Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ. «Ժամանակն է, որ գենդերային քվոտան սահմանվի 50/50 համամասնությամբ»

Լուսանկարը՝ 50:50 Parliament campaign 

Ինչպես հայտնի է,  օգոստոսի 11-ից Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը սկսել է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բարեփոխումների շուրջ հանրային քննարկումները,   որոնք համավարակի պատճառով անցկացվում են առցանց ձևաչափով ։

 

 

Աշխատանքային խմբի ղեկավարը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն է, ում փոխանցմամբ՝ քննարկվող փաթեթի հիմք է հանդիսանում  2018 թվականի Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , որը սակայն չընդունվեց այն ժամանակվա Ազգային ժողովի կողմից, հետևապես  դրան հաջորդած  արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցան գործող Ընտրական օրենսգրքով:  Արդեն իսկ անցկացվել են մի քանի նման քննարկումներ, առանձին թեմաներով։

 

 Ըստ ժամանակացույցի օգոստոսի 25-ին  քննարկվեցին   ընտրակարգի հետ կապված խնդիրները, որոնք նաև սերտ կապված են  կանանց մասնակցության հետ: Այս առումով, հարցերը շատ են՝ ի՞նչ ընտրակարգ կամրագրվի, կհրաժարվեն  արդյոք ռեյտինգային ցուցակներից, ինչպիսի գենդերային կամրագրվի՞, կհամաձայնվեն արդյոք քաղաքական ուժերը, որ կուսակցությունների ցուցակներում սեռերի հարաբերակցությունը վերջապես 50/50 սահմանվի և այլն:

 

Ակտիվ քննարկման առարկա դարձած հիմնական հարցերից մեկն այն էր, թե ինչ չափով է ապագա ընտրակարգը երաշխավորելու կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում ըստ սահմանված քվոտայի, քանզի, ըստ գործող կարգավորումների, որոնք ներառում են նաև ռեյտինգային ցուցակները,  այդ խնդիրը լուծված չէ: Օրինակ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեռանալով խմբակցությունում այսօր կա 17 անդամ, որից միայն 3-ն է կին: Մինչդեռ խմբակցությունում կանանց ներկայացվածությունը չպիտի 20 տոկոսից պակաս լինի:

 

 

Համազասպ Դանիելյան

 

Ըստ պատգամավորի՝ թեև ռեյտինգային ընտրակարգը համեմատաբար նոր ինստիտուտ է (2017թ.), բայց հանրությունը թերևս ամենից շատը հենց դրանից է տեղեկացված, քանի որ այն շատ քննադատվեց:

 

 

«Հեղափոխությունից անմիջապես հետո այս ընտրակարգից ձերբազատվելու մտադրության մասին բազմիցս է բարձրաձայնվել և դա արտացոլվել է այս նախագծում: Եվ այսօր գկխավոր հարցն այն է, թե ռեյտինգային ընտրակարգը ի՞նչ ընտրակարգով պետք է փոխվի: Ամենապարզ այլընտրանքը այսպես կոչված փակ ցուցակներն են՝ համամասնական ցուցակ, որը կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացվելու է ԿԸՀ: Այս ընտրակարգի ակնհայտ առավելությունն այն է, որ այն պարզ է ու հասկանալի»,- հայտարարեց նա: 

 

 

Սակայն որպեսզի սեռերի հարաբերակցությունը ԱԺ խմբակցությունում համապատասխանի քվոտային, շարունակեց Համազասպ Դանիելյանը,  մանդատների բաշխման կարգի հետ կապված որոշակի մոտեցումներ պետք է ֆիքսվեն.

 

 

«Այսինքն ֆիքսվի, որ խմբակցությունից հեռացող կին պատգամավորին պետք է փոխարինի ցուցակի հաջորդ կին թեկնածուն և ոչ թե հերթական հաջորդ թեկնածուն»,-ընդգծեց նա: Ի դեպ հիշեցնենք, այս մասին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում են տարիներ շարունակ ու ԸՕ գրեթե բոլոր բարեփոխումների ժամանակ:

 

 

Ինչ վերաբերում է մենթալիտետային և մշակութային խոչընդոտները հաղթահարելուն, ապա պատգամավորը վստահ է, որ դրա  համար մարդիկ պետք է սովորեն տեսնել կին քաղաքական գործիչների, ովքեր նաև հանդես են գալիս, որպես այդպիսին՝ պատշաճ հռետորաբանությամբ: Դանիելյանը շեշտեց՝ անկախ ամեն ինչից անթույլատրելի է թիրախավորել քաղաքական գործչին ըստ սեռի, ինչը մեր քաղաքական դաշտում, ցավոք, դեռ հաճախ հանդիպող երևույթ է:

 

 

 

Գևորգ Գորգիսյան

 

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կիրառել բաց համամասնական ցուցակներ, որպեսզի քաղաքացիները որոշեն, թե կուսակցության ներսում  քաղաքական գործիչներից ո՞ւմ են իրենք ավելի բարձր գնահատում: Քննարկմանը մասնակցող ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ բաց համամասնական ցուցակը ուղիղ ճանապարհն է դեպի կուսակցությունների ներքին ժողովրդավարության կայացում.

