Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վտանգավոր նախադեպ. Խտրականության և ատելության կոչերը՝ «խոսքի ազատություն» են որակվել / քննարկման տեսագրություն

Խոսքը դատարանի որոշման մասին է, որը վերջերս  կայացվել է ի պատասխան  16 քաղաքացիական ակտիվիստների  կողմից ներկայացված հայցադիմումի՝    ընդդեմ «Իրավունք» թերթի: Ակտիվիստները   պահանջում էին ՝պատասխանատվության կանչել պարբերականին՝ իրենց պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար:

 

Խնդիրը նրանում է, որ ամիսներ առաջ «Իրավունք» թերթը հրապարակել էր 60 քաղաքացիներից բաղկացած «սև ցուցակ», նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով՝ հանրությանը  կոչ անելով ցուցաբերել «Զրո հանդուրժողականություն» նրանց հանդեպ,  քանի որ ըստ թերթի նրանք «սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիներ են և զոմբիներ»:

 

Թերթը կոչ էր արել իր ընթերցողներին չբարևել ցուցակում ընդգրկված մարդկանց, որևէ հարցում չօգնել։ Գործատուներին և պետական պաշտոնյաներին «Իրավունք»-ը հորդորել էր այս քաղաքացիներին չընդունել աշխատանքի կամ ցանկացած հարմար պատրվակով հեռացնել պետական ծառայությունից:

 

Առաջին ատյանի դատարանը վճռեց, որ այդ կոչերով  չի խախտվել անձանց իրավունքները, չի ոտնահարվել նրանց պատիվն ու արժանապատվությունը, թերթը ընդամենը օգտվել է մեր մեծագույն նվաճումներից՝ խոսքի ազատության իրավունքից: Ավելին, դատավորը որոշեց 300 հազար դրամ բռնագանձել հայցվորներից՝ «Իրավունք» թերթի և հոդվածագրի փաստաբանական ծախսերը փոխհատուցելու համար:

 

Քաղաքացիական շատ ակտիվիստներ եւ  մոտ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ  խայտառակություն են որակել նման դատավճիռը: Նրանց կարծիքով,  այն կարող է վտանգավոր նախադեպ դառնալ, քանի որ ստացվում է, որ   մարդկանց  կարելի է  անպատիժ պիտակավորել, վիրավորել, հրահրել միմյանց դեմ, նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր անել։ Հայցվորները պատրաստվում են վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում և եթե պետք լինի՝  Եվրոպական դատարան են հասնելու:

 

Թեմային օրերս անդրադարձել է շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավար , լրագրող  Գայանե Աբրահամյանը:  «Հարթակ» հաղորդաշարի  տաղավարում քաղաքացիական ակտվիստ Աննա Շահնազարյանը  և փաստաբան Մարինե Գրիգորյանը  քննարկում են   «Իրավունք» թերթի դեմ հայցադիմումի վերաբերյալ դատավճիռը, մտահոգություն հայտնելով,   որ այն  վտանգավոր նախադեպ է ստեղծում ցանկացած հարցով  «վհուկների որս»  սկսելու  համար:

 

 

 

Դիտումների քանակը` 4632

Վերադառնալ վերև