Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բելառուս. հանուն ժողովրդավարության պայքարը կանացի դեմք ունի

ՄԱԿ-ի՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն արձանագրում է, որ Բելառուսում հանուն ժողովրդավարության պայքարը կանացի դեմք ունի։  Կազմակերպության փորձագետները նշում են, կանայք մասնակցում են բողոքի ակցիաներին,  ցուցաբերում են զարմանալի խիզախություն ու ոգու ուժ։ ՄԱԿ-ի իրավապաշտպաններն իրենց աջակցությունն են հայտնում  Բելառուսի կանանց, ովքեր համարձակ կերպով պաշտպանում են իրենց իրավունքները։

 

 

 Կանանց նկատմամբ խտրականության կոմիտեի փորձագետներն ընդգծում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կենտրոնական դեր են խաղում ամբողջ աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում։

 

 

«Բողոքի ակցիաների ժամանակ միմյանց ձեռք բռնող կանայք շատ կարևոր ու հզոր խորհրդանիշ են»,-ասված է իրավապաշտպանների տարածած հայտարարության  մեջ։

 

 

Ճերմակ հագած հազարավոր կանայք, ձեռքներին ծաղիկներ, դուրս են եկել մայրաքաղաք Մինսկի փողոցներ՝ ի նշան իրավապահների կողմից կիրառված ուժի դեմ բողոքի, ինչպես նաև արտահայտելու իրենց անհամաձայնությունը նախագահական ընտրությունների արդյունքների հետ։

 

 

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա վեցերորդ անգամ է ընտրվում Բելառուսի նախագահի պաշտոնում։ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած  վերջնական արդյունքների համաձայն, Ալեքսանդր Լուկաշենկոն ստանացել է քվեարկության մասնակիցների ձայների 80,1 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, ըստ պաշտոնական տեղեկատվության, քվեարկել է ընտրողների մոտ 10 տոկոսը։ Օգոստոսի 9-ից ի վեր այդ երկրում բողոքի ակցիաները չեն դադարում։

 

 

«Բելառուսում հանուն դեմոկրատիայի պայքարը կանացի դեմք ունի, այդ փաստն արդեն ճանաչում են շատերը»,-հայտարարել են Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի փորձագետները։

 

 

Նրանք միաժամանակ մտահոգություն և անհանգստություն են հայտնում ստացվող այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ կին ընդդիմադիրների նկատմամբ ուժայինների կողմից բռնություններ են կիրառվում։

 

 

«Կանայք ցուցաբերեցին անհավանական խիզախություն։ Օրինակ, 73-ամյա Նինա Բագինսկայան, որը դիմադրություն ցույց տվեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, երբ վերջինները բողոքի ցույցի ժամանակ նրանից խլեցին Բելառուսի ազգային դրոշը»,-նշել են փորձագետները։

 

 

Նրանք նաև նշում են, որ շատ կանայք, այդ թվում նաև լրագրողներ, ձերբակալվել են ցույցերի ժամանակ։ Նրանցից ոմանք պատմել են, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել, իրենց ծեծել են և նույնիսկ բռնաբարել։

 

 

Կոմիտեի  անդամներն ընդգծել են ազատ, ժողովրդավար ու ներառական ընտրական գործընթացների կարևորությունը, որոնց հիմքում ընկած է կանանց իրավունքների նկատմամբ հարգանքը։

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 323

Վերադառնալ վերև