Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նոնա Գալստյան. «Կոալիցիայի առաջարկություններն ավելի շատ չընդունվեցին, քան ընդունվեցին»

 

Նախորդ նախագծի համեմատ այս նախագծում ավելի մասնավորեցվեցին նախատեսվող իրավակարգավորումները և ավելի հստակեցվեց շրջանակը. այսպիսի գնահատական է տալիս «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Նոնա Գալստյանը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծին: Փաստաբանի խոսքով՝ նախորդ տարբերակի համեմատությամբ, այս նախագիծը  ենթարկվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխությունների:

 

Նոնա Գալստյանը այն քիչ փաստաբաններից է, ով ընտանեկան բռնության ենթարկված անձանց շահերն է ներկայացնում քննչական մարմիններում և դատական ատյաններում: Նա մասնակցել էր օրինագծի նախորդ տարբերակի վերաբերյալ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից պատրաստվող առաջարկությունների մշակմանը: Փաստաբանը նշում է, որ Արդարադատության նախարարությունը Կոալիցիայի դիրքորոշումից բխող կարևորագույն առաջարկությունները չի ընդունել: «Կոալիցիայի առաջարկություններն ավելի շատ չընդունվեցին, քան ընդունվեցին, քանի որ կային նկատառումներ, որոնք շատ ավելի արժեքավոր էին՝ բովանդակության և կիրառման առումով, բայց չեն ընդունվել»:   

 

Օրինակ, բռնության բոլոր տեսակի դրսևորումները քրեականացնելու և որպես հետևանք քրեական պատասխանատվություն նախատեսելու վերաբերյալ առաջարկը չի ընդունվել, ինչը, Նոնա Գալստյանի խոսքով, շատ մտահոգիչ է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար:

 

Սակայն որոշ առաջարկներ, որոնք փաստաբանը պակաս կարևոր է համարում, ընդունվել են, օրինակ՝ անտեսումը կամ հղիության արհեստական ընդհատման հարկադրելը որպես բռնության դրսևորում սահմանելը, նաև մասնավոր մեղադրանքի գործերը ex officio կարգով (ի պաշտոնե) շարունակելու ընթացակարգ ընդունելը:

 

«Մեզ համար հիմնական անընդունելի դրույթն այն է, որ ինչպես վերնագրում, այնպես էլ հետապնդվող նպատակների ցանկում ավելացվել է «ընտանիքում համերաշխության վերականգման» մասին արտահայտությունը, որը որևէ առնչություն չունի նախագծով հետապնդվող նպատակների, նախատեսվող իրավակարգավորումների բնույթի ու բովանդակության, առավել ևս, բռնությունը կանխարգելող միջնոցների հետ»,- նշում է մասնագետը: Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոլորտը կարգավորող օրենքներում և իրավական փաստաթղթերում նման արտահայտություն կամ նման նպատակ չկա:

 

Փաստաբանը նաև մտահոգությունը է հայտնում «ավանդական արժեքների ամրապնդումը» որպես սկզբունք ներառելու վերաբերյալ: «Ես որպես իրավաբան իրավաչափ չեմ գնահատում այս մոտեցումը, որովհետև «ավանդական արժեք» եզրույթը ոչ միայն իրավական կատեգորիա չի հանդիսանում, այլև իրավակիրառ գործունեության մեջ առհասարակ անհնարին կլինի մասնավորեցնել այս եզրույթի բովանդակության շրջանակը, քանի որ այն ուղղակիորեն կապված է անձի սուբյեկտիվ ընկալման հետ և յուրաքանչյուր դեպքում կախված իրավահարաբերության սուբյեկտների անձնական հատկանիշներից, օրինակ իրավագիտակցության մակարդակից, կրթվածության աստիճանից, այս «ավանդական արժեքների» բովանդակությունը միանգամայն տարբեր կլինի: Սա գործնականում ոչ միայն կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտման, այլև մարդու մի շարք հիմնարար իրավունքների ոտնահարման»,- ասում է Նոնա Գալստյանը:

 

Փաստաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս նոր նախագծով տրվել է ընտանեկան բռնության ենթարկված անձի սահմանումը և այդ սահմանումից հետևում է, որ նման կարգավիճակ կարող է տրվել միայն այն անձին, ում վերաբերյալ կլինի դատական ակտ կամ նրա գործով կայացված կլինի նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանության որոշում: «Եթե մենք առաջնորդվենք այս իրավակարգավորմամբ, ապա կստացվի, որ իրավական պաշտպանությունից դուրս կմնան այն անձինք, որոնց նկատմամբ կատարված բռնության հիմքով չի կայացվել որևէ որոշում կամ չկա կայացրած դատական ակտ: Նախորդ նախագծի դեպքում այս խնդիրը չկար»:

 

Նախագծում առկա վերոնշյալ և մի շարք այլ դրույթներ մտահոգում են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը խնդրահարույց է համարում այսպիսի բովանդակությամբ օրենքի ընդունումը: 

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 110

Վերադառնալ վերև