Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտանեկան բռնության մասին օրինագծի հետ կապված  զավեշտների թոփ տասնյակը

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները  առանձնանում  են նրանով , որ ընդդիմախոսներն իրենց փաստարկներով հաճախ ծայրահեղության սահման  են հատում: Բարձրաձայնվող «մտահոգությունների»  առաջին տեղում այն   է, որ  իբր   «այս օրենքը  կխարխլի ավանդական ընտանիքի հիմքերն ու արժեքները»…Դրան հաջորդում են  մեկնաբանությունները ՝  «Երեխաներին ընտանիքներից հեռացնելու են, ծնողներից վերցնելու», «Հացաբուլկեղենից երեխային զրկելը բռնություն է դիտարկվելու» կամ   «Նման օրենքի հանրային պահանջը չկա Հայաստանում»  …  

 

«Իսկ եթե փոքրիկին չհաջողվեր փրկել՝ հանրության պահանջ կլինե՞ր»

 

…Հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի մանկապարտեզ էր ներխուժել 36 ամյա Արգամ Հովիկյանը, որը փորձել էր այնտեղ աշխատող իր նախկին կնոջը դուրս հանել՝ դանակի սպառնալիքով: Ապա այս տղամարդը պատանդ էր վերցրել մանակապարտեզի 3 ամյա սանին եւ միայն  ժամեր հետո ոստիկաններին հաջողվել է փոքրիկին ազատել պատանդատառուից:

 

Այս միջադեպը  տեղի էր  ունեցել  հենց այն շրջանում երբ բուռն քննարկվում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագիծը, որի ընդդիմախոսները պնդում են, թե նման օրենքի հանրային պահանջը չկա Հայաստանում: Հիմա, երբ ընտանեկան բռնությունը դուրս է գալիս ընտանիքի սահմաններից եւ այն, ըստ էության, սպառնալիք է դառնում հասարակությանը, միթե կրկին պետք է պնդել, որ հանրության պահանջը չկա: Ընտանեկան բռնությունը հասավ նաեւ մանկապարտեզ, իսկ եթե փոքրիկին չհաջողվեր փրկել՝ հանրության պահանջ կլինե՞ր օրինագիծն ընդունելու:

 

«Երեխաներին ընտանիքներից օտարելու» խնդիրը վաղուց  կարգավորված է Ընտանեկան օրենսգրքով

 

Պնդումները, թե այս օրենքով  իբր հնարավորություն է տրվելու  երեխաներին ընտանիքներից օտարելուն, կամ զրկելու ծնողական իրավունքներից, իրականում որեւէ հիմքեր չունի, քանի որ դեռևս 2004 թվականին ընդունված Ընտանեկան օրենսգրքով են ամրագրվել բոլոր կարգավորումներ ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ: Այս մասին բազմիցս խոսել են   ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնյաները:  Նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրել է՝ նշված գործառույթը քննարկվող օրենքի նախագծով չի նախատեսվում, այն կարգավորվում է գործող «Ընտանեկան օրենսգրքի» 59-րդ հոդվածով եւ կառավարության թիվ 631 որոշմամբ՝   ծնողական իրավունքները սահմանափակվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմինների եւ դատարանի որոշմամբ:

 

«Գիրանալու հակում ունեցող երեխային երեկոյան հացաբուլկեղենից զրկելը» տնտեսական բռնություն չի

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախագծի քննարկումների ժամանակ անդրադառնալով օրենքի նախագծի հոգեբանական եւ տնտեսական բռնությունների ձեւակերպմանը, այսպիսի մեկնաբանություն է տվել՝ «Այդպիսի բռնություն կարող է համարվել գիրանալու հակում ունեցող երեխային երեկոյան հացաբուլկեղենից զրկելը, երեխաներին սովորեցնելը, որ իրենց ցանկություններն ու կրքերը զսպեն, ծնողի պարտականությունները կարող են նմանվել տնտեսական կամ հոգեբանական բռնություններին»:

 

