Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի

Այսօր երեկոյան Մատենադարանի նոր մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի շուրջ հանրային քննարկում: Ու թեև քննարկումը մոդեռացնող Մարինե Մանուչարյանը բացման խոսքում հույս հայտնեց, թե սա կլինի օրինակելի քննարկում, որտեղ մասնակիցները զերծ կմնան միմյանց վիրավորելուց և պիտակավորելուց, քննարկումն անցավ չափազանց լարված մթնոլորտում, այն աստիճան, որ անվտանգության աշխատակիցները ստիպված եղան միջամտել:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ օրենք ունենալու անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ վաղուց հասունացել է նման օրենքի կարիքը: Նախարար ներկայացրեց ընտանեկան բռնության վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալներ՝ նախապես հայտարարելով, որ դրանք չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ բռնության ենթարկված անձանցից շատերը տարբեր պատճառներով խուսափում են իրավապահներին դիմել: Հաշվի առնելով օրենքի հետ կապված առցանց հարթակներում հնչող տարատեսակ թյուրըմբռնումներն ու կեղծ տեղեկատվության տարածումը, նախարարը հատուկ անդրադարձավ, թե ինչ չի նախատեսվում այս օրենքի նախագծով: Օրենքը չի նախատեսում ծնողական իրավունքից զրկելու կամ այդ իրավունքը սահմանափակելու կամ երեխային որդեգրելու որևէ կարգավորում:

 

«Օրենքի անհրաժեշտության վերաբերյալ ես իսկապես որևէ կասկած չունեմ, այն անհրաժեշտ է, որպեսզի առողջացնենք մեր հասարակությունը, հայ ընտանիքը, ստեղծելով իսկապես ամուր ընտանիք: Շատ շուտով մենք կներկայացնենք այս օրենքի նախագիծը Կառավարության դատին, իսկ դրանից հետո Ազգային Ժողով»:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ ընտանիքը, ինչպես և մայրությունն ու մանկությունը պետք է պետական հոգածության ներքո լինեն՝ այդպես է սահմանված ՀՀ Սահմանադրությամբ: «Բայց դրա հետ մեկտեղ ոչ պակաս կարևոր է ընտանիքի բոլոր անդամների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումը, որը դարձյալ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է»,- նշեց Պաշտպանը: Արման Թաթոյանի խոսքով՝ Պաշտպանի գրասենյակ ևս բազմաթիվ դիմումներ են լինում ընտանեկան բռնության գործերով:  

 

Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը ներկայացրեց ընտանեկան բնության գործերի վերաբերյալ տվյալներ: Ըստ ՀՔԾ-ի՝ 2016 թվականին հարուցվել է ընտանեկան բռնության դեպքով 359 քրեական գործ, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 215 քրեական գործ: Գործերից մեծ մասի դեպքում արձանագրվել է ֆիզիկական բնություն՝ ծեծ, սակայն եղել են առավել ծանր հանցագործություններ ևս: Օրինակ, 2016 թվականին ընտանեկան բռնության արդյունքում 10 մարդ է սպանվել: Դավիթ Թումասյանն առանձնացրեց նաև ընտանիքի անդամի կողմից ինքնասպանության հասցնելու դեպքերը:

 

Առավել թարմ տվյալներ ներկայացրեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Նելլի Դուրյանը: Ոստիկանությունը երեկ է ամփոփել Հանրապետությունում 2017 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը. ոստիկանությունում քննվել է 602 դեպք, որից որոնցից 142-ով հարուցվել է քրեական գործ:

 

«Ես ամեն օր աշխատում եմ երեխաների հետ, այն ընտանիքում որտեղ կա բռնություն, երեխան ևս բռնության է ենթարկվում, եթե ոչ ֆիզիկական կամ սեռական, ապա առնվազն հոգեբանական: Այդ երեխաների հետ մենք ենք աշխատում, մենք գիտենք, թե իրենք ինչ հոգեկան ապրումներ են ունենում: Նրանցից շատերը, ցավոք սրտի, հետագայում իրենք են բռնարար դառնում»,- նշեց Նելլի Դուրյանը:

