Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Դեբատներ «Կանանց օրակարգ» -ի շուրջ

Մարտի 22-ին Անի Պլազա  հյուրանոցում  տեղի ունեցավ «Հավասար»  քարոզարշավի շրջանակներում մշակված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  «Կանանց  օրակարգ» -ի  հանրային  քննարկումը, որին  մասնակցում էին Ազգային  ժողովի ընտրություններին  մասնակցող բոլոր քաղաքական ուժերի,   կանանց  իրավունքներով զբաղվող  տեղական  և միջազգային  կազմակերպությունների  և ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ:

 

Կանանց  օրակարգի հիմնական  նպատակն էր Ազգային  ժողովի  ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների  դաշինքների ուշադրությունը հրավիրել կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա՝ ակնկալելով, որ ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:

Օքսֆամի   հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ  քննարկման ներկայացվող  «Կանանց  օրակարգ» -ն այն խնդիրների արտացոլոմն  է, որոնք խոչընդոտում են  կանանց  առաջընթացը մեր հասարակությունում:

 

–  Օքսֆամն, ինչպես գիտեք,  մշտապես խրախուսում է կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ և որոշումների կայացման գործում, կարևորում կանանց  առաջընթացը՝ տնտեսական իրավազորումից մինչև քաղաքական մասնակցությունը: Մեզ  համար կարևոր է թե այն կանայք,  ովքեր  իրենց  թեկնածությունն առաջադրել են  ԱԺ ընտրություններում,  ինչպե՞ս են դիտարկում  այդ  հիմնախնդիրները և  ինչպիսի՞  լուծումներ են  առաջարկում,  և պատրաստ են արդյո՞ք  ընտրվելու դեպքում բարձրաձայնել  այդ  խնդիրները  Ազգային  ժողովի  հարթակից:  Մենք  հույս ունենք, որ , «Կանանց օրակարգի» քննարկման արդյունքում օրենսդիր մարմնում ներկայացված լինելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերը կհստակեցնեն իրենց վերաբերմունքը երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն ապահովող հիմնախնդիրների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա այս խնդիրներով մտահոգ հանրությանը կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում:

 

 

 

«ՊրոՄեդիա Գենդեր»  ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը  ներկայացրեց  «Կանանց օրակարգի» քննարկման նպատակներն ու  սպասելիքները: Նրա խոսքով,  «Հավասար»  քարոզարշավի շրջանակներում  օրակարգն ուղարկվել է խնդրով զբաղվող հասարակական  կազմակերպություններին  և բոլոր քաղաքական  կուսակցությունների ու դաշինքներին, որոնք առաջադրվել  են ԱԺ  ընտրություններում:  

 

-«Կանանց  օրակարգ»-ի մշակումն ու քննարկումը մի քանի նպատակ է հետապնդում:  Նախ,   մեր  նպատակն էր հնչեցնել հարցեր, որոնք այսօր  բացակայում են  ընտրություններին  մասնակցող  քաաքական կուսակցությունների օրակարգում,  չեն  հնչեցվում  նրանց  կողմից և  բացակայում են  նաև  կուսակցությունների քաղաքական  ծրագրերում: Օրակարգի հաջորդը նպատակն է, որպեսզի  քաղաքական  ուժերը հստակեցնեն  իրենց  վերաբերմունքը այն  հարցերի շուրջ, որոնք  ներառված են  կանանց  օրակարգում: Այս քննարկման  շնորհիվ հույս ունենք  նաև  կապ  հաստատել  կանանց իրավունքների պաշտպանության,    կանանց  ու  տղամարդկանց  հավասարության  խնդիրներով զբաղվող կազմակերպությունների  և այն  կանանց միջև, ովքեր  առաջադրվել են ԱԺ  ընտրություններում և  համագործակցության հիմքեր ստեղծել,  որի  միջոցով կանանց  վերաբերող այս  կամ այն  հարցերը կբարձրայնվեն նաև խորհրդարանի ամբիոնից:   Եվ, վերջապես,  մեր նպատակն էր նաև  բարձրացնել քաղաքական  ուժերի  տեղեկացվածությունը այս խնդիրների  շուրջ: «Կանանց  օրակարգ»-ում ընդգրկված   են ոչ միայն  հարցադրումներ քաղաքական ուժերին, այլ  նաև փաստերը   առկա  հիմնախնդիրների  շուրջ  և դրանց հնարավոր լուծումները:   :