 

 

«Եթե մենք փակում ենք ցուցակը, ապա կասեցնում ենք անհատ քաղաքական գործիչների զարգացումը»,- նշեց նա:

 

 

Նա դեմ չէ, որ բաց կամ կիսաբաց ցուցակներում լինի սահմանված քվոտա. «Օրինակ, եթե մենք ընտրում ենք, որ 30 տոկոսը պետք է անցնի կիսամեծամասնական ընտրակարգով, ապա այդ քվոտան միանշանակ տարածվում է նաև կանանց վրա: Այսինքն, ես չեմ կարծում, թե կին քաղաքական գործիչները չեն կարող լինել ձայն հավաքած ցուցակում: Որովհետև սրանով մենք դաշտ ենք ստեղծում, որպեսզի քաղաքական գործիչները, անկախ սեռից և տարիքից, կարողանան ինքնադրսևորվել և ստանալ քաղաքացիների ձայնը: Օրինակ, Մանե Թանդիլյանը երկու անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, երկու անգամ էլ իր հավաքած ձայների շնորհիվ: Այնպես որ բաց համամասնական ցուցակները նաև հնարավորություն են կանանց համար, որպեսզի նրանք աճեն ու զարգանան»,- ասաց Գորգիսյանը:

 

 

Ինչ վերաբերում է սեռերի հարաբերակցության մասով հնչած առաջարկներին, նա նշեց, որ սխալ է համարում 50/50 քվոտա սահմանելը, որովհետև «շատ բարդ է կանանց ներգրավել քաղաքականության մեջ, հատկապես, երբ Ազգային ժողովից մենք տեսնում ենք ընդհուպ մինչև սեռական բնույթի ակնկարկներ և այլն, որոնք պայմանավորված են զուտ նրա կին լինելու հանգամանքով».

 

 

«Որպես հետևանք կանայք չեն ուզում մտնել այդ ամենի մեջ և իրենց հրաժարվելը ակտիվ քաղաքականությունից պայմանավորում այն հանգամանքով, թե ինչպիսի քաղաքական դաշտ մենք ունենք: Այնպես որ մինչև քվոտայի բարձրացումը մենք ունենք այլ խնդիրներ լուծելու՝ կրթական, մշակութային, մենթալիտետային ոլորտներում: Միանգամից խոսել 50 տոկոսի մասին այսօր դեռ վաղ է ու սխալ», – հավելեց նա:

 

 

Վարդինե Գրիգորյան

 

 

Մանե Թանդիլյանի օրինակը իր խոսքում բերեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը: Նրա խոսքով, այն այնքանով է ցայտուն, որ երկու անգամ Թանդիլյանն ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով, բայց երկու անգամ էլ, ինչ նա դադարել է ԱԺ պատգամավոր լինելուց, իր փոխարեն մանդատը ստացել է տղամարդ.

 

 

«Սա նշանակում է, որ մենք այս միջոցով չենք կարողանում ապահովել նույնիսկ այն հարաբերակցությունը, որ լինում է ընտրության պահին»,- ասաց փորձագետը:

 

 

Գրիգորյանը հարց ուղղեց  պատգամավորներին՝ արդյոք ընդունելի չէր լինի, եթե այս պահին ԸՕ-ում փոփոխություն անելուց նախատեսենք 50/50 հարաբերակցությունը, բայց անցումային դրույթներով: Օրինակ, մինչև 2024 թվականը կոնկրետ թիվ է սահմանվում՝ 1/3-ը, 40 տոկոսը և այլն: Բայց վերջնարդյունքն այն է, որ մենք հստակ  գիտակցում ենք, որ մոտակա 10 տարում մենք փորձելու ենք հասնել կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության:

 

 

Եվս մեկ հարց, որ հնչեցրեց Վարդինե Գրիգորյանը՝  արդյոք կուսակցությունների քաղաքականության վրա որոշակի ազդեցություն է ունեցել այն, որ ամրագրվել է անցողիկ շեմը և արդյոք նրանք գիտակցում են, որ 2021 թվականից հետո իրենց ցուցակներում ավելի շատ կանանց պիտի ներկայացնեն ու դրանից ելնելով փորձում են ավելի շատ ներգրավել:

 

 

