Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

COVID-19. կին ղեկավարները լավագու՞յնն են ճգնաժամի պայմաններում

COVID-19-ի համավարակից շատ դասեր կարելի է քաղել, և դրանիցից մեկն էլ կարող է լինել այն մասին, թե ինչու կանայք պետք է մեծ թիվ կազմեն քաղաքական բարձրագույն պաշտոններում։

 

 

Կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարում լավ առումով բացառիկ են  Նոր Զելանդիան ու Գերմանիան, առաջինը կարողացավ գրեթե ամբողջությամբ ջարդել վիրուսին իրենց երկրներում մահվան առաջին իսկ դեպքի գրանցելուց հետո, իսկ երկրորդը՝ կարողացավ խուսափել այն վատ իրավիճակից, որն առկա է հարակից երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում ու Միացյալ Թագավորությունում։ Byline times պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ երկու երկրներն էլ՝ թե Նոր Զելանդիան, թե  Գերմանիան կին առաջնորդներ ունեն ՝ վարչապետ Ջասինդա Արդերնն  ու կանցլեր Անգելա Մերկելը:

 

 

 Ճգնաժամի հաղթահարումը Նոր Զելանդիայում որակվել է «վարպետության դաս» քաղաքական առաջնորդների համար։ Պրոֆեսոր Մայքլ Բեյքերը, ով աշխարհահռչակ համաճարակաբաններից մեկն է, Նոր Զելանդիան բնութագրում է որպես «արևմտյան միակ երկիր, որը վիրուսի վերացման նպատակ է ունեցել»: Մինչդեռ Մերկելին գովաբանում էին սպառնալիքի դեմ պայքարում հակատանկային «բազուկա» (bazooka) դուրս բերելու համար։

 

 

Անշուշտ բարդ ու բազմաշերտ են այն պատճառները, թե ինչու որոշ երկրներ կարողանում են վիրուսի դեմ պայքարում առավելության հասնել, բայց հետաքրքիր է նաև ուսումնասիրել, թե երկրների ղեկին կանգնած կին առաջնորդները  կամ հակառակը՝ նրանց բացակայությունն, ինչպիսի գործոն են հանդիսանում  ճգնաժամային իրավիճակից դուրս գալու կարողության առումով։

 

 

Արդյո՞ք Նոր Զելանդիան և Գերմանիան գերազանցում են իրենց հավասար այլ  երկրներին այն պատճառով, որ կին առաջնորդները ավելի քիչ քաղաքականացված են, ավելի վճռական են, ավելի շատ են վստահում որակավորված մասնագետներին, թե՞ որ նրանք ավելի սառնասիրտ պահված են ցուցաբերում   ճգնաժամի պայամաններում։

 

 

Այս հանելուկի լուծումը հնարավոր է գտնենք 2019-ին հրապարակված Harvard Business Review-ի ուսումնասիրության մեջ, ըստ որի, պարզել է, որ կանայք 19 հմտություններից 17-ում գերազանցում են տղամարդկանց։ Դրանք այն հմտություններն են, որոնք տարբերակում են գերազանց առաջնորդներին միջիններից կամ թույլերից։

 

 

Կանայք գերազանց են ստացել նախաձեռնողականության,  ճկուն գործելու, ինքնազարգացմամբ զբաղվելու, արդյունքներ գրանցելու, առավել մեծ ինտեգրում ու ազնվություն ցուցաբերելու հմտություններում։

 

 

Այնուամենայնիվ, կանայք աշխարհի առաջնորդների թվում 7%-ից էլ քիչ են, նրանք կազմում են քաղաքական գործիչների 24% -ը: Չի կարելի չհավատալ այն վարկածին, որ գենդերային այս բացը նպաստում է աշխարհում մի շարք խնդիրների առկայությանը, ինչպիսիք են աղքատությունը, անհամաչափ հարստությունը,  կլիմայական փոփոխությունը, սովն ու պատերազմը։

 

 

 

Նաև հետաքրքիր է, երբ խոսքը վերաբերում է սեփական աշխատանքը գնահատելուն, կանայք թերագնահատում են իրենց կարողությունները, տղամարդիկ՝ հակառակը, գերագնահատում են: Այլ կերպ ասած, տղամարդիկ կարծում են, որ իրենք առավել ունակ ու մրցակցային են, քան իրականում կան։ Սա էլ իր հերթին բերում է նրան, որ նրանք ավելի քիչ են դիմում ոլորտային փորձագետների օգնությանը, ավելի քիչ են ողջունում իրենց հետ չհամաձայնող կարծիքները, ավելի քիչ են բաց այն  ինֆորմացիայի համար, որը չի սատարում կամ հաստատում իրենց նախապաշարմունքներն ու հակումները։

