Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ամուսինս ինձ գցել ա գետնին ու գնդակի նման տշել». վանաձորցի կինը բարձրաձայնում է բռնության ենթարկվելու մասին

Ուկրաինայի Խարկով քաղաքից Հայաստան հասած 28-ամյա Սյուզի Այվազյանի բռնության ահազանգը այս տարեսկբից ծնողներին հանգիստ չի տալիս: Հունվարի 4-ի երեկոյան Սյուզին զանգահարել է Վանաձորում բնակվող ծնողներին ու տեղեկացրել, որ սկեսրայրն իրեն ու երկու զավակներին տնից դուրս է վռնդել: Տղաներից ավագը 6, փոքրը՝ 1 տարեկան 10 ամսական է:

 

«Աղջիկս զանգել է ամուսնուն, ասել՝ հայրդ մեզ տնից դուրս է արել, երեխեքս տկլոր են, դրսում ենք մնացել, ես ի՞նչ անեմ:  Ամուսինը պատասխանել է՝ ինչ ուզում ես արա»,- մեզ հետ զրույցի ժամանակ պատմեց Սյուզիի մայրը՝ Անահիտ Աբգարյանը:

 

Հունվարի 4-ի ցրտաշունչ գիշերը երիտասարդ մայրը երեխաների հետ անց է կացրել տեղի հայերից մեկի տանը: Ավելի ուշ հյուրընկալած հայ ընտանիքը զանգահարել է բռնության ենթարկված կանանց հարցերով զբաղվող կազմակերպության Թեժ գիծ, որի միջոցով էլ Սյուզին երեխաների հետ տեղափոխվել է ապաստարան: Մի քանի օր շարունակ ամուսինը զանգահարել է կնոջն ու ստիպել, որ իր ու երեխաների տեղն ասի: «Աղջկաս սպառնացել է, ասել է՝ եթե չասեցիր, ռոզիզսկ եմ տալու, որ երեխեքին գողացել ես»,- պատմում է մայրը: Չնայած նրան, որ Սյուզին չի ասել գտնվելու վայրը, ամուսնուն այնուամենայնիվ, հաջողվել է գտնել այն: «Չգիտեմ ոնց է իմացել իմ տեղը, ասում էր՝ միլիցիաներին փող եմ տվել,  գաղտնի բազաներով գտել եմ: Փողով կաշառել ա, էլի»,- ավելի ուշ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Սյուզին:

 

Երիտասարդ կինը պատմեց, որ ամուսնության 7 տարիների ընթացքում բռնության դեպքերը պարբերական բնույթ են կրել: Ընդ որում, բռնության է ենթարկվել ոչ միայն ամուսնու, այլ սկեսրայրի կողմից: «Բռնության դեպքերը եղել են միշտ: Սկեսրայրս իմ վրա տապչկա ա շպրտել, ձեռք  ա բարձրացրել,նույնիսկ եղել ա դանակով վրա է պրծել: Իրանք ինձ միշտ վախեցրել են, որ երեխեքիս ձեռքիցս կխլեն: Միշտ ինձ ծեծել են, ձեռ են առել, հալածել են ինձ: Ես էդ ամեն ինչին դիմացել եմ, որովհետև տեղ չունեի գնալու: Մտածել եմ՝ երեխուս կխլեն իմ ձեռքից, հետո ես ի՞նչ կարամ անեմ: Մի կերպ դիմացել եմ, բայց եթե իմ ծնողներն էստեղ ապրելիս լինեին, ես մի օր էլ չէի մնա, կգնայի ծնողներիս մոտ: Էլ հնարավոր չէր էդ տանը ապրել»,-նշեց Սյուզին:

 

Սյուզիի խոսքով ընտանիքում բռնության տեսարանները մշտապես տեղի են ունեցել երեխաների աչքի առաջ, ինչի պատճառով նրանք գտնվել են սթեսային վիճակում: «Երեխես միշտ գտնվել ա սթրեսի մեջ, որ իրա մամային միշտ ծեծում են, միշտ հայհոյում են: Ամուսինս ինձ գցել ա գետնին ու գնդակի նման տշել: Իմ երեխեն ներկա է եղել, երեխեքի աչքի առաջ ա էդ ամեն ինչը եղել: Իմ մեծ տղեն իրանից վախենում ա, սթրեսի մեջ ա ընկնում:Հենց իրեն տեսնում ա, փախնում, մտնում ա սեղանի տակ,- ասում է Սյուզին, հավելելով, որ ավագ որդու սթեսային վիճակում գտնվելու փաստը կարող են հավաստել նաև ապաստարանի հոգեբանները, ովքեր պարբերաբար ախտաում են տղայի հետ:

