Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ո՞րն է Երևանի ավագանու պատասխանատվությունը COVID-ի դեմ պայքարում:

 

Պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վերջերս պատգամավորների հարցերին, ասաց, որ ՏԻՄ համակարգը նույնպես ներառված է համավարակի դեմ պայքարում և որոշակի գործառույթներ է իրականացնում այդ ուղղությամբ:  Այս հայտարարության համատեքստում փորձեցինք պարզել  ի՞նչ է անում և արել Երևանի քաղաքապետարանը համավարակի ամիսներին, որպեսզի նվազեցնի կորոնավիրուսի տարածումը ու ապահովագրի քաղաքացիներին վարակվելու վտանգից:

 

Ո՞րն է Երևանի ավագանու պատասխանատվությունը COVID-ի դեմ պայքարում, ինչքանո՞վ են Երևանի ավագանու անդամները վերահսկում այդ գործընթացները, արդյո՞ք քաղաքապետարանն ունի վերահսկողություն համատիրությունների նկատմամբ և ինչպե՞ս են ավագանու հատկապես կին անդամները գնահատում արված-չարվածը: Այս հարցերի շուրջ WomenNet.am-ը զրուցել է Երևանի ավագանու երեք խմբակցությունների կին անդամների հետ:

 

 

Ի՞նչ է արվում Երևանի քաղաքապետարանի կողմից համավարակի տարածումը կանխելու համար

 

«Իմ քայլը» խմբակցության անդամ  Լյուսի Գևորգյանի խոսքով, ախտահանումը ինչպես արվել, այնպես էլ կատարվում է քաղաքային տրանսպորտում, և այդ աշխատանքները ոչ մի օր չեն դադարել: Ավագանու անդամը նշեց նաև շքամուտքերի ախտահանման աշխատանքների մասին, որոնք թեև համատիրությունների գործառույթն է, բայց վարչական շրջանի ղեկավարները, ըստ նրա, վերահսկում են և աջակցում են՝ և՛ նյութերի, և՛ աշխատանքների հետ կապված: Եվ այդ մասով, ասաց Գևորգյանը, փոփոխություն չկա, աշխատանքները շարունակվում են:

 

Մեր հարցին,  գո՞հ եք համավարակով պայմանավորված ախտահանման աշխատանքներից, Գևորգյանը հավաստիացնում է.  «Անկեղծ ասաց, վերջին 20 օրերին մոնիթորինգ չեմ իրականացրել, բայց մինչ այդ ՝ մինչև հուլիս ամիս, բազմիցս այցելել եմ տարբեր վարչական շրջաններում շքամուտքեր, ինչպես նաև տրանսպորտի հետ կապված աշխատանքը գնահատում եմ բավարար»…

 

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Հռիփսիմե Առաքելյանն՝ ի տարբերություն իր գուծըկերուհու,  անբավարար է գնահատում Երևանի քաղաքապետարանի գործունեությունը՝ նշելով, որ, իր կարծիքով,  կորոնավիրուսի համավարակի տարածման կարխարգելման առումով կառույցը շատ պասիվ դիրք է ունեցել: Նա հիշեցրեց, որ թե՛ քաղաքապետարանից, թե՛ անձամբ քաղաքպետի կողմից բազմիցս է բարձրաձայնվել, թե դա իրենց գործառույթը չէ և եթե կլինի Պարետատան կողմից ցուցում, ապա ավելի ակտիվ կլինեն . «Ինձ համար անհասկանալի է,  երբ  1 մլն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետն ասում է, որ պետք է սպասի, մինչև տեսնի, թե Պարետը ինչ է ասում և ըստ այդմ մենք գործողությունների պլան մշակենք…»,- ասաց նա:

 

Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պասիվ որակելով, Առաքելյանը, որպես միակ բացառություն հիշատակեց համայնքային պոլիկլինիկաների աշխատանքը, որոնք գերլարված են աշխատել ու աշխատում ու շատ մեծ բեռ են իրենց ուսերի վրա տանում. «Ես ինքս, այսպես ասած, անմիջականորեն առնչվել եմ կորոնավիրուսի հետ և պետք է շատ բարձր գնահատեմ թե՛ մեր պոլիկլինիկաների բուժանձնակազմերի աշխատանքը, թե՛ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի աշխատանքը», – նշեց մեր զրուցակիցը:

 

