Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օրենքին դեմ բերվող փաստարկներն աբսուրդի ժանրից են. բուռն քննարկում  Փաստաբանների պալատում

«Խնդրում եմ  չառաջնորդվել խելագարության կանխավարկածով», – թեժ քննարկումների սիրահարներին ուղղված այս  հորդորն վաղուց արդեն թևավոր արտահայտություն է դարձել: Հեղինակը՝  իրավաբանության դոկտոր, ՀՀ առաջին սահմանդրության հեղինակներից մեկը   Վլադիմիր Նազարյանն է, ով մասնագիտական շրջանակներում հայտնի էր նաև իր սուր ու դիպուկ  խոսքով: Օրերս   Փաստաբանների պալատում տեղի ունեցած  ընտանեկան բռնության  մասին օրինագծի քննարկման ժամանակ  որոշ փաստաբանների  կողմից  հնչեցվող փաստարկները կարելի է դասել   ոչ  միայն խելագարության այլ  «անհեթեթության կանխավարկածի» շարքին:  Ավելին, ցավալի էր , որ մասանգիտական կարծիքները  քիչ էին տարբերվում  օրենքի որոշ  ընդդիմախոսների մինչ այդ  հնչեցված  պրիմիտիվ վախերից , որոնց հիմնական  նպատակն է  վարկաբեկել օրինագիծը  զավեշտալի օրինակների միջոցով :

… «Եթե ամուսինը կնոջ աշխատավարձը գրպանում է, դա կարող է համարվել տնտեսական բռնություն եւ ենթադրվում է, որ օրենքը գրողները հենց դա են նկատի ունեցել, բայց կարող է ծնողը երեխայի գումարը վերցնի, որ նա, օրինակ, չգնա գիշերային ակումբ եւ դա նույնպես համարվի տնտեսական բռնություն: Իմ լավ գործընկեր իրավաբաններից մեկը ապաստարանների դրույթի հետ կապված մի լավ բան ասաց՝ մեր հայերը կարող են լավ լուծում գտնել եւ երբ հայրը արտագնա աշխատանքի կգնա, կնոջը, երեխային կտա ապաստարաններ, որ անվճար ապրեն, մինչեւ գա»…

 

…«Հոգեբանական եւ տնտեսական բռնություն կարող է համարվել գիրանալու հակում ունեցող երեխային երեկոյան հացաբուլկեղենից զրկելը, երեխաներին սովորեցնելը, որ իրենց ցանկություններն ու կրքերը զսպեն, ծնողի պարտականությունները կարող են նմանվել տնտեսական կամ հոգեբանական բռնություններին: Ու թեպետ Արդարադատության նախարարության  ներկայացուցիչները նշում են, որ այդ դեպքերը չեն կարող համարվել տնտեսական կամ հոգեբանական բռնություն, բայց իրավական ակտը մեկնաբանվում է նրանում պարունակվող արտահայտությունների տառացի մեկնաբանությամբ»…

 

Այս և նմանատիպ այլ փաստարկները  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի զինանոցին  են: Նա   օրենքին դեմ լինելու իր հիմնավորումներն ունի: Նախ, ընտանեկան բռնության մասին բերվող վիճակագրական տվյալները նրան համոզիչ չեն թվում խնդրին իրավական կարգավորում տալու  համար: Երկրորդը,  նրա կարծիքով,  նախագծում ձևակերպումներ կան, որոնք կարող են խաթարել ներընտանեկան անդորրը: ՓՊ-ում տեղի ունեցած քննարկման ընթացքում պալատի նախագահը նշեց, որ ընտանիքը փակ է, միջանձնային գաղտնիություն կա և օրինագիծը կարող է հնարավորություն տալ պետության ներկայացուցչին ներխուժելու այդ միջավայր.