 

Որոշ ժամանակ առաջ ամուսնու կողմից գլխի շրջանում ստացած ուժեղ հարվածի հետևանքով Սյուզին ուշաթափվել է: Ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: Մի քանի օր անց տեսնելով որ գլխացավերը շարունակվում են, Սյուզին ամուսնուց խնդրել է անձնագիրը, որպեսզի կարողանա անձնագրով ներկայանալ տեղի բժշկական կենտրոն՝ ստուգման: Ամուսինը կնոջ անձնագիրը տվել է միայն տեղի թաղային ոստիկանի միջամտությունից հետո: Երեխաների անձնագրերը, սակայն, մնացել են հոր մոտ:

 

Երկու օր առաջ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույցի միջամտությամբ կայացել է Սյուզիի, ամուսնու ու երեխաների հանդիպումը: Մինչ Սյուզին կհայտներ իր վերջնական որոշումը՝ ամուսնալուծվելու մասին, ամուսինը կնոջ գրկից խլել է փոքր որդուն, հրել նրան, գցել գետնին ու վազել դեպի մեքենան: «Մինչև ես կվազեի հետևից, երեխային արագ նստեցրին մեքենան ու տարան: Էս մի տղուս զոռով փրկեցի, որ չփախցնեն: Գցեցինք ավտոն, փակեցինք բանալիով, որ գոնե իրան չտանեն»,- պատմում է Սյուզին:

 

Կրծքով կերակրվող երեխային մորից կտրելը թանկ է արժեցել: Մի քանի ժամ անց հյուծված ու ջրազրկված երեխային տեղափոխել են տեղի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք: Որդու հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրն իմանալուն պես Սյուզին շտապել է նրա մոտ: Նրան, սակայն, ամուսինը թույլ չի տվել տեսնել որդուն: Սյուզին դիմել է տեղի իրավապահների օգնությանը, որոնք սակայն, կնոջ գրավող բողոքն ընդունելուց հետո դեռևս որևէ գործուն քայլեր չեն ձեռնարկել:

 

Օտար երկրում միայնակ մնացած երիտասարդ կինն այսօր ֆինանասական միջոցներ չունի փաստաբան ունենանլու ու իր շահերը պաշտպանելու համար: Նա նաև մարդկային աջակցության կարիք կունի: Աղջկա ծնողները շատ են ցանկանում մեկնել նրա մոտ, սատարել նրան, սակայն երկուսն էլ այսօր չեն աշխատում ու Հայաստանից Ուկրաինա հասնելու համար ֆինանսական միջոցներ չունեն:

 

Սյուզին  այժմ  ստիպված է  դիմել հայրենակիցների  օգնությանն ու խնդրել  սատարել իրեն: Սյուզիին ֆինանսապես աջակցել ցանկացողները կարող են կապվել նրա մոր՝ Անահիտ Աբգարյանի հետ  043 230235 հեռախոսահամարով կամ դրամական փոխանցումներ կատարել Անահիտ Աբգարյանի անվամբ Յունիբանկի հետևյալ հաշվեհամարով՝ 24100374566872 հաշվեհամարով:

 

Գ. Հովակիմյան

 

Հ. Գ. Սյուզի Այվազյանի հետ կատարվածի  մասին ծնողներն ահազանգել են նաև իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին: Ինչպես պատմեց իրավապաշտպանը մեզ հետ զրույցում, իր կողմից  ձեռնարկած քայլերի շնորհիվ Ուկրաինայում ոլորտի ներկայացուցիչների ջանքերով գտնվել է փաստաբան, ով պետք է պաշտպանի բռնության ենթարկված կնոջ իրավունքները: Սյուզիին ֆինանսական աջակացությունն  անհրաժեշտ է կատարած ծառայությունների դիմաց փաստաբանին վճարելու համար: Անահիտ Աբգարյանին ու նրա ամուսնուն  ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ Ուկրաինա՝ դստեր մոտ մեկնելու ու այնտեղ  կեցության ծախսերը հոգալու համար:

 

Ուկրաինայում Հայաստանի քաղաքացու նկատմամբ իրականացված բռնության մասին  տեղեկացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը.  Սյուզիի մայրը՝ Անահիտ Աբգարյանը  դիմում-նամակ է ուղարկել նախարարին, ակնկալելով թե՛ նախարարության, թե Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աջակցությունը Հայաստանի քաղաքացու շահերը պաշտպանելու հարցում:

 

Դիտումների քանակը` 2701

Վերադառնալ վերև