Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կրկնակի աշխատանք, կրկնակի ջանասիրություն և կրկնակի ճկունություն». Աննա Կարապետյանի հաջողության բանաձևը

«Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ստացվեց, որ կարողացա հաջողության հասնել անշարժ գույքի շուկայում, մի ոլորտում, որն 95 %-ով կառավարվում է տղամարդկանց կողմից, ես պատասխանում եմ, որ երբեք ինձ առավել պակաս չեմ համարել ո՛չ կին լինելուս համար, ո՛չ տարիքիս: Ես միշտ իմացել եմ, որ պետք է լինեմ ավելի խելացի, ավելի պատրաստված, ավելի կիրթ, ավելի ճկուն, քան բոլոր այն տղամարդիկ, ում հետ աշխատել եմ: Բիզնեսում կնոջ համար հաջողության այլ բանաձև չկա, քան կրկնակի աշխատանքը, կրկնակի ջանասիրությունը և կրկնակի ճկունությունը: Ուզում եք հաջողակ լինել՝ աշխատեք ձեզ վրա»:

 

Այսպես  «Կանայք աշխատաշուկայում. հաջողության բանաձև» խորագրով քննարկման ժամանակ սկսեց իր խոսքը ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը, ում հիմնած և ղեկավարած Anna Kara Loans, Inc հիպոթեքային ընկերությունն ընդգրկված է Գլենդելի 3 առաջատար գործակալությունների ցանկում, իսկ տարեկան տրանսակցիաների ծավալը կազմում է ավելի, քան 100 մլն ԱՄՆ դոլար:

Այսօր Աննա Կարապետյանը Հայաստանում է՝ իրագործելու իր կյանքի գլխավոր նախաձեռնություններից մեկը. Աննան նախաձեռնել է Anna Kara հիմնադրամի ստեղծումը, որի հիմնական նպատակը մանկատան շրջանավարտներին աջակցելն է.

 

«Շուրջ 10 տարի է, ինչ ընկերուհուս հետ աջակցում ենք Վանաձորի մանկատան շրջանավարտներին: Մեր նպատակը մշտապես եղել է ոչ թե մեկանգամյա օգնության կամ դրամական աջակցության իրականացումը, այլ մանկատների շրջանավարտների համար երկարաժամկետ աջակցության ծրագրերի իրականացումը: Մենք, ընդհանրապես, հավատում ենք, որ մեր բառապաշարից պետք է դուրս գա բարեգործություն բառը: Մենք պետք է օգնենք այս երիտասարդներին՝ պատրաստ լինել ապրել մանկատնից դուրս, հոգալ իրենց կենցաղային կարիքները, ջանալ և ձգտել կրթություն ստանալ, մասնագիտություն ձեռք բերել: Այլ կերպ ասած՝ մենք որևէ մեկին ձուկ չենք տալու. Մենք սովորեցնելու ենք ձուկ բռնել ինքնուրույն»,- ասում է Ա. Կարապետյանը:

 

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները գիտակցեն բիզնեսում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորությունը, իսկ պետությունը պետք է ուժեղացնի կամավորության ինստիտուտը, որը պատանիների համար ոչ միայն սոցիալական համակեցության, աշխատանքային հարաբերությունների յուրահատուկ մոդել է, այլև՝ կոլեկտիվ պատասխանատվության հրաշալի օրինակ:

 ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ հաջողության այսօրինակ պատմությունները ոչ միայն ոգեշնչում են, այլև նպաստում են կանանց տնտեսական և քաղաքական մասնակցության ավելացմանը, ընտանիքում և դրանից դուրս որոշումների կայացման գործընթացում առավել ակտիվ դրսևորմանը:

Anna Kara հիմնադրամի նախագծերը Հայաստանում համակարգող Էդգար Ամիրխանյանի հավաստմամբ՝ հիմնադրամի գործունեությունը, ըստ էության, նորություն չի լինելու. Այն դառնալու է Աննա Կարապետյանի նախորդ 8 տարիների գործունեության տրամաբանական շարունակությունը կամ ինստիտուցիոնալացումը.

 

«Մինչ այս մանկատան շրջանավարտների աջակցությանն ուղղված՝ Աննա Կարապետյանի գործունեությունն ակտիվորեն չի լուսաբանվել, սակայն այսօր ստեղծվել է հնարավորություն՝ կոտրելու կարծրատիպերը մանկատան սաների վերաբերյալ:  Մեր կողմից իրականացվող նախագծերի հիմքում լինելու է նախ և առաջ հենց մանկատան շրջանավարտների ցանկությունը՝ փոխել իրենց կյանքն ու նոր հմտություններ ձեռք բերել: Մենք լրջագույն ջանքեր ենք գործադրելու Հայաստանում օրենսդրական փոփոխությունների իրականացման ուղղությամբ, որոնցից առաջինը վերաբերելու է կամավորությանը: Մենք հավատում ենք, որ ապագան համայնքահեն, ներառական  հասարակությանն է և աշխատելու ցանկություն ունեցող քաղաքացունը»,- ասաց նա:

Երևանի ավագանու անդամ Գայանե Աբրահամյանը նշեց, որ իր համար զարմանալի և ուրախալի է նորաստեղծ հիմնադրամի գործունեության այս ուղղությունը, քանի որ գործունեության թիրախավորումը տարբերվում է բարեգործության ընդունված մոդելներից.

 

«Ես շատ ուրախ եմ, որ դուք ընտրել եք աջակցության և օգնության հենց այս ճանապարհը՝ մանկատան շրջանավարտներին առաջարկելով ոչ թե գումար կամ ապաստան, այլ՝ աջակցելով նրանց մասնագիտության ձեռքբերման, հմտանալու հարցում: Ես հույս ունեմ, որ նման նախաձեռնությունների միջոցով կկոտրվեն ոչ միայն կարծրատիպերը այս երեխաների նկատմամբ, այլև կփոխվեն օգնություն ասվածի մեր պատկերացումները: Մենք հաճախ չենք գիտակցում, որ օգնությամբ կարող ենք նաև վնասել դիմացինին»,- ասաց նա:

Քննարկման ավարտին Աննա Կարապետյանը կիսվեց ևս մեկ հաջողության պատմությամբ՝ այս անգամ Վանաձորի մանկատան շրջանավարտներից Նելլիի օրինակով.

 

«Նելլին ինձ համար լավ մարդու, լավ քաղաքացու օրինակ է: Հայտնվելով մանկատանը՝ նա հասկացել է, որ կյանքի դժվարություններն իրեն տրված են ոչ թե կոտրելու, այլ կոփելու համար: Այսօր Նելլիի նորաստեղծ ընտանիքը շատ ճիշտ ճանապարհ է ընտրել՝ կրթվել և մտածել ապագայի մասին: Նա չի զլանում օրական 4 ժամ անցկացնել ճանապարհներին՝ Երևան հասնելու և կրթություն ստանալու համար: Նա չի խուսափում նաև մանկատան մյուս շրջանավարտներին օգնելու հարցում: Այսպիսի երիտասարդները կոտրում են կարծրատիպը մանկատան երեխաների մասին՝ ցույց տալով կիրթ, հաջողակ, երջանիկ մարդու իրենց օրինակը»,- ասաց Աննա Կարապետյանը:

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 402

Վերադառնալ վերև