 

ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի  նախընտրական  ծրագրերի գենդերային վերլուծության արդյունքերը  ներկայացնելով  փորձագետ  Լիլիթ Զաքարյանը մտահոգություն  հայտնեց նրանց օրակարգում  կանանց  վերաբերող  հարցերի  բացակայության վերաբերյալ:

 

–  Զարմանալի է սակայն փաստ ՝ Կանանց ու տղամարդկանց  հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների  ՀՀ օրենքի և խնդրին վերաբերող բազամաթիվ այլ փաստաթղթրի   առկայության  պարագայում,   այս  տարվա  խորհրդարանական  ընտրություններին  մասնակցող  քաղաքական  ուժերի ծրագրերում գրեթե  ոչինչ  չկա  կանանց  հիմնախնդիրների հետ  կապված: Կուսակցությունների այս  տարվա   ծրագրերը հասկանալի  պատճառներով   կենտրոնացած են   պաշտպանության հարցերի  և  տնտեսական  ճգնաժամից  դուրս  գալու  խնդիրների վրա: Սակայն այն,  որ կուսակցությունների   ծրագրերում  ներառված  չեն  կանանց  վերաբերող հիմնախնդիրները ,  թույլ է տալիս եզրակացնել, որ  կուսակցությունների մոտ  բացակայում  է  ընկալումը, որ  կանանց  մասնակցությունը այս  ոլորտներում  նույնպես  շատ  կարևոր է:

 

Կանանց  հիմնանդիրներին  անդրադարձող տեսահոլովակի դիտումից հետո տեղի ունեցավ  մտքերի փոխանակում:

 

«Ելք»  դաշինքի  ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանի   համոզմամբ ներկայացվող  հարցերի  լուծման  համար անհրաժեշտ է, որպեսզի դրանք  ներառվեն  կուսակցությունների  քաղաքական օրակարգում:

 

-Եթե  ցանկանում ենք  լուծումներ  գտնել ապա  հարցերը  պետք է  քաղաքականացնել,  դա  վերաբերում է  նաև  կանանց  խնդիրներին,  դրանք  պետք է  բերվեն   քաղաքական  օրակարգ: «Ելք»  դաշինքի   ծրագրում  կա մի կետ, որը ես եմ  ներկայացրել  և որն  ուղղակիորեն  ազդեցություն ունի  կանանց  վրա, խոսքը վերաբերում է առողջապահական ոլորտում  ծննդատներում հոգեբանի ինստիտուտի  ներդրմանը, որը  պետք է  կանխարգելի  հաշմանդամություն ունեցող  նորածիններին մանկատուն  հանձնելու գործընթացը: Հայտնի է, որ   հաշմանդամություն ունեցող   երեխայի հետ կապված    բազում  խնդիրներ են  ստեղծվում  ընտանիքում  և  հատկապես կնոջ համար: Նաև վիճակագրությունը  ցույց է  տվել, որ  հաշմանդամություն ունեցող  աղջիկ  երեխաներին ավելի հաճախ են  մանկատներ հանձնում,  նրանց ավելի հաճախ են հասարակությունից մեկուսացնում:  Այս առումով քաղաքական բոլոր կուսակցությունները  շատ անելիքներ ունեն,  հատկապես  կանայք, ովքեր ընդգրկված են այդ քաղաքական ուժերում: «Ելք»-ի  և, կարծում եմ, բոլոր  քաղաքական ուժերի համար  մարտահրավերներից  մեկը տեսնում եմ  այդ  ուժերի  ներսում կանանց   խնդիրները  օրակարգային  դարձնելու մեջ, այնուհետև   դրանք լուծելու ակնկալիքով:

 

