիկները բնակվում են զորանոցից դուրս` առանձին կացարաններում: Օրն այստեղ միանգամայն տարբեր է քաղաքացիական կյանքից: Կուրսանտների ամեն մի վայրկյանը հաշվված է: Աղջիկներն օրը սկսում են վերկացով` առավոտյան ժամը 6:00-ին, որին հաջորդում են ֆիզիկական պատրաստվածությունը, դասերը, ինքնապատրաստությունը… Օրն ավարտվում է 22:30-ին` երեկոյան անվանականչից եւ զինվորական զբոսանքից հետո:

 

Եվ վերջում եւս մեկ դիտարկում Մարիամից.

 

«Միգուցե փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց երբեւէ ինձ այսքան աղջիկ չեմ զգացել, որքան ծառայության տարիներին: Այսքան տղաների մեջ յոթ աղջիկներս միանգամից աչքի ենք ընկնում, ինչը ստիպում է ավելի ցայտուն արտահայտել աղջկական կոռեկտությունն ու կոկիկությունը` այդպիսով դրական ազդեցություն գործելով նաեւ տղաների պահվածքի վրա»: 

 

 Նյութը ամբողջությամբ այստեղ  

 

Նյութերի հեղինակ ՝   Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

 

Սահմանային զորամասի կանայք

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

 

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

 

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

 

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

 

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

 

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

 

Մարիամի մեդալը

 

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

 

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

 

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

 

Նրան Ռեմբո էին ասում…

 

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

 

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

 

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 4917

Վերադառնալ վերև