Ինչ վերաբերում է ախտահանման գործընթացին, ապա համավարակի առաջին ամսվա ընթացքում ընդամենը մի քանի շենքեր ախտահանվեցին և դա, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, ավելի շատ ձևական բնույթ էր կրում՝ Facebook-յան էջում լուսանկարներ հրապարակելու համար. «Ախտահանում ընդհանրապես չի արվում, ավագանու նախորդ նիստին ես այս հարցը բարձրացրել եմ, անմիջապես քաղաքապետին ու փոխքաղաքապետին եմ դիմել, որպեսզի պարզաբանեն, թե ինչն է պատճառը, որ մեզ մոտ նման իրավիճակ է: Ի պատասխան ինձ փորձեցին համոզել, թե որևէ մեկը չի կարող փաստել, որ Թբիլիսիում ախտահանման գործընթացը արդյունավետ է: Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ որևէ տեղ ապացուցված չէ, որ դա կարևոր է ու օգտակար է, և բոլոր հարցերին էլ հենց այդ տրամաբանությամբ են վերաբերվում: Սա ինձ համար անընդունելի մոտեցում է»,- նշեց Հռիփսիմե Առաքելյանը՝ խիստ անբավարար գնահատելով կառույցի դերը համավարակի դեմ պայքարում:

 

 «Լույս խմբակցության» անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով, Երևանի քաղաքապետարանն ոչ միայն համավարակի, այլ  արդեն երկու տարի է, ինչ առհասարակ որևէ պատասխանատվություն չի կրում: Ըստ նրա՝ ամենն արվում է պահի թելադրանքով և ցուցադրաբար. «Կա՞ն քաղաքացիներ, ովքեր տեսնում են, որ քաղաքապետարանը, նույնիսկ աննշան, բայց համավարակի դեմ որևէ կերպ պայքարում է: Իմ շրջապատում նման մարդիկ չկան»,- նկատեց  նա՝ նշելով, որ  շենքերում, բակերում և այլուր ախտահանումը միայն կարանտինի առաջին օրերին արվեց, իսկ հիմա կա՛մ չի արվում, կա՛մ տեսանելի չէ և , ըստ էության, հանրային վայրերի ախտահանումը, որպես կարևոր միջոց, անտեսվում է.

«Երևի 20 շենք օճառաջրով շփելն էլ շատ համարեցին: Կամ, գուցե, մենք ենք կույր, մենք բոլորս, որովհետև չենք տեսնում` ինչպե՞ս են ախտահանվում փողոցներն ու կանգառասրահները, մուտքերն ու վերելակները, տրանսպորտն ու հասարակական այլ տարածքները», – նշեց  նա:

 

 

Ինչո՞ւ շենքերի և հանրային այլ օբյեկտների ախտահանման գործընթացը շարունակական չեղավ

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ խոսելով  քաղաքապետարանի կողմից համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, նշեց, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, ինչպես նաև հիվանդներին բուժօգնության տրամադրման հարցում մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաները և շտապօգնության ծառայությունը: Նրա խոսքով, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտություն եղավ պոլիկլինիկաները հագեցնել անհրաժեշտ սարքավորումներով, հանդերձանքով, ինչպես նաև կազմակերպել բժշկների իրազեկվածությունը կոնկրետ այս վարակի առանձնահատկությունների վերաբերյալ.

 

«Մեկ այլ մարտահրավեր էր տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, ախտահանումը: Հատկապես թերծանրաբեռնվածության պայմաններում տրանսպորտի աշխատանքն ապահովելը լրացուցիչ բեռ է համայնքի համար: Մարտ ամսից մեծ աշխատանք կատարեց նաև սոցիալական բլոկը՝ օգնություն տրամադրելու միայնակ թոշոկառուներին, որպեսզի վերջիններս խանութ գնալուց խուսափեն: Այս աշխատանքներին կամավորության սկզբունքով միացան թե՛ ավագանու անդամները, թե՛ հասարակական սեկտորը՝ օգնելով հասցնել սննդի և անհրաժեշտ պարագաները հասցեատերերին: Անհրաժեշտություն եղավ մանկապարտեզներում հատուկ պայմաններ ապահովել այն ծնողների երեխաների համար, որոնք աշխատում են և այլ խնամող չունեն»,- ասաց նա:

 

Այդուհանդերձ, ինչո՞ւ շենքերի, շքամուտքերի և հանրային այլ օբյեկտների ախտահանման գործընթացը շարունակական չեղավ.

