Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աղջիկները չափազանց շատ են սիրում ֆուտբոլը»

  «Ինձ համար ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեծ տոն է, վայելում եմ աստղերի խաղը, բոլոր հավաքականներն էլ ուժեղ են, եւ շատ թեժ պայքարներ են սպասվում մեզ»,- սա ոչ թե ֆուտբոլի երկրպագուի կարծիք է, այլ կին մարզչի մասնագիտական գնահատական: Լիանա Հայրապետյանն արդեն 24 տարի այս մարզաձեւում է, որից 11 տարին՝ որպես մարզիչ: Այս օրերին  փորձ է արվում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ներկայացնելու որպես «տղամարդկանց միամսյակ» (նույնիսկ Հանրային Հեռուստաեսությամբ հնչեց այդ՝ ֆուտբոլը տղամարդկանց մենաշնորհ դարձնելուն նպաստող  գնահատականը), սակայն Լիանա Հայրապետյանն իր ու իր թիմի աղջիկների օրինակով փշրում է այս կարծրատիպը:

 

«Ճիշտ է, մեր երկրում ավելի շատ են ֆուտբոլի տղամարդ երկրպագուները, բայց կանայք էլ քիչ չեն, մանավանդ նախորդ տարիների համեմատությամբ: Ամբողջ աշխարհում ողջունում են կին երկրպագուներին եւ հնարավորինս շատ են ներգրավվում կանանց ֆուտբոլում, քանի որ կանայք նպաստում են ֆուտբոլի զարգացմանը: Իսկ մեզ մոտ ամեն ինչ խեղաթյուրում են, կանայք ոչ թե քթերը մտցնում են տղամարդկանց գործերի մեջ, այլ շատ սիրելով տվյալ մարզաձեւը՝ ցանկանում են իրենց լավագույնս դրսեւորել եւ արդյունքի հասնել»,- ասում է մարզիչը:

 

Լիանա Հայրապետյանը վստահեցնում է, որ աղջիկները չափազանց շատ են սիրում ֆուտբոլը, նրանք ուղղակի ապրում են ֆուտբոլով, անմնացորդ նվիրումով են հաճախում մարզումներին: «Տարիներ առաջ դժվարությամբ էինք գտնում աղջիկների, ովքեր ցանկանում էին զբաղվել ֆուտբոլով, իսկ հիմա իրենք են մեզ գտնում: Այսօր Հայաստանում կա աղջիկների 10 խումբ, մեր մարզիկները երազանք ունեն խաղալու աշխարհի լավագույն թիմերում»,- պատմում է Լիանան: Նրա խոսքով՝ ներկայումս քիչ չեն դեպքերը, երբ ծնողներն են զանգահարում եւ ցանկություն հայտնում իրենց աղջիկներին ներգրավվելու ֆուտբոլի թիմերում, ինչը շատ է ուրախացնում մարզչին:

39-ամյա Լիանա Հայրապետյանը երկար ճանապարհ է անցել ֆուտբոլում. Սովետական Միության տարիներին «Կաշվե գնդակ» մրցաշարին մասնակցելուց հետո որպես լավագույն խաղացող տեղափոխվել է բարձրագույն խումբ, որը մասնակցել է ԽՍՀՄ առաջնությանը: Սովետական Միության փլուզումիցն հետո ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականում, մասնակցել է Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններին: 2006 թվականից աշխատել է ազգային հավաքականում որպես գլխավոր մարզչի օգնական, իսկ 2013 թվականից գլխավորում է կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը: Լիանան ունի B կարգի որակավորում, իսկ հուլիսին մասնակցելու է A կարգի որակավորման դասընթացներին:

 

Այսօր կայացած մարզիկն ու մարզիչը հիշում է, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել իր նախընտրած սպորտաձեւով զբաղվելու համար: «Մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը, բակում խաղում էի եւ մայրս, տեսնելով, որ լավ տվյալներ ունեմ, որոշեց ինձ տանել ֆուտբոլի: Հայրս եւ եղբայրս կտրականապես դեմ էին, սակայն համառությանս շնորհիվ փոխեցի նրանց մոտեցումը եւ հաղթանակած շարունակեցի զբաղվել սիրած սպորտաձեւով»:

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը դեռեւս խոշոր հաջողություններ չի գրանցել, սակայն դժվարությունները չեն հիասթափեցնում Լիանային, մանավանդ, որ առաջընթացի միտում կա. 2006 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն արդյունքը գրանցվել է 2011 թվականին, երբ մեր հավաքականը Եվրոպայի առաջնության հաղթահարել է նախընտրական փուլը՝ զբաղեցնելով առաջին տեղը:

 

Այսօր Լիանա Հայրապետյանը մարզում է այն աղջիկներին, որոնք տարիներ անց ներգրավվելու են Հայաստանի կանանց ազգային հավաքականում եւ հաղթանակներ են բերելու մեր երկրին: Պատասխանելով մեր հարցին՝ Լիանան նշեց, որ ինքը մարզել է միայն աղջիկների, սակայն առաջարկության դեպքում սիրով կստանձնի նաեւ տղամարդկանց թիմի մարզչի աշխատանքը: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, Լիանան դեռ ամուսնացած չէ, սակայն չի կարծում, որ մասնագիտությունն է իրեն խանգարում: «Կարծում եմ՝ դեռ կհասցնեմ»,- ասում է մարզիչը:

 

Արման Ղարիբյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մոուրինյոն կիսաշրջազգեստով.ինչպես կանայք սկսեցին սովորեցնել տղամարդկանց ֆուտբոլ խաղալ

 

«Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը գոյատևել է միայն աղջիկների նվիրվածության շնորհիվ»…

 

Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն

 

Դիտումների քանակը` 3973

Վերադառնալ վերև