ՓՊ իրավական հարցերի փորձագետ Արտաշես Խալաթյանն էլ նախագծի նույն դրույթի մասին ասել է՝ «Ենթադրենք՝ ծնողը երեխային ասում է՝ ականջներդ կկտրեմ, քեզ խելոք պահիր,ասենք չարաճճի երեխա է, կարող է ամեն օր կրկնվել: Արդյոք այս գործողությունը չի տանում ֆիզիկական բռնության սպառնալիքի տակ: Մյուսը՝ սոցիալական ծայրահեղ մեկուսացման մասին է խոսքը՝ ենթադրենք երեխան ընկել է վատ շրջապատ եւ պարբերաբար լքում է տունը, թմրանյութ է օգտագործում, եւ սա կանխելու համար ծնողները դուռը փակում են, որ դուրս չգա: Կամ, տնտեսական բռնությունը, դիտավորությամբ բնակության վայրից զրկելը, ծնողն ասում է ՝գնա՛, աչքիս չերեւա՛ս, գնա՛ տատիկիդ մոտ ապրի մի քանի օր: Կամ, ասենք ծնողը դիաբետ ունի, ու իր թոշակով մեծ քանակության քաղցրավենիք է գնում, երեխան զոռով-ուժով խլում է, ասում է՝ չես ուտի, վնաս է: Սա ստացվեց սննդի միջոցներից զրկել է»:

 

Արա Զոհրաբյանը տնտեսական բռնության մասին նաեւ ասել էր՝ «Եթե ամուսինը կնոջ աշխատավարձը գրպանում է, դա կարող է համարվել տնտեսական բռնություն եւ ենթադրվում է, որ օրենքը գրողները հենց դա են նկատի ունեցել, բայց կարող է ծնողը երեխայի գումարը վերցնի, որ նա, օրինակ, չգնա գիշերային ակումբ եւ դա նույնպես համարվի տնտեսական բռնություն»: 

 

«Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանն այս առնչությամբ ասել ՝ «բերված օրինակներից որեւէ մեկը տնտեսական կամ հոգեբանական բռնության համատեքստում տեղավորվել չի կարող, որովհետեւ այդ բռնությունները պետք է գնահատեն համապատասխան մասնագետները, իրավապահ մարմինները»:  ՀՀ Արդարադատության նախարարության  ներկայացուցիչ Գոհար Հակոբյանն էլ նշված օրինակների առնչությամբ վստահեցրել է՝  «Նման իրավիճակ բա-ցառ-վում է: Սա վճռաբեկ դատարանի նախադեպն է, որը տարիներ շարունակ տեղ է գտել դատաիրավական պրակտիկայում: Որ ասում են՝ մի քանի ժամով գնա տնից, դա զրկել չէ: Եթե դիտավորությամբ են զրկում, ապա պետությունը պետք է համարժեք արձագանքի»: Բացի այս, Հակոբյանը նաեւ հիմնավորել է՝ «Սեփականության իրավունքի հարցում նախագիծը խնդիրներ չի առաջացնում: ՄԻԵԴ-ն էլ ունի վճիռներ եւ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել, դա մեր Սահմանադրությամբ նույնպես ամրագրված է, այն կարող է սահմանափակվել օրենքով՝ այլոց իրավունքների պաշտպանության համար»: 

 

 

Դիտարկենք  Արա Զոհրաբյանի կամ Խալաթյանի նշած օրինակները, թե՝ երեխաներին հացաբուլկեղենից զրկելն ու շաքարախտով տատիկին քաղցրավենիքից զրկելը տնտեսական բռնություն է: Օրինակ՝ հազարավոր մայրիկներ մինչեւ ասենք՝ 4 տարեկան փոքրիկներին, որքան էլ նրանք աղիողորմ լաց են լինում, շոկոլադ կամ այլ տեսակի քաղցրավենիք չեն տալիս՝ բժիշկների ցուցումով: Դա վտանգավոր է փոքրիկների առողջությանը, նույնը ՝ գիրանալու հակում ունեցող երեխաների դեպքում: Ի՞նչ է այս մայրիկներին պետք է պատասխանատվությա՞ն ենթարկեն, թե՞ բժիշկներին: Պարզ է, չէ՞, որ նախագիծը նման կերպ մեկնաբանելն ուղղակի անհեթեթություն է: Պարզ է նաեւ քաղցրից երեխային եթե զրկում են, որովհետեւ դա վնաս է առողջությանը, արվում է բացառապես տվյալ անձի շահերից է ելնելով:

 

«Այն, որ աղքատությունն է  բռնության հիմնական պատճառը՝ թյուր կարծիք է»

 

