Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Երկրի  ջիղը  կանայք են,  հատկապես  գյուղի  կանայք»

«Գյուղմթերքի կին հերոս»-2019-ի մրցանակակիրները

 

Այս տարի  «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը  կայացել է  մարտի 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Միջոցառումը  նախաձեռնել էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

Այս տարվա  մրցանակաբաշխությունը կրում էր «Կայացած կոոպերատիվ՝ զարգացող գյուղատնտեսություն» խորագիրը և նպատակ ուներ խրախուսել Հայաստանում գյուղատնտեսակ կոոպերատիվներում ակտիվ գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց: 

 

Ողջույնի խոսքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ասաց. «Կանայք ստեղծում են  այն  միջավայրը, որտեղ  առանց  տրտնջալու, առանց  հոգնելու տղամարդկանց  հետ հավասար մեծ  խանդավառությամբ  կերտում են  երկրի  ապագան: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն է ասում՝ «Երկրի  ջիղը  կանայք են,  հատկապես  գյուղի  կանայք>: Մեր  ոլորտի բոլոր  կանայք  հերոս են »:

 

Գյուղատնտեսական  դաշինքի անդամ, «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն  իր խոսքում  հիշեցրեց, որ  արդեն 7 տարի է ինչ ավանդաբար  անցկացվում է  «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը:  «Այսօր մենք խրախուսում ենք Հայաստանում գյուղատնտեսության կոոպերատիվներում գործունեություն ծավալող կանանց», – ասաց նա, նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունը   պետք է  լինի  թիրախավոված,   հատկապես  կանանց  տնտեսական  իրավունքների կայացման համար  նպաստավոր պայմանների ստեղծման առումով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի  համոզմամբ մրցանակաբաշխությունը կարևոր առաքելություն ունի ներկայացնելու ոլորտում կանանց հաջողությունները և դրանք տարածելու ու տեսանելի դարձնելու մյուսների համար: «Այսօր ոլորտի խնդիրներից մեկը հողակտորների մասնատվածությունն է, ուստի կոոպերացիայի զարգացումը պետք է առավել կարևորվի: Նախարարությունը ծրագրում է նոր մոտեցումներ և ծրագրեր ներկայացնել, ինչը  կխթանի կոոպերատիվների զարգացումը»:

 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի համոզմամբ  Դաշիքնի շնորհիվ այսօր լսելի է դառնում գյուղի կանանց ձայնը, որ  նրանց  դերը  կարևոր է  նաև հանրային քաղաքականությունների մշակման և վերահսկման գործընթացում:

 

 Այնուհետև գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հեռանկարների և մարտահրավերների մասին խոսեց «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Նավասարդյանը: Նրա  խոսքով  կոոպերատիվները  նպաստում են  գյուղական  համայնքերում աղքատության  նավազեցմանը  և զբաղվածության ապահովմանը,  գյուղատնտեսությունից ստացվող  մթերքների աճին,  գյուղոլորտում  ներդումների հայթայթմանն ու ձեռք  բերմանը, մատչելի ռեսուրսների  ապահովմանը, ռեսուրսների մոբիլիզացմանն ու նպատակային  օգտագործմանը, գիտելիքների և հմտությունների  բարելավմանը,  տնտեսական  և սոցիալական  ներգրավմանը,  ինչպես  նաև անհատ  տնտեսվարողների  և իրավաբանական  անձանց շահերի և իրավունքների պաշտպանությանը:

 

 

«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակին արժանացան  Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերից 11 կանայք՝

 

Ալվարդ Դավոյան. Լոռու մարզի Վարդաբլուր համայնք

Անուշ Հակոբյան. Վայոց ձոր մարզի Գոմք համայնք

Գայանե Խառատյան. Տավուշի մարզի, Սևքար համայնք

Գոհար Մովսիսյան, Կոտայքի մարզի Թեղենիք համայնք

Հեղինե Կիրակոսյան. Արագածոտնի մարզի Արայի գյուղ

Ջեմմա Խանզադյան. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք

Լարիսա Ամիրխանյան, Տավուշի մարզի Գոշ համայնք

Մարինե Հարությունյան, Լոռու մարզի Կուրթան համայնք

Ծովիկ Օհանյան, Արագածոտնի մարզի Բյուրական համայնք

Ռաիսա Խաչատրյան,Կոտայքի մարզի Սոլակ համայնք

Նունե Սարուխանյան, «Կանաչ արահետ» ՀԿ

 

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կողմից իրականացվող «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում, որն   իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

 

Կարդացեք «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակակիրների մասին բոլոր պատմությունները «Կոոպերտիվները գյուղի կանանց հաջողությունների գրավական» գրքույքում ՝  այստեղ

 

Մրցանակաբաշխության լուսանկարներն այստեղ

 

 

 

Անուշ Ներսիսյան

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

Դիտումների քանակը` 370

Վերադառնալ վերև