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ  գիտաշխատող, Գենդերային թեմատիկ խմբի անդամ Վլադիմիր Օսիպովը  ներկաների ուշադրությունը  սևեռեց բոլոր կուսակցությունների  օրակարգերում «գենդեր»  եզրույթի  բացակայության  վրա,  ինչը  վկայում է կանանց  հիմնախնդիրների  ու գենդերային հավասարության  հանդեպ նրանց  տրամադրվածությունն ու վերաբերմունքի մասին:

 

– Տեսանելի է, որ կուսակցություններն ու դաշինքները  չունեն  կանանց  օրակարգ, դա  թույլ է  տալիս ենթադրել, որ չունենք  կանանց  շարժում, որը  լրջորեն ստիպեր քաղաքական ուժերին մշակել  նման  օրակարգ: Ընդհանրապես,  քաղաքական ուժերը  իրենց ծրագրերում  չեն   օգտագործել  «գենդեր»  եզրույթը և դա վկայում է   այս խնդիրներին նրանց    վերաբերմունքի մասին:  Միայն  Կոմունիստական  կուսակցությունն է   օգտագործել այդ  եզրույթը,  սակայն  բացասական  առումով, քանի որ  խոստանում է  հետևողական  պայքար  մղել  Արևմտքից  եկող երևույթների դեմ, որի  մեջ  մտնում է  նաև  պայքարը  ԼԳԲՏ  անձանց հետ: Որոշ  կուսակցությունների ծրագրերում խոսվում է  գյուղաբնակ  կանանց  մասին , առաջարկվում է որ  գյուղատնտեսությունում  նրանց  աշխատանքը  համարվի ստաժ: Պետք է  նշեմ «Ազատ դեմոկրատների» կողմից առաջ քաշված  գաղափարը  տղաների ու աղջիկների  պայմանագրային  հիմունքներով  բանակում ծառայելու մասին: Սակայն  , ընդհանուր առմամբ,  քաղաքական  ուժերի ծրագրերում բացակայում են  գենդերային  խնդիրներին  վերաբերող  դրույթները:

 Քննարկման ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները համաձայնվեցին փորձագետների կարծիքի հետ, որ կանանց խնդիրները ծրագրերում առանձնացված չեն  և այն փաստարկի հետ, որ այդ փաստը վկայում է այդ խնդիրներին ոչ պատշաճ վերաբերմունքի մասին:

 

«Ծառուկյան  դաշինք »- ի ներկայացուցիչ Լուիզա Սարգսյանը  նշեց, որ քարոզարաշվի ընթացքում նրանք ականատես են լինում   կանանց  բազմաթիվ խնդիրներին .

– Քարոզարշավի ընթացքում շփվելով հատկապես մարզերում բնակվող կանանց հետ հանգեցինք  այն եզրակացության, որ կանանց  վերաբերող այս խնդիրները արդիական են գրեթե ամենուր: Գյուղաբնակ կանանց  մեջ շատ են արատագաղթի պատճառով խեղաթյուրված ճակատագրերով կանայք, դժբախտացած ընտանիքներ, միայնակ մայրեր: Մեզ շատ են դիմում առողջական , աշխատանքին վերաբերող խնդիրներով, սրանք հարցեր են, որոնք պետք է բարձրաձայնվեն: Դրա հետ մեկտեղ «Ծառուկյան»  դաշինքի ծրագրում  ներառված է  նաև գյուղատնտեսական  վարկերի տոկոսադրույքերի  իջեցման հարցերը:

 

Նա նաև նշեց, որ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության անդամների 52 տոկոսը կանայք են , թեև ԱԺ-ում քանակով շատ չեն:  Նրա խոսքով, ԲՀԿ-ն այն եզակի կուսակցություններից է, որը երկու տարի շարունակ ունեցավ կին ղեկավար, ինչը մեր հասարակության համար նոր երևույթ էր, ունեն նաև կանանց խորհուրդ:

ՀՅԴ կուսակցության  ներկայացուցիչ Ռուզաննա Առաքելյանն  իր խոսքում  ասաց.