«Հետաքրքիր է, այդ հանգամանքը հաշվի է առնվել կուսակցությունների կողմից, թե ուշադրություն չի դարձվել ու մենք հիմա փաստի առաջ ենք կանգնել: Եվ եթե ԸՕ-ում մենք նախատեսում ենք այդ հեռանկարը, արդյոք դա չի օգնի, որ քաղաքական ուժերը, կանխատեսելով , թե ապագայում ինչ խնդիրներ պետք է լուծեն, այդ պահից սկսած արդեն գնան դեպի ներառականություն ու ներքին մշակույթի փոփոխություն, որովհետև հենց քաղաքական ուժերն են մշակույթ ձևավորում: Ես համոզված եմ, որ տղամարդիկ են ստեղծում այն տպավորությունը, թե հասարակությունը չի ընկալում կին գործիչների և եթե իրենք փոխվեն, ապա ես չեմ կասկածում, որ տաս տարի հետո մենք իսկապես կունենանք հավասար ներկայացվածություն»,- հավելեց նա:

 

 

Թամարա Հովնաթանյան

 

 

Ըստ բանախոսի, Ժամանակն է ԸՕ-ում ամրագրել կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը՝  կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի  50/50 հարաբերակցությամբ,  և այդ առաջարկի նապատահարմարությունը ամրապնդվում է մի շարք փաստարկներով:

 

 

 

«Հաշվի առնելով այն միտումը, որ մենք, կարծես թե, չենք ուզում հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից ու դրա տարբեր ձևերից և փորձ ենք անում անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգին, մենք կարծում ենք, որ այս դեպքում ցուցակներում գենդերային քվոտան կարող է լինել միայն 50/50 համամասնությամբ: Կիրառելով այս մոտեցումը մենք իրականում հնարավորություն կտանք կանանց բարձրացնել իրենց մրցակցությունը կուսակցություններում: Այսինքն, բաց ցուցակների ցանկացած տարբերակների դեպքում մենք կարող ենք խոսել միայն 50/50 համամասնության մասին, և անգամ 40/60-ն այս պարագայում արդեն անիմաստ է, որովհետև  փորձը ցույց տվեց, որ մենք չենք կարող հույսը դնել միայն փակ ցուցակների վրա: Եվ եթե մենք իսկապես մտածում ենք այն մասին, որ կանանց մրցակցությունը կուսակցությունների ներսում բարձրանա, ապա պետք է ի սկզբանե արդար մոտեցում ցուցաբերել ՝ 50/50 և հնարավորություն տալ կանանց մասնակցելու»,- նշեց նա:

 

 

 

Բացի այս, շարունակեց Թամարա Հովնաթանյանը, խնդրահարույց է այն հանգամանքը, որ ըստ քվոտայի  խմբակցությունում կանանց թիվը պետք է լինի 25 տոկոս, բայց ներկայացված է 20 տոկոս: Փաստացի, մատնացույց արեց բանախոսը, ըստ ներկայացված  նախագծի այս տարբերությունը կպահպանվի.

 

 

«Հետևապես, մենք կողմնակից ենք, որ այդ տարբերությունը հանվի, բայց դա հնարավոր է հանել միայն ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում:  Իսկ եթե բաց ցուցակները մնում են, փաստացի գենդերային քվոտան և խմբակցությունում կանանց մասնակցությունը, այսպես թե այնպես, տարբեր է լինելու»,- ասաց նա և հավելեց, որ Կոալիցիայի առաջարկները նախագծի մասով կախված են ընտրակարգից.

 

 

 

«Եթե լինելու է լրիվ համամասնական ընտրակարգ, ապա կարելի է խոսել սեռերի 40/60 հարաբերակցության մասին, իսկ եթե լինելու են բաց ցուցակներ, ապա մենք պնդելու ենք ներկայացված թեկնածուների 50/50 համամասնության մասին»,- հավելեց տիկին Հովնաթանյանը:

 

 

Նշենք, որ ամփոփելով քննարկումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ փաստացի գնում ենք դասական համամասնական ընտրակարգի , այս դեպքում՝ տարածքային ցուցակները բացառելու սկզբունքով: Եվ միակ հարցը, որ կա այս պահին՝ ընտրական ցուցակը լինելու է բաց, թե՞ փակ: Պատգամավորը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե բաց ցուցակների դեպքում ներքին ժողովրդավարությունը բարձրանում է, ինչպես դա պնդում է «Լուսավոր Հայաստանը», բայց և հրավիրեց բոլոր շահագրգիռ կողմերին շարունակել քննարկումը այս կարևորագույն հարցի շուրջ:

 

 

 

Ի դեպ, Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ կբերվի ԱԺ գարնանային նստաշրջանին։

 

 

Լիա Խոջոյան

 

Քննարկման մանրամասներն  կարող եք դիտել. 

 
 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

Մեկնարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները

Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին

«Հայեցակարգն երաշխավորում է  Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»

Ինչպիսի՞ քվոտա է  առաջարկվում  Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով

Պատգամավորներն առաջարկում են կիրառել  33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական  ընտրություններում

Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

 

Դիտումների քանակը` 268

Վերադառնալ վերև