Կանանց վրա COVID-19-ի ազդեցությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրել է «Կանանց վրա COVID-19-ի ազդեցությունը» ամփոփագիրը (Policy Brief), որը հասցեագրված է քաղաքականություն մշակողներին և մատնանշում է համավարակի պայմաններում գենդերային անհավասարության խորացման վտանգները: Փաստաթղթում ներկայացված են նաև խորհրդատվական բնույթի առաջարկներ, թե ինչպես կարելի է կանանց ներդրումն ու առաջատար դերն օգտագործել որպես կարևոր տարր կենսունակության ու վերականգնման ապահովման գործողություններում։

«Համավարակի պայմաններում գենդերային խնդիրներն անտեսելը ոչ միայն կխորացնի արդեն իսկ առկա անհավասարությունները, այլև կստեղծի նորերը»։
Անտոնիու Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Ի՞նչ հատուկ ազդեցություններ ունի համավարակը կանանց վրա
Թեև միջազգային տարբեր կառույցներ համավարակի առաջին իսկ օրերից ազդարարեցին կանանց վրա դրա հատուկ ազդեցության մասին, այդ մտահոգությունները դեռևս չեն ձևավորում այն որոշումները, որոնք հիմնականում ընդունում են տղամարդ ղեկավարները: Մինչդեռ COVID-19-ի ազդեցություններից շատերն ամենաուժգին հարվածը հասցնում են հենց կանանց՝ խնդիրներ առաջացնելով հետևյալ ոլորտներում:
Տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց առավել մեծ խոցելիությունը
Թեև համավարակի տնտեսական և սոցիալական ազդեցությունը ծանր է բոլորի համար, պետք է հաշվի առնել այն փաստը, որ այն շատ ավելի ծանր է կանանց համար: Շուկաների անկման, ձեռնարկությունների փակման հետևանքով միլիոնավոր աշխատատեղեր, որտեղ հիմնականում կանայք էին աշխատում, վերացան։ Տնտեսության այն ոլորտները, որոնք համավարակի պատճառով գտնվում են կարանտինի և սահմանափակումների անմիջական ազդեցության տակ՝ ճանապարհորդություն, զբոսաշրջություն, ռեստորաններ, սննդի արտադրություն, կանանց աշխատուժի շատ բարձր մասնակցություն ունեն:

Ողջ աշխարհում կանայք կազմում են ոչ ֆորմալ զբաղվածների մեծ տոկոսը՝ վաստակելով ավելի քիչ ու բախվելով աղքատության մեջ հայտնվելու ավելի մեծ ռիսկի։ Թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում ոչ ֆորմալ ոլորտի շատ աշխատատեղեր, այդ թվում՝ տնային աշխատողներ, խնամակալներ, գյուղատնտեսությունում զբաղվածներ, հիմնականում կանանց աշխատատեղեր են, որոնք, որպես կանոն, դուրս են մնում սոցիալական ապահովության ծրագրերից:

Աշխատանքը կորցնելը հատկապես ցավոտ է անդրադառնում միայնակ ծնող հանդիսացող կանանց և նրանց ղեկավարած տնային տնտեսությունների վրա: Նշված խնդիրներն ու միտումները միավորվելով՝ էականորեն սահմանափակում են կանանց տնտեսական հնարավորությունները։ Էբոլայի համաճարակի փորձը ցույց է տալիս, որ կարանտինը էական կերպով ազդում է կանանց տնտեսական ու կենսապահովման գործունեության վրա՝ խորացնելով աղքատությունը, առաջացնելով պարենի անբավարարություն։

Առողջապահության ոլորտում զբաղված կանանց մեծ մասնաբաժինը
Վարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող առողջապահության աշխատողների մեծ մասը, այդ թվում՝ բուժքույրերը, կանայք են, նրանց վարակվելու ռիսկն ավելի մեծ է: Որոշ գնահատականներով՝ համաշխարհային առողջապահության աշխատուժի 70 տոկոսը կանայք են, չնայած դրան նրանք հաճախ ներկայացված չեն COVID-19-ի համավարակի պայմաններում որոշումների կայացման գլոբալ գործընթացում։