Օրենքի մոլի ընդդիմադիրներից «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը նախագծի քննարկման ժամանակ օրենքի 3-րդ հոդվածի՝ բռնության տեսակների սահմանման մասին հայտարարել է. «Բռնության տեսակը, որ ամրագրել են՝ հոգեբանական եւ տնտեսական. այս կետերի հիման վրա հնարավոր է սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի երեխաներին տեղափոխել ապաստարաններ»: 

 

«ՋԻ-ԷՅ-Դավթյաններ» փաստաբանական գրասենյակի նախագահ, փաստաբան Գեւորգ Դավթյանն էլ վերջերս  մամուլի ասուլիսի ժամանակ օրենքի նախագծի վերաբերյալ ասել է՝ «Հիմնականում սոցիալական խնդիրներից են ՀՀ-ում ընտանեկան բռնությունները ծագում: Մարդիկ տնտեսապես լավ վիճակում չեն, աշխատանքից ներվայնացած գալիս են տուն, ջղայնությունը ամուսնու կամ կնոջ վրա են թափում, եւ սկսում են ընտանեկան բռնությունները: Եթե օրենքն ընդունվի էլ, միեւնույն է, ոչինչ չի փոխելու»:

 

Նախ սոցիալական ծանր պայմանները որեւէ բռնություն չի արդարացնում, եւ որեւէ մեկն իրավունք չունի աշխատանքային կամ սոցիալական անարդարության պատճառով կուտակած զայրույթը սպառել ընտանիքի անդամներին բռնության ենթարկելու միջոցով: Բացի այս, վերընշված բանախոսների այն պնդումները, թե՝ սոցիալապես անապահովությունն ու աղքատությունն է ընտանեկան բռնության հիմնական պատճառը՝ թյուր կարծիք է: Ոչ ոք չի կարող պնդել, թե ապահով ընտանիքներում երբեւէ որեւէ տեսակի բռնություն չի լինում: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների բերված օրինակներով՝ կնասպանությունների ու դրանց նախորդող պարբերաբար բռնությունների պատճառները չքավորությունը չի եղել, բռնությունների ու սպանությունների մի զգալի մասը տեղի է ունեցել ապահով ընտանիքներում: Գավառում հայտնի բախտագուշակ Վարսկի նախկին հարսը Հասմիկ Խաչատրյանը աղքատության պատճառով չէ, որ տարիներ շարունակ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել, այս ընտանիքը բավականին հարուստ ապրուստ է ունեցել: Նման օրինակները բազմաթիվ են:  

 

«Օրենքը թույլ չի տալիս ոստիկանի անհարկի միջամտությունն ընտանիք»

 

Օրենքի, թերեւս, ամենավիճահարույց դրույթները՝ հոգեբանական եւ տնտեսական բռնություն սահմանումներն են: Ընդդիմախոսների կարծիքով՝ այս սահմանումները չարաշահումների տեղիք են տալու, ու ասենք՝ ոստիկանը ցանկացած պահի կարող է միջամտել ընտանիքի գործերին, ուժեղ ապտակի կամ մի անգամ ծեծի դեպքում, բռնարարը կարող է պատասխանատվության ենթարկվել եւ այլն: Նախ նշենք, արդեն երկար տարիներ է ծեծը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է:  Ինչ վերաբերում է ոստիկանների չարաշահումներին, ապա օրենքի համախոհներն ու փաստաբանները վստահեցնում են՝ օրենքը թույլ չի տալիս ոստիկանի անհարկի միջամտությունն ընտանիք, Բացի այս, նման դեպքերում, օրենքի նպատակը պատժելը չէ, այլ՝ բացառել նման դեպքերի կրկնությունը, եւ նախազգուշացնելու են բռնարարին, որ կրկնվելու դեպքում ինչ քայլեր են հետեւելու:  

 

«Հայրական ապտակի» ինստիտուտը վտանգվա՞ծ է

 

Նախագծի ընդդիմխոսները նաեւ նշում են, թե երեխային մեկ դաստիրակչական ապտակ տալը կամ երեխայի վրա զայրանալը կարող է համարվել ընտանեկան բռնություն: Փաստաբան Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ վստահեցրել է՝ «Մեկ դաստիրակչական ապտակը կամ ամեն մի նկատողություն ու հանդիմանանք երեխայի նկատմամբ, բռնություն չեն»: Դրա հետ մեկտեղ հիշեցնենք, որ «Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որին  Հայաստանը միացել է 1992 –ին, պետությունը պարտավորվում է պաշտպանել երեխաներին ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից  ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից,  վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից,  կոպիտ վերաբերմունքից  կամ շահագործումից» :

