Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Այսօր առաջին անգամ ավտոբուս եմ բարձրացել…»

Այսօր առաջին անգամ մանուշակագույն ավտոբուս եմ բարձրացել սայլակով« – գրել է  Զառա Բաթոյանը  իր ֆեյբուքյան էջում

 

« Այո, այսօր Երևանի համար պատմական օր էր : Դեռևս 2013 թվականից քաղաքապետարանի կողմից խոստացված 10 ավտոբուսները վերջապես դուրս եկան երթուղի: Դրանց վրա վերելակներ են տեղադրվել, և տեղաշարժման դժվարություն ունեցող մարդիկ, մանկասայլակներով ծնողներ կարող են հեշտությամբ բարձրանալ ավտոբուս: Բայց այսքանով ավտոբուսները չենք կարող ամբողջությամբ հարմարեցված համարել, քանի որ սայլակով ուղևորների համար ներսում չկան համապատասխան անվտանգության գոտիներ և որևէ միջոց՝ կոճակ կամ որևէ թել վարորդի հետ կապ հաստատելու համար: Այդ ամենը ես չեմ հնարել, և դա ոչ էլ իմ կամակորությունն է, դրանք միջազգային ստանդարտներ են, որոնք անհրաժեշտ են ուղևորի անվտանգության և տրանսպորտային միջոցից նրա ինքնուրույն օգտվելու համար: Այս մասին բազմիցս խոսել եմ նաև քաղաքապետարանի աշխատակիցների հետ, բայց որքան տեսնում եմ դեռ շատ անելիք կա: Ինչևէ, շնորհավորում եմ մեզ՝ երևանցիներիս, որովհետև մեր քաղաքը ևս մեկ ձեռբերում ունեցավ: Հուսով եմ խնդիրները լուծում կստանան, եթե, իհարկե, մենք չանենք մի բան՝ պարզապես անելու համար, այլ դա անենք իսկապես մեր քաղաքն ավելի լավը դարձնելու համար: Շնորհակալություն»…

 

 

Հ.Գ. «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զառա Բաթոյանը  և նույն խնդիրներով  զբաղվող բազմաթիվ այլ  կազմակերպություններ  բազմիցս են բարձրացրել Երևանի քաղաքապետարանի առջև  քաղաքային  միջավայրի մատչելիության խնդիրները, այդ թվում տրանսպորտի ոլորտում:   Այնպես որ այսօրվա իրադարձությունը ոչ միայն երկար տարիների երազանքի իրականացումն է, այլ իրենց հաղթանակն է, ինչի առիթով շնորհավորում ենք բոլորիս:  Չէ որ  հարմարեցված ավտոբուսները լուծում են նաև   երեխաների սայլակներով մայրիկների տեղափոխման  խնդիրները: :  Զուր չէ ասվում՝ այն ինչ հարմար է  հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, հարմար է բոլորին…

 

 

Նշենք, որ 10 քաղաքային  ավտոբուս  վերելակներով կահավորելու համար:քաղաքային բյուջեից  հատկացրել է  30 միլիոն  դրամ:  Թվով 5 երթուղիները, ինչպես նաև սպասարկման ժամային գոտիները համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ:

 

 

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, համար 13 երթուղին կգործի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ, համար 20-ը Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, համար 22-ը Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով՝ Էրեբունի, համար 28-ը՝ Քանաքեռ-Զեյթունից Նոր Նորքով՝ Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ «Գրացիա» Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն, համար 35-ը՝ Նոր Նորքից՝ Կենտրոն, ապա Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ:

 

Այս ծրագիրը կունենա իր շարունակությունը, ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝  խոստանալով, որ 2015 թվականին ևս 10 վերելակ կունենանք:

 

Դիտումների քանակը` 3370

Վերադառնալ վերև