Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հանուն երեխաների եմ դիմանում…»

Իմ  զրուցակից Դ-ն բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում․ լուսանկարներ է հրապարակում ընտանեկան միջոցառումներից, ամուսնու, երեխաների հետ ժպտացող լուսանկարներ՝ ինչքան ասես, և որքան մեծ էր զարմանքս, որ համացանցով սկսեցինք խոսել, և նա ուղարկեց իր լուսանկարները՝ արյոնով լցված աչքերով, կապտած ձեռքերով։ Հիմնականում խնդիրները, ըստ նրա, առաջանում են, քանի որ ամուսինը խանդում է, չի կարողանում համակերպվել մտքի հետ, որ կինն աշխատում է, հաճախ է Երևանում լինում աշխատանքի բերումով, համացանցում ակտիվ է, հենց այդ պատճառով էլ վերահսկում է համացանցային խոսակցությունները, տեղադրում ընտանեկան կյանքի լուսանկարներ, որ հանկարծ որևէ  մեկը չգրի։

 

 

Առաջարկին, որ անմիջապես դիմի  իրավապահ մարմիններին, առարկում է․ «Ի՞նչ ես ասում, գյուղ տեղա, ու՞ր գնամ…  Հետո, մարդիկ ի՞նչ կասեն»։ Դ-ն նաև  ասում է, որ հանուն երեխաների է դիմանում, որ երեխաները լիարժեք ընտանիք ունենան, թեև ամեն օր վախով է ապրում․ գուցե մի օր  պարզապես սպանի ամուսինն իրեն։

 

 

Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ ուղղված նախագծերին ուղղված որոշ հասարակական շերտերի ընդվզումների ֆոնին Դ-ի ու նրա նման շատ կանանց ձայներն ավելի խուլ, ավելի անտեսանելի են դառնում, իսկ երբ ընդվզում ես բռնության դեմ ու դրա դեմ միտված գործողություններ ես ծավալում, անմիջապես ակամա դառնում ես ընտանիքի ինստիտուտի դեմ պայքարողի տիտղոսակիր։

 

 

Մինչդեռ եթե ընտանիքում բռնություն է առկա, արցունքներ, լաց, արժե՞ ապրել այդ ընտանիքում, մի՞թե բռնությունը հակամարդկային չէ, անբարոյականություն չէ,   որովհետև երբ հարաբերությունները կառուցված են լինում մեկի կողմից մյուսին ստորացնելու, ցավացնելու ու ցավով սնվելու, լռեցնելու անառողջ մոլուցքի հիման վրա, ապա այն որևէ կապ չունի առողջ հարաբերությունների,առավել ևս ընտանիքի ու բարոյականության հետ։

 

 

Եվ դուք, սիրելի կանայք, սիրելի քույրեր, դուք,  որ  ձեզնից շատերը հաճախ արտասվում եք և ձեր ընկերներին, հարազատներին, ծանոթներին նույնիսկ երբեմն ուղարկում  լուսանկարները ձեր հոշոտված մարմնի ու հոգու՝ արցունքոտ աչքերի լուսանկարները, դուք, որ հետո շպարվում եք ու ժպտում, սիրուն լուսանկարներ հրապարակում սոցիալական ցանցերում, իսկապե՞ս կարծում եք, որ լավություն եք անում ձեր երեխաներին,  կամ մեծ հերոսություն է այդ գնով ընտանիք ունենալը։ Որքանո՞վ է բարոյական  նույն երեխաների նկատմամբ նրանց անվերջ բռնության տեսարանների մեջ մեծացնելը կամ մասնակից դարձնելը։ Արդյոք բարոյակա՞ն է ստիպել, որ երեխան անընդհատ ապրի իր մորը պաշտպանելու անկարողության, վախի զգացումով, հիվանդանա, ապրի  հայհոյանքների միջավայրում, արդյոք բարոյակա՞ն է ամեն անգամ այդ տեսարաններից հետո գեղեցկացած նկարվելը, կենացներին մասնակցելը, բռնարարի հետ կենակցելն։

 

 

Չէ՞ որ ձեզնից շատերդ կարող եք ինքներդ ձեզ չխաբել, թե հանուն երեխաների եք դիմանում։  Ձեզնից շատ շատերը դիմանում են ընդունված նորմերի, «մարդիկ ինչ կասեն»-ի պատճառով։ Հանուն երեխաների, մի՛ դիմացեք, հանուն ձեզ, մի՛ դիմացեք։

 

 

 Հարցրեք բռնության միջավայրում մեծացած երեխաներին, որոնց մայրերը հանուն իրենց երեխաների մնացել են բռնարար ամուսինների կողքին։ Որևէ մեկը շնորհակալ չէ իրենց մայրերին, ավելին, համարում են, որ իրենցից մանկությունն են խլել, անվերջ շատերը մեղադրում են ծնողներին իրենց ողբերգության, երբեք չանցնող վախերի համար, հետագայում՝ անձնական դժբախտության, խեղված կյանքերի համար, մեղադրում են իրենց մայրերին, որ վճռական չեն եղել, որ չեն պաշտպանել իրենց իրենց իսկ հայրերից, երբեմն՝ այլ հարազատներից ևս,  հետևաբար հանուն երեխաների՝ երբեք մի հանդուրժեք բռնությունը։

 

 

Կյանքը երկրորդ անգամ չի տրվելու, և մի՞թե այս կարճ կյանքն արժե վատնել վախերի վրա, թե միգուցե մի օր պարզապես կնասպանության դեպքերի վիճակագրական թիվ դառնաս՝ տարեվերջին հայտարարվող․․․

 

 

Հանուն երեխաների մի՛ դիմացիր,  պաշտպանվի՛ր, փրկվի՛ր…

 

 

Մարիամ Մուղդուսյան

Դիտումների քանակը` 1004

Վերադառնալ վերև