 

«Ցանկացած օրենք եթե բերեն, ես այնպիսի աբսուրդային բաներ կասեմ, որ բոլոր օրենքները կարելի է ուժը կորցրած ճանաչել»

 

 Օրենքի նախագծի Հոդված 3-րդի համաձայն սահմանվում են ընտանեկան բռնությունն ու դրա տեսակները: Մասնավորապես՝  «հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը» : Տնտեսական բռնություն է համարվում  «դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաեւ անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը»: 

 

Բռնության տեսակները որոշելու են մասնագետները՝ խորը ուսումնասիրությամբ: Ընդ որում, հստակ սահմանված է՝ եթե արարքը կատարվել է դիտավորությամբ: Ակնհայտ է, որ եթե մեր սահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է եւ նրա բոլոր տեսակի իրավունքները պաշտտպանում է պետությունը, ապա ոչ ամուսինը, ոչ կինը կամ ընտանիքի որեւէ այլ անդամ իրավունք չի սահամափակել մեկ այլ անդամի իրավունքներն, ընդհուպ մինչեւ աշխատելու արգելքը, կամ աշխատավարձից զրկելը: 

 

    
Արդյոք ընդունելի՞ արարք է, երբ ասենք՝ ամուսինը, կինը կամ սկեսուր-սկեսրայրը ընտանիքի որեւէ անդամի վաստակած աշխատավարձը «սեփականացնում են», կամ զրկում են սննդից, բնակության վայրից:  Արդյոք ընդունելի՞ է, երբ ամուսինը կնոջը ամիսներով նկուղում փակի տակ է պահում, կամ օրը մեկ անգամ մի «թուլափայ» ապուր է տալիս, որպեսզի ընդամենը ողջ մնա(այսպիսի բռնություններ էլ են գրանցվել մեր «ավանդական ընտանիքներում»): Ցանկացած բանական մարդ դեմ կլինի նման վարքագծին: Եւ ուրեմն նմանատիպ արարքները պետք է բացառվեն ու կանխարգելվեն օրենքով:

 

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ նախագծի ընդդիմախոսների ներկայացվող տեսակետների վերաբերյալ ասել է՝ «Եթե առանջնորդվենք խելագարության կանխավարկածով, ցանկացած օրենք եթե բերեն, ես այնպիսի աբսուրդային բաներ կասեմ, որ բոլոր օրենքները կարելի է ուժը կորցրած ճանաչել: Այստեղ մենք խոսում ենք նորմալ հարաբերությունների մասին, ելնում ենք այն կախավարկածից, որ բոլորը ողջամիտ են եւ հասկացող: Այստեղ գոյություն ունի մասնագիտացված մարմին, որը կարող է հստակ տարանջատել բռնության տեսակները»:

 

Պե՞տք է արդյոք  հաշվի առնել, թե՝  ինչ պատճառով է ամուսինը կնոջը ծեծել

 

Նախագծի դեմ, թերեւս ամենաանհեթեթ ու անընդունելի դիտարկումը լրագրող Արթուր Հովհաննիսյանինն էր, որը հնչել է փաստաբանների պալատում օրենքի նախագծի քննարկման ժամանակ, նա ասել է՝ «Եթե այս օրենքն ընդունվի, ծեծի փաստը արձանագրվեց՝ վերջ, հաշվի չեն առնելու, թե՝  ինչ պատճառով է ամուսինը կնոջը ծեծել»:  Նույն տրամաբանությամբ կարելի է նաեւ գողությունն ու սպանությունը, կոռուպցիան արդարացնել: Ցավոք, երբ հասարակությունում ծեծն արդարացվում է՝ պայմանավորված դրա պատճառով, դժվար է  այդ հասարակությունն առողջ համարել:

 

