Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Covid-19-ի ճգնաժամը կարող է կանանց տասնամյակներ հետ տանել. Փորձագետներն անհագստացած են

Վերջին հիսուն տարիներին գենդերային հավասարության ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները կարող են  փոշիանալ, քանի դեռ կառավարությունների միջամտությունն ուշանում է։

 

 

The Guardian-ը գրում է, որ աշխարհը պատած կորոնավիրուսի համավարակը կարող է կործանարար լինել գենդերային հավասարության համար ու կանանց հետ տանել տասնամյակներով։ Սա արձանագրում են նաև փորձագետները Մեծ Բրիտանիայի խորհրդրանի կողմից  «Հավասար վճարման ակտ»-ի (Equal Pay Act) ընդունման 50-ամյակի նախօրեին։

 

 

Կանայք, զբաղված լինելով երեխաների խնամքով, տան մաքրության ու կենցաղային հարցերով, ավելի շատ աշխատատեղեր են կորցնում, քան տղամարդիկ։ Քաղաքական գործիչները, աշխատաշուկայի փորձագետները կանանց իրավունքների պաշտպանության ջատագովները նշում են նաև կառավարության կազմում կանանց ձայների նվազման ու դրա հնարավոր վտանգների մասին, որը կարող է հիսուն տարում ձեռք բերածը գլխիվայր շրջել։

 

 

Fawcett Society-ին Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպություն է, որը հետևողականորեն քարոզում է գենդարային հավասարություն ու  կանանց իրավունքների պաշտպանություն։ Կազմակերպության գործադիր տնօրեն Սամ Սմեթերսն այդ հետևանքներից խուսափելու համար կարևորում է կառավարությունների միջամտությունը։

 

 

«Մենք հիմա տեսնում ենք, որ ավելի շատ տղամարդիկ են վերադառնում իրենց աշխատանքին, և ավելի շատ կանայք են շարունակում մնալ տանը։ Մեզանից 20 տարի պահանջվեց աշխատաշուկայում կանանց մասնակցության ցուցանիշները բարձրացնելու  համար, բայց դակարող է քանդվել ամսում»,-նշել է նա The Guardianի հետ հարցազրույցում։

 

 

Համավարակը երկարաժամկետ հեռանկարում բացասական հետևանքներ է ունենալու թե աշխատաշուկայի, թե քաղաքականության, թե երեխայի խնամքի, թե աշխատավարձերի հավասարության, թե կանանց նկատմամբ բռնության հարցերում:

 

 

Կանայք՝ առաջնագծում ու ոտնահարվող իրավունքներով

 

Ֆիսկալ ուսումնասիրությունների ինստիտուտի  անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մայրերի  47 տոկոսը, առավել հավանական է, որ կկորցնեն կամ ստիպված կթողնեն աշխատանքը: Աղբյուրը նշում է, որ համավարկի օրերին երկու ճակատում՝ բուժօգնության ու մանրածախ առևտրում, որոնք առանջագիծ են համարվում, աշխատակիցների մեծ մասը կանայք են։

 

 

 «Կանայք այս ճգնաժամը դիմավորեցին խիստ անբարենպաստ պայմաններում։ Մենք անհանգստացած են կանանց վաստակելու վրա ունեցած ազդեցությամբ, որն իր հերթին բերելու է գենդերային անհավասարության մեծացմանն ու կանանց ու տղամարդկանց  աշխատավարձերի անհավասարության խորացմանը»,-ասել է Մեծ Բրիտանիայի Կանանց բյուջետային խմբի  հետազոտությունների և քաղաքականության ղեկավար դոկտոր Սառա Ռեյիսը։

 

 

Նրա խոսքով, կայուն աշխատանքի՝ առավել ճկուն ձևրին անցնելը թույլ կտա առավել հավասար խաղադաշտ ստեղծել աշխատող ծնողների համար։ «Անցյալին վերադարձ չկա, ջինը շշից դուրս է եկել»,-ասել է նա։

 

 

Համավարակի պայմաններում դժվար իրավիճակում են հայտնվել հղի բուժաշխատողները։ Մինչ նրանք կաշվից դուրս են գալիս, շատերը բողոքում են պառկած ու տանը նստած ձանձրանալուց։