– ՀՅԴ-ն առաջիններից էր, որ ձեռնամուղ եղավ կանանց  և տղամարդկանց հավասար իրավունքներին  և  հնարավորություններին  վերաբերող  հայեցակարգի ստեղծմանը: Կուսակցության  ծրագրի մեջ  ակնարկվում են կանանց, երիտասարդների և տարեց  մարդկանց  հիմնախնդիրները: ՀՅԴ-ը առաջիկա  ընտրությունների  նախընտրական  ծրագրում անդրադարձել է  նաև միջին սերնդի՝ 35-55 տարեկան կանանց  և տղամարդկան  խնդիրներին, ովքեր արտագաղթողների  մեջ զգալի թիվ են  կազմում,  ինչպես  նաև համայնքներում  միջին ու  փոքր  բիզնեսի ձևավորման, նրանց  շահութահարկից ազատելու, սահմանամերձ  շրջաններում աշխատող  ուսուցիչների  և  բժիշկների խնդիրներին: Մեր տեսադաշտում է միջին սերունդը, մենք շատ ենք խոսում երիտասարդ սերնդի մասին, և գրեթե բոլոր ծրագրերում բավական մեծ տեղ է հատկացված նրանց: Մենք խոսում ենք ծերերի մասին, խոստանում ապահովել  նրանց համար ապահով ծերություն: Սակայն միջին սերունդը ՝ 35-55 տարեկան տղամարդիկ և կանայք են, նրանք դուրս են մնացել ուշադրությունից, նրանց 50 տոկսը կամ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ կամ լքել են Հայաստանը աշխատանք չունենալու պատճառով, սա ազգային անվտանգության խնդիր է, չէ՞ որ նրանք աշխատուժ են: ՀՅԴ-ն առանձին բաժին է հատկացրել է նրանց խնդիրներին և հատկապես գյուղերում միջին բիզնեսի զարգացմանը, դրանով զբաղվողներին ազատելով շահութահարկից: Մեր ծրագրերում անդրադառնում ենք նաև սահմանամերձ շրջաններում ապրող ուսուցիչների և բժիշկների խնդիրներին:

 

 

Ուսուցիչների խնդիրներն անտեսված  չեն  նաև ՕՐՕ դաշինքի  կողմից: Դաշինքի  ներկայացուցիչ, «Ժառանգություն»  կուսակցության  կանանց  խորհրդի նախագահ Սուսաննա Մուրադյանի համոզմամբ   խորհրդարանում  Դաշինքի ներկայացվածության  պարագայում բազմաթիվ այլ  հարցերի  հետ  մեկտեղ  կբարձրաձայնվեն   նաև  կանանց  հիմնախնդիրները և կառաջարկվեն  լուծման  ուղիներ:

 

– Եթե ՕՐՕ դաշինքը մտնի խորհրդարան, ապա կբարձրացնի խորհրդարանում  բազում խնդիրներ, այդ թվում  կանանց վերաբերող խնդիրները: Ասեմ, որ ես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գենդերային հանձնաժողովի անդամ եմ: Ցանկանում եմ  նշել, որ  «գենդեր» տերմինի հետ կապված խնդիրը առաջացել է սխալ մեկնաբանման  պատճառով, դրա համար երբեմն խուսափում ենք «գենդերային»  բառն ասելուց, փոխարինելով այն   կանանց և տղամարդկանց հավասարություն բառակապակցությամբ , որպեսզի  այլ բան չհասկանան:

 

 

ՀՀ Սահմանադրության 86-րդ  հոդվածով ամրագրված  կանանց  և տղամարդկանց  միջև փաստացի հավասարության  խթանման  և  ՀՀ  գենդերային  քաղաքականության  հայեցակարգի շրջանակում հռչակված սկզբունքերը կյանքի  կոչելու  վերաբերյալ  տեսակետ  հայտնեց  նաև ՀՅԴ  կուսակցության  ներկայացուցիչ,  իրավաբան Ռուզաննա Թադևոսյանը.