Մի կողմ դնենք, որ ծեծն արդեն գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսում ՝ կախված դրա հետեւանքով առաջացած վնասից, բայց արդյոք երբ կինն ամուսնուն ծեծի, տղամարդիկ նույնկերպ կխորանան դրա պատճառների մեջ ու չեն դատարպարտի նրան: Կնոջ ծեծը որոշ դեպքերում արդարացնելը, թերեւս պատրիարխալ հասարակության վառ օրինակն է: Իսկ քաղաքակիրթ մարդիկ չպետք է առաձնացնեն ծեծի պատճառները, բոլոր խնդիրներին նորմալ հարաբերություններում ուղղակի քաղաքակիրթ լուծում են տալիս:Օրենքի հեղինակները վստահեցնում են՝ այն ընտանեկան խնդիրները քրեական դաշտում լուծելու համար չէ նախատեսված: Ի վերջո օրենքով նաեւ նախատեսվում է հոգեբանական եւ իրավական աջակցություն հենց բռնարարին, ինչը չկա գործող որեւէ օրենքով կամ որոշմամբ: 

 

«Արդյոք, հայ ավանդական ընտանիքի հիմքում բռնությու՞նն է դրված»

 

Ընդդիմախոսների այն պնդմանը, որ  «այս օրենքը  կխարխլի ավանդական ընտանիքի հիմքերն ու արժեքները»,  կարելի է համդիպակաց  հարց  ուղղել. «Արդյո՞ք, հայ ավանդական ընտանիքի հիմքում բռնությունն է դրված եւ ընդհանրապես  արդյոք կարելի է բռնությունը ընտանիքում  որպես արժեք դիտարկել»:  Պատասխանը մեկն է՝  եթե ընտանիքն ամուր է, եթե դրա հիմքում սեր ու հարգանք է դրված, ապա որեւէ օրենք այդ ավանդական ընտանիքը  չի կարող քանդել: Իսկ եթե ավանդական ընտանիքի պատկերացումը տեղավորվում է  մեր դասականների կողմից  ցավով  նկարագրված «Մարոյի»  ողբերգության կամ  «Անիծած հարս»-ի շրջանակում,  ապա  դժվար թե որեւէ մեկը  կարող է այսօր  կոչ անել  պահպանելու նման  ավանդույթները, կարծում է   Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ օրինակ բերելով  մեր կենցաղից.  «Մեր հին շենքում ամեն օր ամուսինը կնոջը ծեծում էր, բայց կինը համակերպված ապրում էր, և նրա խոսքն էր՝ մարդի ծեծած, վարդի ծեծած: Սրա՞նք են մեր ավանդական արժեքները»…  

 

Տեւական ժամանակ տարբեր հարթակներում նախագծի քննարկումներից հետո վերջապես արձագանք եղավ նաեւ իշխող ՀՀԿ կուսակցությունից, որի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է՝ օրինագիծը խնդրահարույց է: Նա վստահեցրել է, թե չպետք է խաթարվեն հայկական ավանդական ընտանեկան արժեքները, եւ արդեն սկսել են քննարկումները, առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները:

 

Այս առնչությամբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ վստահեցրել է՝ «Օրենքի դրույթները էապես չեն փոխվելու, միայն հստակեցվելու են, որ մտահոգությունները իմ գործընկերների, այդ թվում՝ ՀՀԿ-ական, փարատվեն»: 

 

Հարությունյանը օրինագծի ընդդիմախոսների կարծիքների վեաբերյալ էլ ասել է՝ «Երբեմն օրենքի նախագծի քննարկումները հասցվում էին աբսուրդի, թե՝ երեխայիս դուրս չթողնեմ գնա՝ արդյոք ազատությունից զրկո՞ւմ եմ եւ այլն: Շատ քննադատություններ հիմնավորված չէին, եթե այդպես տարածական մեկնաբանություններ լինեին, Քրեական օրենսգիրքն էլ կարող էր ոչ ողջամտորեն մեկնաբանվել: Շատ դժվար է մտահոգությունները փարատել, եթե մտահոգված են, ուստի փորձում եմ հիմա ձեւակերպումները փոխելով ցույց տալ, որ մտահոգությունները տեղին չեն: Հիմա որոշակի աշխատանք տարվում է, որպեսզի փարատվեն կասկածները: Նշենք, որ օրինագծի փոփոխությունները ներառվել են  ՀՀ Կառավարության նոյեմբերի 16-ին կայացող նիստի օրակարգում:
 

Մարիամ Հովհաննիսյան

 

Ծաղրանկարը՝ Medialab.am

Դիտումների քանակը` 897

Վերադառնալ վերև