Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչպես է աշխատում Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը Վրաստանում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» նախաձեռնությամբ Երևանում վերջերս կայացավ «Հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կոնֆերանս, որի շրջանակում Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկեցին օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված հաջողված փորձն ու առկա մարտահրավերները երկու երկրներում: WomenNet.am-ը զրուցեց Վրաստանից ժամանած իրավապաշտպանների հետ՝ պարզելու համար ինչպես է աշխատում ընտանեկան բռնության կանխարգելման  օրենքը  իրենց մոտ:

 

Մեծանում է  այն կանանց թիվը, ովքեր դիմում են իրավապահ մարմիններին

 

Նշենք, որ Վրաստանում «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և օգնության մասին» օրենքն ընդունվել է 2006 թվականին: Անցած տաս տարվա  ընթացքում օրենքը բազմիցս լրամշակվել է, իսկ 2012 թվականից ընտանեկան բռնությունը Վրասատանում  արդեն քրեականացված է:  Անդրադառնալով այն խնդրին, թե ինչ արձագանք ստացավ օրենքի քրեականացման առաջարկը հասարակության կողմից Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Գենդերային հավասարության ստորաբաժանման ավագ մասնագետ Անն Լոբժանիձե  նշեց, որ ճանապարհը դեպի դա բարդ էր, քանի որ իշխանությունները միանգամից չէ, որ ընդունեցին, որ ընտանեկան բռնությունը ոչ թե ընտանիքի ներքին խնդիրն է, այլ հանրության խնդիր և  միայն դրանից հետո հաջողվեց հասնել նրան, որ  այն պետք է քրեականացվի: Ու եթե առաջին փուլում օրենքի ընդունումը  բարձրացրեց հանրության  իրազեկվածության մակարդակը և ավելի հիմնավոր  դաշտ ստեղծեց այս խնդրի մասին խոսելու համար, ապա  երևույթը  դատապարտելու ու մեղավորներին պատժելու համար շատ կարևոր էր նաև  քրեականացումը:

«Ամենամեծ բացը նա էր, որ հասարակության որոշ հատվածների կողմից կար լուրջ  հակադրություն, թե կառավարությունը իրավունք չունի մտնել ընտանիք և քրեականացնել պատիժները ընտանեկան բռնության համար : Բայց քրեականացումը անհրաժեշտ էր»,- շեշտեց նա:

 

Ընտանեկան բռնության  առանձնահատկություններից մեկը, ինչպես հայտնի է նրա բարձր լատենտայնությունն է:  Օրենքի ընդունումը, Վրաստանից ժամանած գործընկերների գնահատմամբ , նպաստեց  ընտանեկան բռնության «ստվերից դուրս գալուն»,  թեպետ ինչպես և տասը տարի առաջ, այնպես էլ այսօր հիմնախնդրի  իրական  մասշտաբները երկրում  ավելի մեծ են, քան արտացոլվում է պաշտոնական վիճակագրության մեջ:  Արձանագրվող դեպքերի թիվը, որը աճում է ,  վկայում է, որ օրենքի առկայությունն ավելի տեսանելի է դարձրել  ընտանեկան բռնությունը հասարակության համար և հետևապես հեշտացրել դրա դեմ պայքարը: Կանայք  թեև շարունակում են վախենալ բարձրաձայնել իրենց ընտանիքներում տիրող խնդիրների ու ընտանեկան բռնության ենթարկվելու մասին, բայց մեծանում է  նաև այն կանանց թիվը, ովքեր դիմում են իրավապահ մարմիններին ու  փորձում  պաշտպանություն գտնել օրենքի միջոցով :  

 

Այսպես, օրինակ, Վրաստանում  2015 թվականին 1.5 անգամ ավելի մեծ թվով ընտանեկան բռնության դեպքեր արձանագրվեցին, քան մեկ տարի առաջ էր: Նշված տարում հարևան երկրում գրանցվել է 900 հանցագործություն ընտանիքներում, ինչը 2013 թվականի համեմատ շուրջ երկու անգամ ավելի ցուցանիշ է: Բայց իրավապաշտպանները այս ավելացումը բացատրում են նրանով, որ կանայք , ովքեր առաջ լռում էին  ավելի շատ են սկսել դիմել իրավապահ մարմինների օգնությանը:  Նրանց խոսքով,  դժվար է պատկերացնել ինչպիսի ավարտ կունենար ընտանեկան բռնությունը այն կանանց համար, ում արդեն իսկ ռեալ  պաշտպանել  է  օրենքով նախատեսված  անհետաձգելի միջամտության որոշումը  կամ պաշպանական օրդերը:  Ու թեպետ ասել, որ օրենքի ընդունաումից հետո  ընտանեկան բռնության հողի վրա սպանություննեը վերացել են  երկրում չեն կարող,  սակայն  բազմաթիվ օրինակներ կան, երբ  օրենքը  կանխարգելիչ դեր է խաղացել՝ կանխելով  դեպքերի հնարավոր  ողբերգական ավարտը տվյալ ընտանիքների համար:    

 

Միթե՞ բռնության վրա կառուցված ընտանիքն է  ավանդական արժեք հանդիսանում

 

