Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հավասար» քարոզարշավը ներկայացնում է «Կանանց օրակարգը» խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

«Հավասար» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից` ՊրոՄեդիա-Գենդեր և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, մշակվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Կանանց օրակարգը»:

 

 

«Կանանց օրակարգի» հիմնական նպատակն է Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ուշադրությունը հրավիրել կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա` ակնկալելով, որ ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:

 

Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ՀՀ Ազգային ժողովի մաս կազմող քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրելու գործադիր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության համար:

 

Առաջարկում ենք օրենսդիր մարմնում ներկայացված լինելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերին հստակեցնել իրենց վերաբերմունքը երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն ապահովող հիմնախնդիրների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա այս խնդիրներով մտահոգ հանրությանը կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում:

 

Օրակարգի հարցադրումները հիմնված են ՀՀ Սահմանադրության, ՀՀ Գենդերային քաղաքականության հայեցակարգի շրջանակում ընդունված օրենքների և ծրագրերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, ՀՀ վիճակագրական տվյալների, հանրապետությունում անցկացված վերջին հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների վրա.

 

1.Կողմնակի՞ց եք արդյոք ՄԱԿի կողմից Կայուն զարգացման նպատակների շրջանակում առաջադրված 50/50 մասնակցային բանաձևին, որը ենթադրում է կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավում քաղաքականության, տնտեսության մեջ, սոցիալական կյանքում և հավասար ներկայացվածություն որոշումների ընդունման մակարդակում:

 

 2. Ի՞նչ քայլեր եք պատրաստ ձեռնարկելու «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի իրագործման ուղղությամբ:

 

 3.Պատրա՞ստ եք արդյոք ընդունելու «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը և հետևողականություն ցուցաբերելու դրա իրագործման հարցում:

 

4.Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանման ուղղությամբ:

 

 5.Նախատեսու՞մ եք արդյոք կյանքի կոչել ՀՀ Գենդերային քաղաքականության հայեցակարգի շրջանակում հռչակված սկզբունքները և հաշվի առնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում կանանց ու տղամարդկանց շահերն ու կարիքները:

 

 6.Համաձա՞յն եք արդյոք, որ անհրաժեշտ է ուժեղացնել ՀՀ վարչապետին կից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի» կարողությունները` գենդերային հավասարության ազգային մեխանիզմի գործառույթները, այդ թվում համապատասխան քաղաքականության համակարգումն ու մոնիթորինգը, արդյունավետ իրականացնելու համար:

 

 7. Ձեր վերաբերմունքը հետևյալ հիմնախնդիրներին և դրանց լուծման եղանակներին.

 

  • Կանանց ոչ բավարար ներկայացվածությունը իշխանության բոլոր ճյուղերում և մակարդակներում
  • Կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործումը և աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրականության առկայությունը
  • Կանանց և երեխաների, կին գլխավորով տնային տնտեսությունների առավել խոցելիությունը աղքատության տեսանկյունից
  • Գյուղաբնակ կանանց առավել խոցելիությունը ռեսուրսների և ծառայությունների հասանելիության տեսանկյունից
  • Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության բացառում և լիարժեք սոցիալական ներառման ապահովում
  • Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը ժողովրդագրական ճգնաժամի խորացման, ծնելիության անկման, միգրացիայի պայմաններում
  • Գենդերային կարծրատիպերի վերարտադրումը կրթության և ԶԼՄ-ների միջոցով
  • Առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցումը

 

 

 «Կանանց օրակարգ»-ի  ամբողջական տեքստն այստեղ

 

 

Առաջարկում ենք գենդերային հիմնախնդիրներով մտահոգ բոլոր կազմակերպություններին միանալ օրակարգին:

 

Օրակարգը բաց է առաջարկությունների և դիտողությունների համար:

 

 

 

Դիտումների քանակը` 1431

Վերադառնալ վերև