 

 «Նախագծով ոստիկանության ներկայացուցիչներն ունենալու են լիազորություն՝ միջամտելու և հետևանքներ առաջացնելու ընտանիքի անդամների նկատմամբ: Կարող են հեռացնել բռնություններ անողին իր տնից, ընդ որում, ընտանիքի այդ անդամը կարող է լինել նաև սեփականատերը, կարող է երեխաների տեսակցության ժամանակավոր կարգ սահմանել, մինչդեռ ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ դատարանի որոշմամբ, այստեղ արդեն հակասահմանադրական դրույթ կա»,- ասաց Արա Զոհրաբյանը:

 

Մեկ այլ փաստաբան՝ Մարինե Ֆարմանյանը, ով նույնպես  օրինագծի ընդունմանը դեմ է, մտահոգված է դրանում առկա շատ թերություններով:  «Կարելի է, իհարկե, մշակել, քանի որ բռնությունն առհասարակ դատապարտելի է` կլինի ընտանեկան, թե այլ դրսևորումներով: Ինչ վերաբերում է բռնություններին, պետությունն, այո, պետք է հատուկ ուշադրություն հատկացնի, բայց այս նախագիծը նախ չի համապատասխանում մեր ազգային մենթալիտետին, վտանգավոր է ընտանեկան հարաբերությունների տիրույթ մուտք գործելու առումով և դրանում սահմանված չեն մի շարք իրավական նորմերի հասկացությունները»,- ասաց փաստաբանը:

 

Մարինե Ֆարմանյանն ընդգծեց` եթե ստեղծվի օրինագծով նախատեսվող հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին, պիտի տվյալ անձինք մեծ ուսումնառություն անցնեն, քանի որ հենց նրանց է հնարավորություն տրվելու միջամտել ընտանեկան հարաբերություններին. «Նրանք պետք է մի շարք` տնտեսական, իրավական, հոգեբանական գիտելիքներով զինված լինեն, որովհետև, ինչպես գիտենք, նախագծում բռնության տեսակները տարանջատվում են` տնտեսականի, հոգեբանականի, ֆիզիկականի: Ֆիզիկականի մասով, իհարկե, հասկանալի է, չնայած այդ մասով մենք քրեական իրավունքում ունենք հստակ կարգավորումներ, և անձը` կլինի չափահաս, թե անչափահաս, հնարավորություն ունի օրենքով սահմանված կարգով պաշտպանվելու»:

 

Փաստաբանների  դիտարկումներից  ոգեշնչված լրագրող Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե այս օրենքն ընդունվի, ծեծի փաստը արձանագրվեց՝ վերջ, չեն հաշվի առնելու, թե ինչ պատճառով է ամուսինը կնոջը ծեծել. « Ոստիկանը հնարավորություն է ստանում պաշտոնական նախազգուշացման որոշումից հետո ձեր կյանքը դժոխքի վերածելու: Օրվա ընթացքում որքան ուզենա նա կարող է այցելել ձեր տուն, իրավունք չունեք թույլ չտալ, դրա համար պատասխանատվություն է նախատեսվում: Կարող է այդ պահին աշխատանքային ընկերներով հավաքույթ ունենաս՝ մտնի ասի՝ հը՞, էսօր հո կնգադ չե՞ս ապտակել, կամ տղայիդ ականջը հո չե՞ս ձգել»: Աշխատանքային ընկերները կզարմանան, կգնան կասեն՝ գիտես, Արթուրի տունը այսպիսի բան է եղել, խայտառակ կլինես կոլեկտիվում»:

Ընդհանուր առմամբ,  քննարկումը Փաստաբանների պալատում բավական բուռն էր: Ներկաների մի մասը պնդում էր, որ օրինագիծն այս տեսքով անընդունելի է ու դրա որոշ դրույթներ ու ձևակերպումներ լրամշկման կամ հստակեցման կարիք ունեն: Մյուսներն էլ կարծում էին, որ օրինագիծը ոչ միայն անհրաժեշտ է, այլև՝ ուշացած:

 

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այս կարծիքի կողմնակիցներից է, եւ այդ պատճառով քննարկման ընթացքում նույնիսկ վիրավորանքների արժանացավ: Ասում է` նման օրենք պետք է, քանի որ, գործող փաստաբան լինելով, բազմիցս բախվել է դրա անհրաժեշտությանը. «Փաստաբանների պալատում քննարկման ժամանակ օրենքին կողմ արտահայտած իմ կարծիքը բավական ծանր ընդունվեց, չգիտես ինչու՝ անցան նաև անձնական վիրավորանքների, բայց այնտեղ էլ մի օրինակ բերեցի, որն ավարտվել էր կացնահարությամբ: Այս դեպքում ամուսինը, ում նկատմամբ հիմա քրեական գործ կա, ամիսներ շարունակ դարանակալում էր, փորձում էր մոտենալ կնոջը, ահաբեկել: Անընդհատ ահազանգերը ոստիկանություն արդյունք չէին տալիս: Օրինապահները պատասխանում էին, որ լծակներ չունեն ու չեն կարող խախտել ամուսնու ազատ տեղաշարժի իրավունքը: Այնպես ստացվեց, որ, ի վերջո, տեղի ունեցավ այս ողբերգությունը: Հենց այդ պատճառով եմ ասում` օրենքը նույնիսկ ուշացած է: Շատ դեպքերում այն կարող էր կանխարգելիչ բնույթ ունենալ»,- ասաց փաստաբանը:

 

Ինեսսա Պետրոսյանն ընդունում է` այո, օրինագիծը կատարյալ չէ. «Ես էլ կողմ կլինեմ, որպեսզի լինեն որոշ հստակեցումներ ու լրամշակումներ: Շատ չեմ մասնավորեցնի, թե կոնկրետ որ դեպքերի համար, բայց կարելի է լրամշակել ու նոր ուղարկել վերջնական հաստատման»:

 

Փաստաբանը շեշտեց` այս օրենքը քրեականացնող օրենք չէ. «Քրեական օրենսգիրքն այն դեպքերի համար է, երբ անձի արարքում կա հանցակազմ, իսկ այս օրենքը գալիս է, երբ արարքում հանցակազմ չի պարունակվում. կանխարգելիչ է: Օրինակ` շատ դեպքերում, հասկանալի է, ընտանիք է, ընտանեկան հարաբերություններ, ու կինը, անկախ իրավիճակից, չի ցանկանում, որ իր ամուսինը ենթարկվի քրեական պատասխանատվության, ու, արդյունքում՝ որոշ հանցագործություններ կոծկվում են: Իսկ այս օրինագծի դեպքում, երբ կինը գիտի, որ քրեական պատասխանատվության խնդիր չկա, այլ, ուղղակի, իր ամուսնուն կարող են նախազգուշացնել կամ այլ միջոցների դիմել, գուցե, բարձրաձայնի իրավիճակի մասին: Սա լրիվ այլ օրենք է, ու այն չի կարելի նույնականացնել Քրեական օրենսգրքի հետ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

 

Փաստաբանն անդրադարձ կատարեց  նաև բռնության ենթարկված անձանց համար ապաստարանների ստեղծման հարցին ու ընդգծում` նման ապաստարաններ գործում են այսօր էլ, սակայն հասարակական հիմունքներով.  «Եվ հետաքրքիր է, որ այդ հասարակական կազմակերպություններին ապաստարանների հարցով դիմում են հենց ոստիկանության աշխատակիցները ու քննիչները, որ այնտեղ տեղավորեն բռնության ենթարկված մարդկանց»,- ասաց փաստաբանը:

 

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման» մասին օրինագծին հաճախ դեմ են արտահայտվում, քանի որ խորապես չեն ուսումնասիրել այն, կարծում է  մեկ այլ փաստաբան Նոնա Գալստյանը, ով անձամբ աշխատում է  ընտանեկան բռնությունից  տուժվածների հետ կանանց աջակցման կենտրոնում:

