Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լենա Նազարյան. «Ընտանեկան բռնության  հարցը արժանապատվություն, կամք ու պատասխանատվություն ունեցող տղամարդկանց հարցն է նաև»  

«Oրենքին զուգահեռ պետք է լինի հանրային պարսավանք ու   անհանդուրժողականություն ընտանեկան բռնության հանդեպ», – համոզված է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը  Կարևորելով   «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը    նա ներկայացնում է  WomenNet.am-ի զրույցում  իր դիրքորոշման  հիմնավորումները:

 

-Օրենքի նպատակն է պաշտպանել, օգնել առաջին հերթին բռնության ենթարկված մարդկանց, ովքեր մեծամասամբ կանայք և երեխաներ են, ինչպես նաև օգնել բռնարարին դադարեցնել այդ ամոթալի վարքն ընտանիքում: Ընտանեկան բռնության առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենում մտերիմ, երկարատև, վստահելի և ընտանեկան հարաբերություններում, ինչը բարդացնում է օգնելու նպատակով միջամտության գործը: Բռնությունը տեղի է ունենում այն մարդու կողմից, ում զոհը սիրում և վստահում է: Ընտանեկան բռնությունից տուժվածը  հաճախ մտածում է, որ բռնարարն ագրեսիվ է, որովհետև դժվար ժամանակաշրջան է ապրում կամ ինքն է ինչ որ բան սխալ անում ու փորձում է օգնել, մինչդեռ առաջին հերթին հենց ինքը օգնության կարիք ունի: Շատ նուրբ հարց է ու պետք է զգույշ լինել, հաշվի առնել մարդկանց հոգեվիճակը ու ցանկությունները:

 

Հուսադրող է, որ այս օրենքի ընդունման դեպքում իրավապահ մարմինների կազմում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը մասնագիտացված կլինի դժվարություններ ունեցող ընտանիքների հետ աշխատելու համար: Կրթության ու առողջապահության ոլորտների լիազոր մարմինները նույնպես կունենան պարտավորություններ ընտանեկան բռնության մասին տեղեկություններ հավաքելու, իրազեկելու ու կանխելու համար: Օրենքը շատ լավ հնարավորություն է, որ զարգանա սոցիալական աջակցության ինստիտուտը, իսկ դա առաջին օղակն է, որտեղ մարդիկ պետք է ստանան օգնությունը:

 

-Ի՞նչ չափով   է օրենքը օգնելու  պայքարել  հասարակության ընկալումներում ընտանեկան բռնության դեմ :

 

– Իհարկե, օրենքն ինքնին կանխարգելիչ գործոն է, բայց այն ավելի շատ գործելու է որպես հակազդեցություն տեղի ունեցած բռնության նկատմամբ, այսինքն՝ ավելի շատ գործ է ունենալու հետևանքների հետ: Մենք պետք է աշխատենք նաև ընտանեկան բռնության պատճառները վերացնելու ուղղությամբ: Մարդիկ շատ արարքներ չեն գործում, որովհետև անօրինական է, բայց շատ ավելի շատ բաներ չեն անում, որովհետև հանրային ընկալման մեջ այդ արարքը համարվում է սխալ, ամոթալի, ոչ արժանապատիվ ու միայն կամազուրկ մարդկանց արարք: Հետևապես օրենքին զուգահեռ պետք է լինի հանրային պարսավանք ու անհանդուրժողականություն ընտանեկան բռնության հանդեպ:

 