 

-Օրակարգում   կա մի հարց՝ ի՞նչ գործառույթներ կիրականացնեք Սահմանադրության 86-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ: Ասեմ, որ առաջին քայլը կատարված է, այն կանանց և տղամադրկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասին հոդվածի ընդունումն է և նշենք, որ դա կարևոր քայլ էր գենդերային քաղաքականության ճանապարհին: Սակայն կարևոր է նաև օրենքի կիրառելիությունը: Այսօր մենք խնդիր ունենք օրենքում սահմանված իրավունքների և սկզբունքների մասին տեղյակ պահելու մեր հասարակությանը, որի իրազեկվածությունը, ցավոք, այնքան էլ բավարար մակարդակի  վրա չի գտնվում: Եթե փորձենք հասկանալ, թե մեր հասարակությունը որքանո՞վ է տեղեկացված է այս օրենքի և այն երաշխիքների մասին, որոնք նախատեսվում են այս  օրենքով, ապա  իրազեկվածների թիվը շատ  քիչ տոկոս կկազմի: Հասարակությանը իրազեկելու համար   հարկավոր է կազմակերպել դասընթացներ, նաև ներառել որոշ թեմաներ դպրոցական ծրագրերում, դասագրքերում, որպեսզի երեխաները վաղ  տարիքից  իմանան իրենց իրավունքների մասին: Մեզանում իրազեկվածության ապահովումը խնդիր է:

 

 

«Կանանց օրակարգի» շուրջ իր տեսակետը հայտնեց  ՀՀ Ազգային  ժողովի  պատգամավոր, ՀՀԿ  խմբակցության  անդամ Ռուզաննա Մուրադյանը:

 

–  Այս հիմնախնդիրների  լուծման  հարցում  պետք է լինեն  վերկուսակցական մոտեցումներ, քանի որ խոսքը վերաբերում է բնակչության կեսին՝ կանանց: Ճիշտ է,  մենք պետք է տեղեկանանք  նաև, թե  յուրաքնչյուր քաղաքական ուժ ինչպես է հարցին մոտենում: Ինչ վերաբերում է «կանանց օրակարգում» նշված  խնդիրների  իրավակարգավորմանը, ապա մենք ունենք օրենքներ, ծրագրեր, կայուն զարգացման նպատակի ամրագրում,  համապատասխան հայեցակարգ,  որտեղ խոսքն ուղղված է կանանց ներուժի հզորացմանը: Այնուամենայնիվ, իմ կարծիքով, այս ուղղությամբ արված մեր քայլերը բավարար համարել չի կարելի: Ամիսներ առաջ ԱԺ-ում քննարկումներ կազմակերպվեց, որին մենք՝ կին պատգամավորները , ակտիվորեն մասնակցեցինք և  ստորագրահավաք կազմակերպելով փորձեցինք  քննարկմանը մասնակից  դարձնել  նաև  տղամարդկանց: Մենք  պնդում էինք, որպեսզի ԱԺ-ում  կանանց ներկայացվածությունը լինի ոչ թե 25/75 տոկոս,  այլ 30/70 և անգամ շատ ավելի՝ 50/50 տոկոս, որովհետև երբ բոլորս մեր ծրագրերի հիմքում դնում ենք «մարդը», «քաղաքացին», այստեղ պետք չի առանձնացնել, սեռերի բաժանել և փորձել բացատրել սեռային տարբերությունները: Մենք պետք է հասնենք նրան, որ  «մարդ»  բառի  կողքին այլևս  պետք չլինի  առանձին  նշել «կին»  բառը ու այդ ժամանակ կլինի իրական հավասարություն:

 