 

Բոլորը կողմ են ընտանեկան բռնության դեմ պայքարին, բայց…

 

Քննարկման ընթացքում լարվածությունը ստեղծվեց, երբ ավարտվեցին պաշտոնական ելույթները, և օրենքի նախագծին դեմ արտահայտվելու ցանկություն ունեցողները պարզեցին, որ իրենք կարող են միայն հարցեր տալ, սակայն չեն կարող ելույթներ ունենալ: Քննարկումը ժամանակավորապես ընդհատվեց և վերածվեց խմբային քննարկումների և բանավեճերի, մի խումբ անձինք շրջապատեցին նախարարին ու սկսեցին բղավելով հնչեցնել իրենց կարծիքը: Անվտանգության աշխատակիցները ևս չկարողացան հանդարտեցնել կատաղի ընդդիմախոսներին:

 

Լարվածությունը մեղմելու նպատակով քննարկման մոդեռատորը հայտարարեց, որ հնարավորություն կտրվի 4 հոգու հանդես գալ 2-3 րոպեանոց ելույթով: Այնուհետև բեմահարթակ բարձրացավ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը և հայտարարեց, որ չորս հոգու փոխարեն միայն ինքն է օգտվելով նաև նրանց տրված ժամանակից:

 

Նահապետյանը հայտարարեց, որ ընտանեկան բռնության վերաբերյալ մենք չենք կարող ունենալ վիճակագրություն, քանի որ «ընտանեկան բռնություն» հասկացությունը ձևակերպված չէ մեր օրենսդրությամբ: Նահապետյանի կարծիքով, «ընտանեկան բռնության» բառակապակցության փոխարեն պետք է կիրառել «բռնություն ընտանիքում» տարբերակը: ՀՀ արդադարատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը հակադարձեց, որ գոյություն ունեն նորմատիվ ակտեր, որոնցով սահմանված է «ընտանեկան բռնություն» հասկացությունը: 

 

Հայկ Նահապետյանը նշեց, որ 2014-2016 թվականներին արձանագրված բռնությունների դեպքերից միայն համապատասխանաբար 8.3, 9.5 և 9 տոկոսն է եղել ընտանիքի անդամների միջև: «Մենք գնահատում ենք, որ չկա հանրային պահանջ, բայց կա ընտանիքներում բռնությունների թվի աճ: Իսկապես պետք է դրա դեմ կռիվ տալ»,- հայտարարեց պահեստազորի գնդապետը:

 

Վիգեն Քոչարյանն էլ ընդգծեց, որ Հայկ Նահապետյանն ընդունում է, որ կա ընտանիքում բռնությունների աճ, բայց չի ընդունում որ կա օրենքի կարգավորման հանրային պահանջ: «Ես նորմալ եմ համարում, որ դուք որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ձեզ համարում եք հանրային կարծիք ներկայացնողներ, բայց հանրային կարծիքի ներկայացուցիչներ են նաև այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ մասնագիտացված զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ: Եվ եթե կան կազմակերպություններ կամ անհատներ, որոնք կտրականապես դեմ են այս օրենքին, բայց մինչև այս օրենքի քննարկումը որևէ քայլ այս ոլորտում չեն ձեռնարկել, դա առնվազն տարօրինակ է»,- հակադարձեց փոխնախարարը: 

 

Հայկ Նահապետյանը վստահ է, որ բռնության թվի աճը բացատրելու համար պատճառներն է պետք ուսումնասիրել: «Սույն օրենքի նախագծում բուն պատճառները վերլուծված չեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքներում բռնության թվի աճը պայմանավորված է մեդիաների միջոցով համատարած բռնության քարոզով»: Փոխնախարարը նշեց, որ մեդիաներով բռնության քարոզի առկայությունն իրենց էլ է մտահոգում և նման մտահոգություն իրենք լսել են նաև օրենքի ջատագովմամբ զբաղվող կազմակերպություններից:

 