Կա երկու պատճառ ընտանեկան բռնության. Առաջինն անհատական մակարդակում քարանձավային մտածողությունն է, որ՝ իմ կինն է, ինչ կուզեմ կանեմ և երկրորդ՝ հանրային մակարդակում նույն կարգի  մտածողությունն է, որ ընտանեկան բռնությունը մասնավոր գործ է: Այդպես չէ: Ոչ մեկ իրավունք չունի վնասել կնոջը, երեխաներին, տղամարդուն և ընտանեկան բռնությունը մասնավոր հարց չէ հենց միայն այն պատճառով, որ  բռնության ենթարկված երեխաները գնում են դպրոց, ծառայում են բանակում, ամուսնանում են ու այդ բռնարար վարքը տարածվում է նաև հանրային կյանքում և մեկ ընտանիքից  դուրս: Այդ իսկ նկատառումով է նաև անհրաժեշը, որ այս հարցը վերաբերի բոլորին, քննարկվի, անընդունելի ու ամոթալի համարվի հանրության կողմից, այլ ոչ թե լռության մատնվի ու համարվի ինչ որ մեկի մասնավոր կյանքի հարց: Եվ հանրային կարծիքի ձևավորման գործում շատ մեծ նշանակություն ունի նաև տղամարդկանց դերը:

 

Կարծրատիպերից մեկն էլ այն է, որ ընտանեկան բռնությունը կանանց հարց է, քանի որ կանայք են տուժվածները, կանայք են խոսում սրա մասին, կանայք են օգնում իրար: Բայց ես համաձայն չեմ սրա հետ: Ընտանեկան բռնության  հարցը արժանապատվություն, կամք ու պատասխանատվություն ունեցող տղամարդկանց հարցն է նաև: Եվ հատկապես այն տղամարդկանց, ովքեր առաջնորդներ են քաղաքական, հասարակական, սպորտային, կրթական, տնտեսական, մշակությաին կյանքում և կարող են ազդել պատանիների աշխարհայացքի ձևավորման գործում: Երբ ես խոսում եմ ընտանեկան բռնության խնդրի մասին, ես դա անում եմ ոչ միայն այն պատճառով, որ կին եմ ու ուզում եմ կանանց պաշտպանել, այլև որովհետև հանրային կարծիք ձևավորելու պատասխանատվություն ունեմ ու պարտավոր եմ դեռահասներին ցույց տալու, որ ընտանեկան բռնությունը չի կարող նրանց ապագան լինել:

 

Ձեր որոշ գործընկերներ նշում են նախագծում վիճահարույց կետերի մասին, Ձեզ համար այդպիսիք կա՞ն:

 

-Եթե նկատի ունեք «ԵԼՔ»  խմբակցության իմ գործընկերներին, ապա նրանց հարցերը վերաբերում են օրենքի որոշ դրույթների գործնական կիրարկմանը, այլ ոչ թե գաղափարին: Ես նույնպես ունեմ հարցեր, որոնք վերաբերում են որոշ սահմանափակումներին բռնարարի հանդեպ: Հուսամ՝ օրենքի հեղինակները ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ կկարողանան սպառիչ պարզաբանումներ տալ:  

 

Հաճախ կարելի է լսել արտահայտություն, թե այս օրենքը կխաթարի հայկական ավանդական ընտանիքը: Արդյոք պայքարն ընդդեմ բռնության կարո՞ղ է  դիտվել  որպես բացասական երևույթ :

 

-Ոչինչ չի կարող ավելի հեշտ  խաթարել ընտանիքը, քան բռնությունը: Դժվարանում եմ ասել, թե ինչ է ավանդական ընտանիքը: Գիտեմ միայն, որ պետք չէ գրագետ ծնողավարությունը, տեղին դրսևորած ծնողական խստությունն ու պահանջկոտությունը, դաստիրակչական նկատառումներով անչափահաս երեխային ինչ որ բան արգելելը շփոթել բռնության ու տևական խոշտանգումների հետ ու դիտավորյալ զավեշտի վերածել քննարկումները՝ նսեմացնելով օրենքի կարևորությունը  անպատասխանատու,  անհեթեթ հայտարություններով ու  անտեսելով հարցի լրջությունը: Իսկ եթե դեռ կան այնպիսի հետադիմական անվանդույթներ ու սովորույթներ, որոնք սնում են գենդերային կարծրատիպերն ու բռնության մշակույթը, տղամարդու՝ վերահսկելու ու իշխելու քարանձավային բնազդները, ապա դրանք պետք է մերժել ու առաջ անցնել:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 640

Վերադառնալ վերև