 

 

«Մենք համավարկի ընթացքում տեսնում ենք հղի կանանց աշխատանքային իրավունքների կոպիտ ոտնահարումներ։ Եվ սա ավելի վատանալու, քան բարելավվելու միտում ունի»,-ահազանգում են մասնագետները։

 

 

 Առկա պայմաններում երեխաների խնամքի 97 տոկոսը բաժին է հասնում կանանց։ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի իրականացրած նոր հարցումների համաձայն, տղամարդիկ ամեն օր մեկ ժամ ավելի քիչ չվճարվող աշխատանք են կատարում, քան կանայք։

 

 

«Համավարակին կարելի է նայել նաև հակառակ տեսնակյունից։ Առաջին անգամ տանից աշխատելով՝ Covid-19-ը տղամարդկանց ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը, նրանք իրականում տեսան իրենց երեխաներին ու հասկացան, թե ինչ են կորցրել»,-ասել է «Կարմիր ափսե» խորհրդատվական ընկերության տնօրեն Սյուզի Լևը։

 

 

Համավարակով ստեղծված պայմաններում  անհանգստություն է հնչում, որ կառավարությունների վերին օղակներում կարող է կանանց ձայնը հնչել ավելի քիչ։

 

 

«Կանանց և հավասարությունների ընտրության» հանձնաժողովի ղեկավար Քարոլին Նոքսն այս առումով ընդգծում է, ճգնաժամային իրավիճակում կանանց առավել մեծ ներգրավման անհրաժեշտությունը։

 

 

Աշխատավարձերում առկա գենդերային բացը կարելի է լրացնել միայն 200 տարի անց

 

Ինչ վերաբերում է աշխատավարձի՝ սեռով պայմանավորված անհավասարությանը, ապա այս առումով էլ փորձագետներն անհանգստացած են ձևավորվող վերաբերմունքից։

 

 

«Կորոնավիրուսային ճգնաժամը հանգեցրեց այն բանին, որ կառավարությունն այս տարի ազատեց ընկերություններին աշխատավարձի վերաբերյալ գենդերային տվյալներ ներկայացնելու պարտադրանքից, և արդյունքում պահանջը ընկերությունների կեսը  կատարեց։ Գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքի անհանգստացնող նշան է»,-ասել է  Շառլոթ Վուդվորթը, ով հանուն գենդերային հավասարության արշավի ղեկավարն է։

 

 

Ըստ առկա տվյալների հիման վրա արված վերլուծության, աշխատավարձերում առկա գենդերային բացը կարելի է լրացնել միայն 200 տարի անց։

 

 

«Անկասկած, անհավասարության բեռն ընկնելու է կանանց ուսերին, ինչպես եղավ աշխատատեղերի կրճատման դեպքում։ Կրճատվածների 86 տոկոսը կանայք են։ Կա կուտակային էֆեկտ, որը հետևողականորեն հետ է մղում առաջընթացը»,-նշեկ է նա։

 

 

Համավարակով պայմանավորված ինքնամեկուսացումն առավել ցավալի հետևանքներ ունեցավ կանանց նկատմամբ բռնությունների առումով։ Ապրիլին Մեծ Բրիտանիայում ավելացել են բռնության վերաբերյալ ահազանգերը, իսկ աջակցության կենտրոններ այցելությունները շատացել են են տասն անգամ։ Կանանց նկատմամբ բռնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպություններն ընդգծում են՝ համավարակը կարող է նաև այս հարցում օգտակար լինել։

 

 

«Ընտանեկան բռնության վրա կենտրոնացումը կարող է դրական հետևանքներ ունենալ։ Դա օգնեց ավելի լավ հասկանալու, որ մենք բոլորս պարտավոր ենք միմյանց համար պատասխանատու լինել։ Սա կարող է լինել հզոր ժառանգություն», – ասել է «Վերջ կանանց նկատմամբ բռնություններին» կոալիցիայի ղեկավար Սարա Գրինը։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 398

Վերադառնալ վերև