Մեզ  համար շատ կարևոր է ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը,  նրանք մարզերում  և համայնքներում տղամարդկանց  համեմատ շատ ձայն են  հավաքում: Մենք  պետք է  հաշվի առնենք  սա  և փորձենք  քաջալերել  նրանց: Թեև կանանց առաջ գնալու համար շատ կարևոր է նաև տղամարդկանց աջակցությունը,  նրանց  հանդուրժողականությունը, քանի որ մենք այնուհանդերձ հայ հասարակության մեջ ենք ապրում: Մենք՝ կանայքս պետք է մեկտեղենք մեր ուժերը և ստեղծենք կանանց այնպիսի օրակարգ,  որը կօգնի ապագայում թե՛ խորհրդարանում,  թե՛ ՏԻՄ-երի կառավարման ոլորտներում ցուցաբերել վերկուսակցական  մոտեցումներ: Դիմում եմ մանկավարժներին, հարգելիներս, այս պահին,  երբ դպրոցներում փոխվում են առարկայական չափորոշիչները, փորձենք լինել մի քիչ ակտիվ, որ գենդերային հասկացությունները ներառվեն ոչ թե դասագրքերում, այլ չափորիշիչներում: Դա անհրաժեշտ է  անել, որպեսզի մեր գիտակցության մեջ հաղթի 50-50 տոկոսի  գաղափարը, իսկ ապագա ընտրական օրենսգրքում այլևս պետք չի  լինի  նշել սեռերի ներկայացվածությունը 25-75 կամ 30-70 տոկոս արտահայտությունը:

 

Անդրադառնալով սոցիալական ոլորտի խնդիրներին,  Ռ.Մուրադյանը նշեց,  ՀՀԿ-ի սոցիալական  ծրագրերում սոցիալական ոլորտում հասցեական մոտեցումը կարևորագույն առանցքներից մեկն է ու համաձայնվեց, որ  այնքան ճշգրտված պետք է լինի հասցեական ծրագրերը, որոնցում սոցաիալական կարգավիճակով միմյանցից  քիչ տարբերվող շահառուները  դուրս չմնան: «Ես շատ եմ կարևորում միայնակ մարդկանց՝ անկախ սեռից», – նշեց նա:

 

 

ՕՐՕ դաշինքի  ներկայացուցիչ Լիգիա Մելքումյանն  իր ելույթում կարևորեց միայնակ  տարեցների,  նրանց  կենսաթոշակի  բարձրացման   խնդիրները, հորդորելով քաղաքական  ուժերի  կին  ներկայացուցիչներին խորհրդարանում  ներկայացվածության  դեպքում  բարձրաձայնել տարեցներին արժանապատիվ ծերություն ապահովելու  խնդիրը:

 

– Ուզում եմ խոսել նաև միայնակ ծերերի մասին: Գաղտնիք չէ, որ այսօրվա թոշակն այնքան  քիչ է, որ մարդիկ ապրում են իրենց երեխաների, թոռների, հարազատների հույսին: Սակայն ունենք նաև միայնակ ծերեր, որոնց թվում  կանայք  մեծ տոկոս են կազմում,  և իրենց համար ապրելը շատ դժվար է լինում: Ես կցանկանայի, որպեսզի մենք , կամ  նրանք, ովքեր  կհայտնվեն խորհրդարանում լրջորեն  զբաղվեին այդ  հարցով, միայնակ ծերերի կենսաթոշակը միփոքր ավելանար, որ կարողանային ապրել, մենք  պոտք է  նրանց  համար ապահովենք արժանապատիվ ծերություն,-ասաց Լ. Մելքումյանը:

 

Խոսելով գենդերային կրթության անհրաժեշտության մասին, համաձայնվեց նախորդ բանախոսի  չափորոշիչների  ներդրման հետ: 

-Գենդերային հարցերը պետք է ուսումանսիրեն և ճանաչեն դեռ մանկապարտեզից,  որպեսզի փոքրիկները իմանան, որ սեռային տարբերությունը բացարձակապես կապ չունի այն գործի հետ, որն իրենք կարող են անել: Ուզում եմ անդրադառնալ օրենքների ֆինանսական կողմին: Մենք  ընդունում ենք  բազմաթիվ օրենքներ, որոնք չեն կարող իրականաություն դառնալ զուտ ֆինանսավորման կամ թե  բարի կամքի  բացակայության  պատճառով:

 

Գենդերային  կարծրատիպերի վերաբերյալ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ներկաներին  հիշեցրեց  մարդկության  պատմության  ընթացքում մայրիշխանության ժամանակները, երբ  շերեփը  կնոջ ձեռքում է եղել:

– Միշտ ասում եմ, որ եթե կանայք վերցնեն ղեկը իրենց ձեռքը, մենք անթերի հասարակություն կունենանք, դա իմ համոզմունքն է, քանի որ կանայք ավելի կարգապահ են: Ես հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ կունենաք կին նախագահ, կին վարչապետ, ԱԺ-ի կին նախագահ, նախարարարական պորտֆելների կեսից ավելին կանանց ձեռքում կլինի, մենք աստիճանաբար գնում ենք դրան: Ցավոք, ստացվում է այնպես,  որ մենք դարձյալ կանանցով ենք խոսում մեր խնդիրների մասին, լավ կլինի որ մեր քննարկումներին  հրավիրենք նաև տղամարդկանց, որ պարտադրենք նրանց լսել, թե մենք ինչ ենք ասում: Այստեղ բազմաթիվ ելույթներ հնչեցին մեկը մյուսից  խելացի, թող տղամարդիկ գան, նստեն և լսեն թե կանայք ինչպես են բարձրաձայնում խնդիրները և առաջարկում լուծումներ: Հաջորդը՝ գյուղաբնակ կանանց գյուղում աշխատելու հնարավորությունը որպես աշխատանքային ստաժ դիտարկելու առաջարկը համարում եմ  շատ  խելացի առաջարկ: Բայց գյուղերում այսօր ունենք նաև տղամարդիկ, ովքեր հողի վրա աշխատում են, սակայն դա ստաժ չի համարվում, այնպես որ, խնդիրը հավասարապես վերաբերում է և տղամարդկանց, և  կանանց:

 

Կանանց բռնությունների վերաբերյալ հնչեցին ելույթներ, այն մասին, թե ավելի շատ կանանց հանդեպ են բռնություն իրականացվում, մինչդեռ աշխարհը շատ տարօրինակ ձևափոխումների է ենթարկվում, մենք դրան ենք գնում: Բայց եկեք նայենք մեդալի երկու կողմն էլ, պատահում է, որ տղամարդիկ էլ  կանանց  կողմից են ենթարկվում բռնության:

 

Խոսեմ իշխանության բոլոր ճյուղերում և մակարդակներում կանանց ոչ բավարար ներկայացվածության մասին:  Երբ ունենք 18 նախարարություն, որտեղ միայն երկու կին կա, դա բավարար չի կարող համարվել, որովհետև վստահաբար, եթե լինի 50-50, ապա  շատ ավելի լավ կառավարություն կունենանք: Կանայք ղեկավար մարմիններում պետք է ներկայացված լինեն շատ ավելին:

 

Հաջորդը հարցը, որը վերաբերում է կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործմանն ու աշխատաշուկայում նրանց նկատմամաբ խտրականության առկայությայնը, ասեմ, որ սա անժխտելի փաստ է: Սակայն եթե նկատեցիք, մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետը պարգևատրեց կին գործարարներին՝ բիզնեսում առկա հաջողությունների համար, այսինքն կան բաներ, որ արվում են, բայց մեզ չի բավարարում, քանի որ մենք՝ կանայքս մաքսիմալիստ ենք,-իր ելույթն ավարտելով ասաց Մ.Եսայանը:

 

Եզրափակելով քննարկումը,  կին  թեկնածուները  խոստովանեցին, որ իրականում խնդիր ունեն   «Կանանց  օրակարգ»-ին վերաբերող հարցերը  կուսակցությունների ներսում առաջ տանելու հարցում, սակայն  խոստացան, որ ընտրվելու դեպքում փորձելու են հնծեցնելու այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից եւ  ուշադրության կենտրոնում  են  պահելու դրանք: 

 

«Կանանց  օրակարգ»-ի շուրջ  հանրային  քննարկումը կազմակերպվել էր ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և  ՕքսԵՋեն հիմնադրամի  կողմից՝ Ընտանիքի Ակադեմիա  ՀԿ-ի և Womennet էլեկտրոնային  կայքի ուժերով:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 433

Վերադառնալ վերև