 

«Երբ լսում ես հակափաստարկները, հասկանում ես, որ մարդիկ չգիտեն, թե ինչ է պետք հասկանալ տնտեսական կամ հոգեբանական բռնություն ասվածի տակ: Հիմնական վիճահարույց կետերն ու հակափաստարկները պտտվում են միայն բռնության այս երկու տեսակների շուրջ, կարծես, ֆիզիկական ու սեռական բռնության վերաբերյալ դիտարկումներ չկան, քանի որ դրանք կարգավորում է քրեական օրենսգիրքը: Ինչո՞ւ է մեզ պետք այս օրենքը: Ես բազմիցս նշել եմ` կան իրավիճակներ, երբ զոհը բացարձակ խոցելի ու բաց վիճակում է հայտնվում: Այսինքն՝ ընտանեկան բռնության դեպքից հետո, անգամ եթե այդ կատարված դեպքը ներկա օրենսդրության պայմաններում պատժելի չէ, դրանից հետո զոհը բաց է նորից ու նորից բռնությունների ենթարկվելու վտանգի առաջ»,- ասում է Նոնա Գալստյանն ու ընդգծում` կրկնակի, եռակի բռնությունների դեպքում էլ, հնարավոր է, քրեական պատասխանատվության հարց չառաջանա.

 

«Երկրորդ հարցն այն է, որ այստեղ ունենք նաև կանխարգելման խնդիր: Եվ կուզենայի ասել նաև այն, որ շատ է ասվում հայկական ավանդական ընտանիք, ավանդական հարաբերություններ և այլն… Կուզենայի հստակ սահմանում տային` ի՞նչ է ավանդական հայկական ընտանիքը, այն ընտանիքն է, որտեղ ամուսինը պարբերաբար պետք է ծեծի կամ հոգեբանորեն նվաստացնի՞ կնոջը: Այնպիսի աբսուրդ օրինակներ են բերում, ասենք, երեխան քաղցրավենիք ուզեց, չգնեցինք կամ երեխային դաստիարակելու համար վրան գոռացինք, իհարկե, դրանք բռնություններ չեն: Այսինքն՝ մարդիկ կա՛մ չեն հասկանում նախագիծը, կա՛մ բերում են փաստարկներ, որոնք լուրջ չեն»,- ասում է փաստաբանն ու ավելացնում.

 

«Ասում են` 700 կամ 800 բռնության դեպքը, որ բերում է ոստիկանությունը, մեծ ծավալ չի կազմում: Իմ կարծիքով՝ ընտանեկան իրավահարաբերություններում նույնիսկ մեկ կամ երկու դեպքը, եթե կա ծեծ, խոշտանգում, մահ և այլն, դա արդեն ահազանգ պետք է հանդիսանա հասարակության համար: Որևէ մեկն անհարկի կերպով ընտանեկան հարաբերություններին միջամտելու հնարավորություն այս օրենքով չի ստանում: Խոսքը վերաբերում է այն ընտանիքիներին, որտեղ կա բռնություն: Պետք չէ տարանջատել բռնություն կնոջ, երեխայի կամ ամուսնու նկատմամբ: Ցանկացած անձ, ով բռնության կդիմի, պետք է հասկանա, որ կա օրենք, որի շրջանակում նա պատասխանատվության կենթարկվի»,- ասում է փաստաբանը:

 

 Նշենք, որ ծավալված քննարկումների արդյունքում ՀՀ Փաստաբանների պալատում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եղած կարծիքներն ու տեսակետները ներառելու է միասնական փաթեթում ու ներկայացնելու է ՀՀ արդարադատության նախարարություն:

 

Սոնա Մարտիրոսյան 

 

 

Դիտումների քանակը` 156

Վերադառնալ վերև