Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կին թեկնածուները կուսակցությունների ընտրական ցուցակներում. ամփոփում

 

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ավագանու 65 տեղի համար հայտ էր ներկայացրել 982 թեկնածու, որոնցից 356-ը կամ 36,2% կանայք էին: Համեմատության համար` նախորդ ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերն իրենց ցուցակներում 32% կին թեկնածուներ էին ընդգրկել:

 

 

Քաղաքապետի 12 թեկնածուներից երեքը կանայք էին

 

Այս ընտրություններն աննախադեպ էին կանանց հավակնությունների իմաստով, քանի որ առաջին անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար երեք կին թեկնածուներ էին պայքարում: Մասնակից 12 քաղաքական ուժերից երեքի ցուցակները կանայք էին գլխավորում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Ինչպես հայտնի է, Երևանը երբեք կին քաղաքապետ չի ունեցել, և մինչ այս ընտրությունները ընդամենը երկու կին է առաջադրվել այդ պաշտոնում (Հեղինե Բիշարյանը՝ 2009-ին և Զարուհի Փոստանջյանը՝ 2017-ին): 

 

 

Կուսակցությունները հատել են իրենց  ցուցակներում 30/70 համամասնության շեմը

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում թեկնածուների սեռերի համամասնությունն ընտրական ցուցակներում կարգավորվել է գործող ՀՀ ընտրական օրենսգրքի «Անցումային դրույթներ» բաժնի 144-րդ հոդվածի 14-րդ կետով, որը սահմանում է. «Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը… »:

Ընտրությունների պահին դեռևս պարզ չէր՝ ի՛նչ փոփոխություններ էին նախատեսվում Ընտրական օրենսգրքում այդ մասով: Մինչդեռ Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի նախնական քննարկումների ընթացքում կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ները առաջարկել էին ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին բարելավել 30/70-ի համամասնությունը՝ ֆիքսելով 40/60 կամ 50/50 համամասնությունը, ինչն ավելի համահունչ է միջազգային փաստաթղթերով ամրագրված հանձնարարականներին: Սակայն քաղաքական ուժերի մեծ մասը վերապահումով էր վերաբերվում ընտրական ցուցակներում սեռերի 40/60 հարաբերակցություն ամրագրելու առաջարկներին՝ պատճառաբանելով դա կանանց ներուժը ներգրավելու հետ կապված խնդիրներով: Հոկտեմբերին հրապարակված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով և նախագծով նախատեսվում է, որ Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է գործի գործող օրենսգրքի 83.4-րդ, 83.10-րդ և 130.2-րդ կետերով ամրագրված քվոտան, ըստ որի առաջիկա խորհրդարանական ընտրություններում  գործելու է կուսակցությունների ցուցակներում 30/70 սեռերի համամասնությունը:

 

Դիտարկելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում կին թեկնածուների ներկայացվածությունը գենդերային քվոտայի բարելավման տեսանկյունից՝ կարելի է փաստել, որ կանանց ներուժի հետ կապված մտահոգություններն իրականում խիստ չափազանցված են: Քաղաքական ուժերը միջինը 36,2% կին թեկնածուներ էին ներկայացրել: Դա ավելին է, քան գործող Ընտրական օրենսգրքով սահմանված 25%-անոց քվոտան և փոփոխություններով առաջարկվող 30%-ը, որը, ըստ էության, կարելի է անցած փուլ համարել: Եվ դա կարևոր փաստարկ է սեռերի համամասնությունը սահմանող քվոտան բարելավելու օգտին: Համեմատության համար նշենք, որ նախորդ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն իրենց ցուցակներում նույնպես 30%-ից բարձր՝ 32% կին թեկնածուներ էին առաջադրել: 

Այլ հարց է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, բարի կամք դրսևորելով և իրենց ցուցակներում միջինը 36,2% կին թեկնածուներ ներկայացնելով, ցուցակների առաջին հնգյակում ներգրավել էին 25% կին թեկնածուներ, իսկ առաջին տասնյակում՝ 30,8%: Ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերից միայն մեկի` «Լույս» դաշինքի ցուցակի առաջին հնգյակում էր երեք կին ընդգրկված, ու միայն երկուսի՝ «Երևանի հանրություն» դաշինքի ու «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակների առաջին հնգյակում` երկու կին: Մնացած քաղաքական ուժերը գերադասել էին մնալ օրենքով նախատեսված շրջանակներում և առաջին հնգյակում ընդգրկել մեկ կին թեկնածու՝ հիմնականում 4-րդ հորիզոնականում, ինչպես ամրագրված է օրենքում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ կուսակցություններն իրականում խնդիր են ունեցել ոչ թե կանանց ներգրավելու, այլ առաջնային դիրքերում նրանց ներկայացնելու հետ:

 

Քաղաքական ուժերի կեսը 40-50% կին թեկնածուներ էին ներկայացրել

 

Ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերի կեսը իրենց ցուցակներում ներկայացրել էին 40-50% կին թեկնածուներ: Առավել մեծ թվով կանայք՝ 51%, ներկայացված էին «Երկիր ծիրանի» կուսակցության կողմից: Առավել քիչ թվով կանայք էին ներկայացված «Իմ քայլը» դաշինքի ցուցակում՝ 28,8%, թեպետ իշխանության ամենաբարձր մակարդակում շեշտադրվում էր որոշումների կայացման գործընթացում կանանց դերի ու մասնակցության ավելացման անհրաժեշտության մասին, իսկ ԸՕ փոփոխությունները քննարկելիս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն առաջարկել էր կանանց ներկայացվածությունը բարձրացնելու նպատակով սահմանել ընտրական ցուցակներում 40/60 համամասնության տարբերակը: 

Կանանց ներկայացվածությունը գերազանցում էր 45%-ը «Երկիր ծիրանի» (51%), «Օրինաց երկիր» կուսակցությունների (45,6%) և «Երևանի հանրություն» դաշինքի (45,6%) ընտրական ցուցակներում, նրանց հաջորդում էին «Ժառանգություն» (43,7%), «Ռեֆորմիստներ» (41,3%) կուսակցությունները, «Երևանցիներ» դաշինքը (41,5%): Կանայք 30%-ից ցածր ներկայացվածություն ունեին «Իմ քայլը» դաշինքի ու ՀՅԴ կուսակցության ցուցակներում: 

 

Առաջին տասնյակում առավել շատ՝ 50% կին թեկնածուներ էին ներկայացրել «Երևանի հանրություն» դաշինքը և «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, նրանց հաջորդում էին «Լույս» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որոնց առաջին տասնյակում կին թեկնածուները 40% էին կազմում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում  ՏԻՄ ընտրություններ-2018   խորագրի ներքո.

 

«Քվոտան պետք է աշխատի  որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»

 

Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին

 

Երևանի ավագանու  4 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարելու  

 

Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է

 

Կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկություններն ու սեքսիզմը

 

Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում. վերլուծական տեղեկանք

 

Կին թեկնածուները կուսակցությունների ընտրական ցուցակներում. ամփոփում

 

Քաղաքի արդար կառավարման սկզբունքները նախընտրական ծրագրերում

 

 

Դիտումների քանակը` 133

Վերադառնալ վերև