Վրաստանի Հակաբռնության ցանցի մարզային համակարգող Էլիսո Ամերիջիբին WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց, որ  ժամանակին  օրենքի ընդունումը իր երկրում էլ, ինչպես և Հայաստանում, լուրջ հակազդեցության ու պայքարի ճանապարհ անցավ:  Վրաստանում էլ հայտարարում էին, որ նման օրենքի ընդունումը  իբր հարված է ավանդական ընտանիքին ու արժեքներին, թեպետ բոլորի համար ակնհայտ էր, որ ավանդական արժեքները  բռնության վրա չեն հիմնված : «Օրենքի ընդունումը լուրջ դիմադրության հանդիպեց, քանի որ ընդդիմախոսները հայտարարում էին, թե Վրաստանում ընտանեկան բռնություն գոյություն չունի և ընտանիքը ամենաարժեքավորն է, ինչ կա: Եվ եթե նման օրենք ընդունվի, ապա այն կհարվածի այդքան ամուր ու ավանդական ընտանիքներին: Բայց միթե՞ բռնության վրա կառուցված ընտանիքն է  ավանդական արժեք հանդիսանում: Վիճակագրության հիման վրա հարց առաջ քաշվեց՝ ի՞նչ արժեք ունի նման ընտանիքը, երբ կինը, փակելով իր ետևից դուռը, վախենում է, որ կենթարկվի ծեծի կամ այլ բռնության: Եթե նույնիսկ մի կողմ դնենք  այն , որ Վրաստանը նաև միջազգային փաստաթղթեր ու Կոնվենցիաներ էր ստորագրել ընտանեկան բռնությունները կանխելու ուղղությամբ, արդյոք  կարելի էր հանդուրժել, որ կանայք  շարունակեն ենթարկվել բռնության  իրենց իսկ տան ներսում: Բայց, բարեբախտաբար, օրենքն ընդունվեց»,- նշեց նա:

Արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս նպաստեց օրենքի ընդունումը, հատկապես դրա քրեականացումը ընտանեկան բռնության դեպքերի նվազման առումով, փորձագետը նշեց, որ օրենքը, անշուշտ, դրական ազդեցություն ունի, քանի որ  կանայք սկսել  են ավելի շատ դիմել իրավապահներին, իսկ վերջիններս էլ արդեն հստակ առանձնացնում են ընտանեկան բռնության դեպքերը  ըստ օրենքով ամրագրված կատեգորիաների, ինչը նախկինում բացակայում էր, քանզի դա փակ թեմա էր:  

 

«Նախկինում միայն այն դեպքում էին քրեական գործ հարուցում, երբ կինը սպանվում էր կամ առողջությանը շատ ծանր վնաս ստանում, մնացած դեպքերում հստակեցում չէր լինում: Բայց չէ՞ որ կանայք ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկվում, այլև հոգեբանական, տնտեսական, ինչը, երբեմն, շատ ավելի ծանր բեռ է կնոջ համար: Այս ամենը որպես բռնություն չէր ընկալվում, հատկապես, որ արմատացած էր, որ կովկասցի տղամարդը պետք է ընտանիքն ապահովի, իսկ կնոջ տեղը խոհանոցում է: Իրականում կնոջ ներուժի ու հնարավորությունների արհամարհումը շատ լուրջ խնդիր է ու մարտահրավեր, եւ դրա հիմքերը ընտանիքում են դրվում»,- շեշտեց նա:

 

Էլիսո Ամերիջիի խոսքով, քաղաքականության  և որոշում կայացնող օղակներում է կանանց ակնհայտ փոքր թիվը նույնպես  ընտանիքներում դերերի բաշխվածության հետևանք են, այն հոգեբանական բռնությունների արդյունք են, որ ենթարկվում են կանայք՝ հետագայում զրկվելով ներդաշնակ հասարակությունում ապրելու և գործունեություն ծավալելու հնարավորությունից: «Այնպես որ օրենքի անհրաժեշտությունը միշտ էլ կասկածից վեր է եղել»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Կոտրվում են կարծրատիպերը 

 

WomenNet.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է օրենքի ընդունումը փոխել երիտասարդ սերունդի վերաբերմունքը կարծրատիպերի նկատմամբ, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Թամար Դեկանոսիձեն նշեց, որ իսկապես շատ բան է փոխվել, խնդրի մասին իրազեկվածության մակարդակն է բարձրացել՝ թե՛ դպրոցներում են ընտանեկան բռնության մասին շատ են խոսում, այսինքն ձևավորվել է դիսկուրս, թե՛ մեդիայում ու համացանցում, իսկ այդ ամենը նաև քաղաքացիական հասարակության շնորհիվ է իրականացվել: Սակայն նրա խոսքով,   կան նաև խնդիրներ, քանի որ  փոփոխությունները հիմնականում տեղի են ունենում մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ մարզերում կարծրատիպերն ավելի ուժեղ են  արմատացած: «Շրջաններում դեռ շատ գործ կա անելու, անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Հատկապես, որ այդ շրջաններում կան նաև էթնիկ փոքրամասնություններ, որոնց տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար այն պետք է ներկայացվի իրենց մայրենի լեզվով, իսկ սա հավելյալ բարդություն է ստեղծում: Այնպես որ փոփոխությունները նկատելի են կենտրոնում, բայց շրջանները դեռ լուսանցքից դուրս են»,- հավելեց նա:

Հիշեցնենք, ՀՀ արդարադատության նախարարությունը սեպտեմբերի վերջին հրապարակեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը բուռն քննարկման առարկա է դարձել  Հայաստանում:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1001

Վերադառնալ վերև