 

«Բազմաբնակարանային շենքերի շքամուտքերի ախտահանման նպատակով համայնքը ձեռք բերեց ախտահանիչ նյութեր և բաշխեց համատիրություններին, որոնք պետք է իրականացնեին այդ գործառույթը: Այո, կարանտինից հետո ախտահանման ինտենսիվությունը նվազեց, որովհետև այդ գործընթացը իմաստ ունի, երբ մարդկանց շարժը սահմանափակ է, իսկ հիվանդները՝ մեկուսացված: Իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուց հետո, երբ ասիմպտոմ հիվանդներին ցուցում տրվեց տանը մեկուսանալ, իսկ կոնտակտավորների թիվն էլ արդեն շատ մեծ էր, շքամուտքը օրը մեկ անգամ ախտահանելը աննշան ազդեցություն ուներ արդեն»,- նշեց ավագանու անդամն ու հավելեց՝ այստեղ կարևոր էր դառնում յուրաքանչյուրի կողմից պաշտպանիչ միջոցների ճիշտ կիրառումը:

 

 

Ախտահանման հարցում համատիրություններն են թերանում

 

 «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ախտահանման խնդրին մոտեցավ այլ կողմից.

 

«Ախտահանման գործընթացը պետք է համատիրություններն իրականացնեին և արեցին ընդամենը կարանտին հայտարարելու առաջին օրերին: Իսկ Երևանի քաղաքապետարանը լիազորություն չունի համատիրությունների նկատմամբ, մենք չենք կարող իրենց պարտադրել: Սա ասում եմ ցավով, քանզի երկու տարի ժամանակ ենք ունեցել, որի ընթացքում  պետք է կարողանայինք Ազգային ժողով հասցնել «Համատիրությունների մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով մենք կկարողանայինք համատիրություններին աշխատացնել: Որովհետև այսօր նրանք ընդամենը գումար են հավաքագրում սեփական աշխատավարձերի համար»,- ասաց նա:

 

Անի Խաչատրյանի խոսքով, ինքն ու իր գործընկեր Թեհմինա Վարդանյանը թերևս միակն են ավագանուց, որոնց քաղաքական ուժն  Ազգային Ժողովում մանդատ չունի, իսկ մնացածները, ովքեր ունեն մանդատ, հենց նրանք կարող էին օրենքը հասցնել խորհրդարան: Բայց օրենքի նախագիծը, որի վրա երկու տարի է աշխատել է «Լույս» խմբակցությունը, այդպես էլ օդում կախված մնացել է.

 

«Համավարակը ցույց տվեց, որ համատիրությունների հարցը շատ արագ պետք է լուծվի ԱԺ-ում, որովհետև  եթե համատիրությունը չաշխատի, դա վերագրվում է համայնքին և համայնքի մնացած աշխատանքը պարզապես չի երևում… եթե այդպիսին, իհարկե, կա»,- նշեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը, ապաև հավելեց. «Այո, ես համարում եմ, որ շենքերի շքամուտքերում ախտահանման աշխատանքները պետք է լինեին պարտադիր ու պարբերաբար, ավելին՝ դա պետք է արվի ամեն առավոտ: Իսկ ինչ վերաբերում է փողոցների ախտահանմանը, ապա կարծում եմ, որ դա գումարի անիմաստ վատնում է»:

 

 

Նշենք, որ ԱԻՆ ստորաբաժանումներն իրականացնում են ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության  հուլիսի 15-31-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 18 355 վարակազերծում, որից 12 231-ը՝ մարզերում, 6 124-ը՝ Երևանում։ Նախարարությունը հայտնել է, որ  աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Այսինքն,  Երևանի ավագանու կողմից հանարային վայրերի ախտահանման արդյունավետության մասին հաճախ հնչեցվող  կասակածներն  այդքան էլ հիմնավորված չեն… 

 

 

Ինչո՞ւ են անջատված շատրվանները

 

 

Երևանցիների համար ևս մեկ ցավոտ հարց՝ այս տարի քաղաքում բոլոր շատրվանները անջատված են, ու թեև քաղաքապետարանն ասում է, որ ջրում է փողոցները, բայց շատ ահազանգեր  կան, որ նման բան չի արվում կամ գուցե միայն կենտրոնում, և քաղաքը փոշուց փրկվում է միայն անձրևների շնորհիվ… 

