Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կնիկ է, նրա հետ ի՞նչ հակասություն պիտի ունենամ»

Մեր քաղաքական այրերը չեն  կարողանում զերծ մնալ սեքսիստական բնույթի արտահայտություններից, հատկապես այն  կանանց նկատմամբ, ովքեր աչքի են ընկնում իրենց  ակտիվությամբ եւ քաղաքական բարձր  հավակնություններով:  Օրինակները բազմաթիվ են, սկսած « Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը»,  Կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի»«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը» ավելի վաղ հնչեցված արտահայտություններից,  վերջացրած այսօր հայտնի դարձած ՝« Կնիկ է, նրա հետ  ի՞նչ հակասություն պիտի ունենամ»  մեկնաբանությամբ:

 

Նախապատմությունը կապված է  քաղաքական վերջին զարգացումների հետ, որոնց  հետեւանքով հնարավոր  է, որ  Հայաստանի թիվ երկրորդ քաղաքական կուսակցությունը, որը նաև կշիռ ունի Ազգային Ժողովում, կին ղեկավար կունենա: Իհարկե  դա դեռ  հայտատված լուր չէ, քանի  որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին: Սակայն  շրջանարվող լուրերի համաձայն  համագումարի  գլխավոր ինտրիգը Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցության նախագահությունից հրաժարվելն է:  Հայտնի է դարձել նաեւ, որ  իբրև նրա հետնորդ  դիտարկվում է  ԲՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ահա այս հարցի շուրջ է փորձում մեկնաբանություններ ստանալ  ողջ լրատվական դաշտը :

 

Այսօր ԲՀԿ խմբակցության, պատգամավոր Աբրահամ Մանուկյանը՝ մեկնաբանելով իր  կուսակցությունից դուրս գալու լուրերը, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ որ մինչեւ համագումարը դա չի լինի, բայց դրանից հետո հնարավոր է դուրս գա: Իսկ հարցին՝ արդյոք դա պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ առաջնորդի հավանական թեկնածու է համարվում Նաիրա Զոհրաբյանը, արձագանքել է.  «Ես ընդհանրապես ոչ մեկի հետ հակասություն չունեմ: Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:  NEWS.am – ի լրագրողի նկատառմանը՝  կանանց հետ հակասություններ չե՞ն ունենում՝ նա կարճ է պատասխանել՝ «ոչ»:

 

Այս արտահայտությունը  մեկնաբանելու նպատակով  WomenNet.am-ը դիմեց կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանին:

 

«ԲՀԿ քաղաքական թիմը ունի այլ ձևակերպումներ, նման կերպով հնչեցված մտքեր մեզ համար ընդունելի չեն: Նախ, մենք «կնիկ» չենք անվանում մեր գործընկերներին, այլ հավուր պատշաճի անվանում ենք կանայք: Մեր կին գործընկերը ոչնչով մեզանից պակաս  չեն, որպեսզի իրենց կարծիքը, դիրքորոշումը հարգվի ճիշտ այնպես, ինչպես մյուսներինը»,-  ընդգծեց պատգամավորը:   Նրա խոսքով՝ այլ կերպ, այլ գործելակերպ, բացի միասնաբար որոշումների կայացումից, միասնական դիրքորոշումներից, փոխադարձ հարգանքից ու վստահությունից ԲՀԿ-ում լինել չի կարող:

 

Ի դեպ, ԲՀԿ նախագահ ընտրվելու մասին  լուրերը մեկնաբանել է նաև Նաիրա Զոհրաբյանը ՝ ասելով . «Այժմ անպարկեշտ է խոսել որեւէ մեկի մասին, քանի դեռ կուսակցության  նախագահը Գագիկ Ծառուկյանն է: Կլինի համագումար եւ եթե համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացնի հրաժարական, կարծում եմ՝ համագումարը կընտրի նախագահ: Մեր կուսակցությունում շատ արժանի մարդիկ կան»: Հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում լուրերը, որ Ձեր՝ կուսակցության նախագահ ընտրվելուց հետո ոմանք հնարավոր է լքեն ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն նման որեւէ մեկը հայտնի չէ…

 

 

Դիտումների քանակը` 2931

Վերադառնալ վերև