Առողջապահության ոլորտում, բացի հիվանդության անմիջական ազդեցությունից, կանանց համար մեծ վտանգ է ներկայացնում մայրական առողջության պահպանման և ընտանեկան բռնության դեմ պայքարի ծառայությունների սահմանափակումը` հաշվի առնելով, որ բոլոր ծառայություններն ուղղված են համավարակի հետ կապված բժշկական կարիքներին: Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների անհասանելիությունը կամ ոչ պատշաճ մատուցումը կարող է հանգեցնել մայրական մահացության աճի, քրոնիկական հիվանդությունների սրացման, դեռահասների շրջանում հղիությունների, ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների աճի։

Ընտանիքի անդամների խնամքի աշխատանքի ծավալի զգալի մեծացումը
Համավարակի պայմաններում մեծանում է կանանց չվճարվող աշխատանքի ծավալը, քանի որ փակ են դպրոցները, երեխաները ողջ օրը տանն են, ավելացել են տարեցների խնամքի հետ կապված կարիքները։ Կանանց այդ չվճարվող ու անտեսանելի ներդրումն իրական ազդեցություն ունի տնտեսության համար։ Թեև կանայք սովորաբար կրում են ընտանիքի անդամների խնամքի ավելի մեծ բեռը ու մինչև համավարակը երեք անգամ ավելի շատ չվճարվող տնային աշխատանք էին կատարում, քան տղամարդիկ, համավարակի պայմաններում խնամքի աշխատանքների պահանջարկը մեծանում է, ինչն ավելի է խորացնում տնային աշխատանքի բաժանման մեջ առկա գենդերային անհավասարությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի հետևանքով 1.52 մլրդ ուսանողներ, աշակերտներ, ավելի քան 60 մլն ուսուցիչներ տանն են, քանի որ ուսումնական հաստատությունները չեն աշխատում։ Որպես կանոն՝ երեխաների խնամքն ընկած է կանանց ուսերին ոչ միայն աշխատաշուկայի կառուցվածքի, այլ նաև սոցիալական նորմերի հետևանքով։ Ըստ էության, երեխաներ ունեցող կին աշխատողները ունեն մի քանի տեսակի ծանրաբեռնվածություն՝ հեռավար աշխատանք (եթե դեռ ունեն), երեխաների խնամք, տնային ուսուցում, տարեցների խնամք և տնային աշխատանք: Հատկապես խոցելի են այդ առումով կանանց վարած տնային տնտեսությունները:

Ընտանեկան բռնության դեպքերի աճը
Կանանց անձնական անվտանգությունը համավարակի ժամանակ նույնպես վտանգված է: Հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցները՝ մեկուսացումը, սոցիալական հեռավորությունը, տեղաշարժման սահմանափակումները, հենց այն պայմաններն են, որոնց պարագայում բռնարարները շատ ավելի ազատ են բռնություն գործադրելու համար:

Վիճակագրությունը փաստում է, որ համավարակի օրերին ընտանեկան բռնության դեպքերի թիվը մեծանում է, ընդ որում, իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ աջակցության շատ կենտրոններ, ծառայություններ չեն գործում կամ մասամբ են գործում, ապաստարանները լեցուն են կամ փակ կարանտինի պատճառով։ Իրավապահ մարմինները, առողջապահական ծառայություններն էլ հաճախ չեն կարողանում պատշաճ աջակցություն ցուցաբերել, քաղհասարակության ներկայացուցիչներն էլ մեկուսացման մեջ են։ Անհրաժեշտ է, որ ընտանեկան բռնությունից տուժածների համար նախատեսված ապաստարանները հիմնական ու կենսական ծառայությունների թվում դիտարկվեն, ավելին՝ նման իրավիճակներում պետք է ընդլայնել ապաստարանային հնարավորությունները՝ դրանց համար օգտագործելով դատարկ հյուրանոցները և ուսումնական հաստատությունները։