 

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լյուսի Գևորգյանը հավաստիացրեց, որ փողոցների ջրման աշխատանքներն իրականացվում են և ոչ միայն կենտրոնում՝ ընդգրկելով  բոլոր վարչական շրջանները. «Սակայն եթե կան փողոցներ, որոնք դուրս են մնացել այդ գործընթացից, ապա քաղաքացիները կարող են անձամբ ինձ դիմել»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է շատրվաններին, ապա Լյուսի Գևորգյանը նշեց, որ շատրվանների մասով առկա է ՀՀ տարածքային կառավարման նախարարի ցուցումը, որը պանդեմիայի օրերին արգելում է շատրվանների աշխատանքը՝ զուտ առողջապահական նկատառումներից ելնելով.  «Շատրվանների աշխատանքը կթույլատրվի, երբ արտակարգ դրությունը կվերացվի և առողջությանը վնաս հասցնելու վտանգ չի լինի»,- հավաստիացրեց նա:

 

«Լույս » խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նկատեց, որ իրականում  քաղաքում կան  բազմաթիվ շատրվաններ, որոնք արդեն երկու տարի է, ինչ չեն գործում, օրինակ Բուենոս Աիրեսի այգու շատրվանը (Հանրապետական հիվանդանոցի հարակից այգին է) և որևէ մեկը դրա մասին չի խոսում:  «Այս տարի, առհասարակ, որևէ շատրվան չի գործում, իսկ պատճառաբանություններն, ըստ իս, համոզիչ չեն», – նկատեց նա:

 

 

Նշենք, որ դեռևս մարտ ամսի վերջին Երևանի քաղաքապետարանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ ստացել է ուղեցույց, որի կետերից մեկում գրված էր հետևյալը. «Մինչև համաճարակային իրավիճակի վերջնական ավարտն արգելվում է շատրվանային տնտեսության գործարկումը։ Բնականաբար, համավարակի հաղթահարման դեպքում, մասնագիտական եզրակացության արդյունքում շատրվանները կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը»։

 

 

Նման որոշում է կայացվել այն հիմնավորմամբ, որ քաղաքացիները հավաքվում են շատրվանների շուրջ և կուտակումներ են լինում։  Պապիկյանը ուղեցույցն ուղարկել է մարզպետներին՝ համայնքներին փոխանցելու համար և առաջարկությամբ դիմել է Երևանի քաղաքապետին․ «Ուղեցույցում նշված է եղել շատրվանային տնտեսության գործարկումից խուսափելու ցուցումը, ինչի համար է սա արվել․ հենց համավարակը  սկսվեց միանգամից ամբողջ աշարհում արգելվել է շատրվանային տնտեսության գործարկումը, որպեսզի խուսափենք մարդկային կուտակումներից՝ հանրային առողջությունից և անվտանգությունից ելնելով։ Ընդ որում՝ հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետի հետ»։

 

 

Նշենք, որ ողջ աշխարհում շատրվանների արգելքի մասին պնդումները փոքր ինչ չափազանցված են: Մոսկվայում, օրինակ, շատրվանները սկսեցին աշխատել մեկուսացման ռեժիմի վերացման օրվանից՝ հունիսի 10-ից, թեպետ ռուսաստանյան մնացած քաղաքներում շատրվաններն ավելի վաղ էին սկսել աշխատել, իսկ որոշ տեղերում անգամ դրանց աշխատանքը չի արգելվել: Հռոմում , օրինակ, արգելել էին, ոչ թե շատրվանների գործարկումն, այլ մարդկանց կուտակումները շատրվանների մոտ:   Մեզանում որոշեցին  առաջնորդվել այլ  սկզբունքով՝ չկա շատրվան – չկա խնդիր: Մինչդեռ երեկոյան երևանյան փողոցներով զբոսնելիս պարզ է դառնում, որ չորացած շատրվանները ամենևին էլ չեն երաշխավորում մարդկային կուտակումներից, ու ստացվում է, որ քաղաքային իշխանությունները ուղղակի տանջում են երևանցիներին՝ այս տապին  ու գրեթե կանաչապատումից զուրկ մայրաքաղաքում անջատելով նաև օդը մաքրող շատրվանները:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 563

Վերադառնալ վերև