 

 

Հոդվածագիրն այս առումով ուշադրություն է հրավիրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ չափից դուրս ինքնավստահությանը, այն որակելով «թունավոր տղամարդկություն»։

 

 

 

«Նա մտածում է, որ զինված ուժերի մասին ավելի շատ բան գիտի, քան գեներալները, տնտեսության մասին ավելի շատ բան գիտի, քան տնտեսագետները, գիտության մասին ավելին գիտի, քան գիտնականները, և ավելի շատ գիտի վարակիչ հիվանդությունների մասին, քան համաճարակաբանները։ Հենց սրանով գուցե կարելի է պատճառաբանել այն, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն են գրանցվել, իսկ մեկ մլն բնակչության թեստավորման ցուցանիշով այդ երկիրը աշխարհում 39-րդն է»,-նկատում է  աղբյուրը։

 

 

 

Այստեղ հիշատակվում է նաև չափից մեծ ինքնավստահությամբ Թրամփին գրեթե չզիջող  Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին, ով արդեն մի քանի օր գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հիշեցնենք, որ նրա մոտ հաստատվել էր կորոնոնավիրուսի առկայությունը։ Ջոսոնի մենեջմենթը համավարակի օրերին գնահատվում է աղետալի, տարածվող հաղորդագրությունները՝ երբեմն միմյանց հակասող ու շփոթեցնող։

 

 

 

Մինչդեռ, ըստ մասնագետների, Նոր Զելանդիայի վարչապետի մոտեցումը վիրուսի դեմ պայքարի գործում եղել է համակողմանի ու հստակ, նա իր կոչերում նշել է քաղաքացիներից  ակնկալվող գործողությունների իմաստն ու նպատակը, ինչպես օրինակ, «մնա տանը կյանք փրկելու համար»։

 

 

 

Գիտակցելով, թե ինչ մարտահրավերների կարող են հանդիպել մարդիկ՝ տանը մնալով,  ինչպսիք են օրինակ, ընտանիքների կազմաքանդումը, խաթարված աշխատանքային կյանքը, սիրելիներին այցելել չկարողանալը, թաղում չգնալը, նա խնդրում քաղաքացիների ներողամտությունն ու կարեկցանքն այն ամենի համար, ինչ խնդրում են անել նրանց։

 

 

 

Մասնագետները նաև ընդգծել Նոր Զելանդիայի վարչապետի ասուլիսը, որի ընթացքում հնչել է խնամքով պատրաստված ելույթ, ինչը հմուտ մոտեցման վառ օրինակ է, ապա նա պատասխանել է լրագրողներին՝ չխուսափելով հարցերից։

 

 

 

«Ես չեմ հավակնում ասել, որ միայն  կանանց կողմից ղեկավարվող աշխարհը կարող էր կանխել COVID-19-ի աղետը, բայց ես մի բան գիտեմ, մեր կողմից գրավված մոլորակն ավելի ապահով և ավելի լավ վայր կլիներ,  եթե չափից դուրս ինքնավստահ ու իրենց գերագնահատող տղամարդիկ քիչ լինեն, և այլն կլիներ ավելի վստահ ու նախընտրելի վայր, եթե կոմպետետ կանայք լինեին բարձր պաշտոններում»,-նշում է հոդվածագիրը։

 

 

 

Ի դեպ,  Ֆեյսբուք սոցիալական ցանցում լայն տարածում է գտել մի լուսանկար, որտեղ պատկերված են  այն երկրների կին առաջնորդները, որոնք կարողացել են հաջողություններ գրանցել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամում։ Դրանց թվում են, ինչպես արդեն նշեցինք, Գերմանիան, Նոր Զելանդիան, Բելգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան։ «COVID-19-ն ամենուր է, բայց այն երկրները, որոնց ղեկավարները ճգնաժամում ավելի են հաջողել, թվում է՝ ինչ-որ ընդհանուր բան ունեն»,-նշված է նկարի վրա։

 

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 957

Վերադառնալ վերև