Որոշումների ընդունման մակարդակում կանանց ցածր ներկայացվածությունը
Ողջ աշխարհում համավարակի դեմ միջոցառումներ մշակելու և իրականացնելու գործընթացում առանցքային որոշումներ կայացնողների գերակշիռ մասը տղամարդիկ են, քանի որ կանայք դեռևս չեն վայելում տղամարդկանց հետ հավասար մասնակցություն` կառավարությունների, խորհրդարանների կամ կորպորացիաների որոշումների կայացման գործընթացներում: Ամբողջ աշխարհում կանայք կազմում են խորհրդարանականների միայն 25 տոկոսը, իսկ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների շարքում նրանց ներկայացվածությունը 10 տոկոսից ցածր է: Թեև կան պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մի քանի փայլուն օրինակներ, կանայք գրեթե բացակայում են համավարակի հետ կապված որոշումների կայացման հարթակներում:
Առավել մանրամասն
Կանայք` ուշադրության կենտրոնում
ՄԱԿ-Կանայք գործակալությունն ուշադրության կենտրոնում է պահում կանանց վրա համավարակի ազդեցության առանձնահատկությունները՝ բացահայտելով այն բոլոր մարտահրավերները, որոնք վտանգ են ներկայացնում գենդերային հավասարության և կանանց իրավունքների հնարավոր հետընթացի առումով:

Դեռևս համատարած լոքդաունի օրերին գործակալությունը մատնանշել էր այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն COVID-19-ի դեմ պայքարող կառավարությունները՝ կանանց վրա համավարակի առանձնակի ազդեցությունները չեզոքացնելու համար:
Ի՞նչ կարող են ձեռնարկել կառավարությունները
1
Ապահովել, որ առաջնագծում աշխատող կին բուժքույրերի և բժիշկների կարիքները ինտեգրված լինեն արձագանքման ջանքերի բոլոր ուղղություններում՝ նրանց ավելորդ լարվածությունից զերծ պահելու համար:
2
Ապահովել, որ ընտանեկան բռնության ենթարկված բոլոր տուժածների համար թեժ գծերը և ծառայությունները համարվեն «հիմնական ծառայություններ» և բաց լինեն, իսկ իրավապահ մարմինները գիտակցեն տուժածների զանգերին պատասխանելու անհրաժեշտությունը:
3
Ապահովել տնտեսության պաշտպանության ու խթանման միջոցառումների կողմնորոշումը դեպի կանայք՝ սկսած դրամական փոխանցումներից, վերջացրած վարկերի ու փոխառությունների տրամադրումով։ Ֆինանսական ապահովագրության և խթանիչ փաթեթները պետք է ներառեն սոցիալական պաշտպանության միջոցներ, որոնք արտացոլում են կանանց հատուկ կարիքների ընկալումը և խնամքի չվճարվող աշխատանքի ճանաչումը որպես կենսական կարևոր ներդրում տնտեսության մեջ։
4
Միջոցներ գտնել արձագանքման և վերականգնման որոշումների կայացման գործընթացներում կանանց ներգրավելու համար: Կանանց ձայնի ներառումը որոշումների կայացմանը կհանգեցնի ավելի լավ արդյունքների թե՛ տեղական, թե՛ ազգային մակարդակում, քանի որ տեսակետների բազմազանությունը հարստացնում և լեգիտիմացնում է վերջնական որոշումը:
5
Ուշադրություն դարձնել արձագանքման քաղաքականությունները մշակելիս այն ամենին, ինչ կատարվում է մարդկանց ընտանիքներում, և աջակցել ընտանիքի անդամների խնամքի բեռը կանանց և տղամարդկանց միջև հավասարաչափ բաշխելուն:

«
Ոչ ֆորմալ ոլորտի աշխատողների համար, որոնք կազմում են զարգացող տնտեսություններում կանանց աշխատուժի գերակշիռ մասը, անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել փոխհատուցվող վճարումներ կատարելու ուղղությամբ: Այդ ոչ ֆորմալ ոլորտի աշխատողներին հայտնաբերելը հնարավոր է՝ լրացուցիչ մարտահրավեր հանդիսանա՝ հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատուկ հանգամանքները, բայց անհրաժեշտ է ջանքեր գործադրել արդյունքների մեջ առավել մեծ հավասարություն ապահովելու համար:

«
Քաղաքականություն մշակողները պետք է օգտագործեն կանանց կազմակերպությունների կարողությունները: Կանանց խմբերի ցուցակագրումը կօգնի ապահովել ավելի լայն արձագանք համայնքներում, քանի որ դրանց կապերը կարող են գործադրվել բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու և սոցիալական հեռավար հաղորդակցումը ուժեղացնելու համար: Էբոլայի համաճարակի դեմ պայքարը շահեց կանանց խմբերի ներգրավվածությունից, նույնը կարելի է ակնկալել COVID-19-ի դեպքում:

»
Առավել մանրամասն
Made on
Tilda