Հայկ Նահապետյանը ՀՀ իշխանություններին մեղադրեց արտաքին ուժերին ենթարկվելու մեջ: «ԵվրոՄիության նախագահ Պյոտր Սվիտալսկուց (նկատի ունի Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին, խմբ.) է գալիս այդ հասարակական պահանջարկը: Եկեք դուք ոչ թե պոչից սկսեք, այլ գլխից բռնեք՝ սոցիալական վիճակի, համատարած բռնության քարոզի, այլասերման դրսևորումի: Ինչո՞ւ այդ մասին օրենքում չկան նախատեսված կետեր: Մենք բռնության քարոզի հետ կապված ներկայացրել էինք առաջարկներ: Նաև առաջարկել էինք, որ մանկապղծությունը պետք է ստանա առավելագույն պատժաչափ, սեռական բռնության պատժաչափերը խստացվի առավելագույնը, ընտանիքներում կնոջ նկատմամբ բացահայտ ծեծուջարդի, ծաղրուծանակի, նվաստացուցմների հետ կապված խստացրեք Քրեական օրենսգիրքը: Ինչո՞ւ այս կամ այլ առաջարկներից որևէ մեկը չկա օրենքի նախագծում: Որովհետև պետպատվերի շրջանում պարոն Սվիտալսկին նման բան չի՞ պահանջում: Եթե այս ամենը դրսի պատվերով չի աշխատում, այլ իսկապես սրտացավություն կա, եկեք միասին նստենք-քննարկենք: Եթե կողմ եք, մենք պատրաստ ենք»,- հայատարարեց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգողը:

 

Իսկ փոխնախարար Վիգեն Քոչարյանը հակադարձեց Նահապետյանին. «Մեղադրանք հնչեցվեց, որ այս հանրային պահանջը ձևավորվել է արտաքին ուժերի ազդեցության ներքո: Այս առիթով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է ՄԱԿ-ի իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային պայմանագրերի, և այդ պայմանագրերով մենք ստանձնել ենք մի շարք պարտականություններ: Այդ պայմանագրերից է նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որն ունի Կոմիտե, որի կազմում են տարբեր պետությունների ներկայացուցիչներ, ի դեպ, նրանց մեծ մասը ոչ արևմտյան երկրներից են: Կոմիտեն պետությունների համար հանձնարարականներ է տալիս և այդպիսի հանձնարարական կա նաև այս օրենքի հետ կապված: Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևողականորեն կատարի իր ստանձնած պարտականությունը: Այնպես որ այստեղ որևէ նորություն կամ սենսացիոն բան չկա»:

 

Հայկ Նահապետյանը նաև նշեց, որ իրենք դեմ են նախագծում հոգեբանական և տնտեսական բռնություն հասկացությունների սահմանմանը, ինչին ի պատասխան փոխնախարարը հայտարարեց. «Եթե դուք զրուցեք որակյալ իրավաբանների հետ տնտեսական և հոգեբանական բռնության ձևակերպման վերաբերյալ, ձեզ մոտ մտահոգություն չի լինի: Իրավաբանություն ճշգրիտ գիտություն է և յուրաքանչյուր բառն ու ստորակետը կարևոր է: Մենք օրենք ենք քննարկում, եկեք ավելի պատասխանատու լինենք: Անհեթեթ հարցադրումները որևէ առնչություն չունեն օրենքի նախագծի հետ: Եթե որևէ լուրջ, որակյալ իրավաբանի հետ զրուցեք, նրանք կհաստատեն իմ ասածները»:

 

Հայկ Նահապետյանը զգուշացրեց Կառավարությանը՝ եթե օրենքի նախագիծն այս տեսքով մտցնեն Ազգային Ժողով, ապա «մեր կեցվածքը հրապարակավ ամբողջ հանրապետությունում բարձրաձայնելու ենք՝ ցույց տալով, թե ինչի համար ա էս օրենքը»: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հեռանալիս պատասխանելով լրագրողների հարցին նշել է, որ օրենքի նախագծի դեմ արտահայտվողները չեն կարող փոխել Կառավարության հաստատատակամությունը օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:

 

Արման Ղարիբյան 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր».  փաստաբանի գնահատական

Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի

«Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը

Դիտումների քանակը` 897

Վերադառնալ վերև