Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նվիրվածություն և աշխատասիրություն. Գայանե Տեր-Սիմոնյանի նորարարության գաղտնիքը

Gayane_Spitak

«Մեղուները արևի լույսը ձևափոխում են մոմի, և երբ մարդիկ վառում են մեղրամոմից պատրաստած մոմը, նրանք կրկին ազատում են լույսը …»,  –  հետեւելով գովազդային այս կոչին դուք կբացայտեք  ձեզ համար  բնական փաթեթավորմամբ մեղր և մեղրամոմից մոմեր առաջարկող BeeArt  ընկերության  յուրահատուկ արտադրանքը:   Հիմնադիրը՝  Լոռու մարզի Սպիտակ  քաղաքում  ապրող Գայանե Տեր-Սիմոնյանն է, ում համոզմամբ  ցանկացած  գաղափար   կարելի է  իրագործել  նվիրվածության  և աշխատասիրության շնորհիվ, ու  գործդ  պիտի այնպես սիրես, որ չնկատես, թե ժամանակդ ինչպես անցավ:

 

mom-1

Գայանեն մասնագիտությամբ  բանասեր է, սակայն ունենալով  պրպտուն  միտք, որոշեց մասնագիտությունից զատ ինչ-որ բան  նախաձեռնել: Մի  օր պատահաբար  ձեռքն  ընկավ մեղրամոմի վրա  կանգնած  մեղվի նկարը, երկար  ուսումնասիրեց  մեղրամոմի  համաչափ ու հետաքրքիր  կառուցվածքը: Մեղվաբուծությունից  գաղափար չունեցող Գայանեն  որոշեց  հետազոտել  նաև  մեղրի  ու  նրա արտադրանքի պատմությունը, ու   գտավ,  որ բացի սննդարար լինելուց,  մեղրամոմը  կարող է փոխարինել  մինչ այդ  կենցաղում լայն սպառում ունեցեղ  պարաֆինե  մոմին: Գայանեն  բացահայտեց, որ ի  տարբերություն  առողջության  և  միջավայրի  համար թունավոր միացություններ  պարունակող  պարաֆինե  մոմերի, մեղրամոմից  պատրաստված մոմը հաճելի բույր ունի, այրվելու ժամանակ  արձակում է առողջարար, մանրէասպան  իոններ, ունի ավելի  պայծառ լույս ու բացի դա ավելի երկար է  այրվում: Մնում էր  լուծել  մեղրամոմից  պատրաստված  էկոմոմը   գեղեցիկ փաթեթավորմամբ  ներկայացնելու խնդիրը…

 

– Գաղափարս իրականացնելու համար անցա  գործի: Ասեմ, որ  շատ դժվար պայմաններում եմ  սկսել այն: Մեր  տան  խոհանոցում  գիշերներ եմ  լուսացրել, սրճեփով  մեղրամոմը հալեցնում էի, փորձում էի  ձև  տալ,  չէր ստացվում, մատերս  հազար անգամ այրել եմ,  բայց   չէի  հուսահատվում: Ծնողներս  չէին  դժգոհում, դեռ խրախուսում էին: Եղան  մարդիկ, ովքեր արածս  անիմաստ  զբաղմունք համարեցին, եղան  նաև  գաղափարակիցներ: Միևնույն է, ես  անդրդվելի էի ու ստացվեց այն, ինչ ցանկանում էի-, պատմում է Գայանեն:

mom-2

Այսօր  մեղվի աշխատասիրությամբ  վարակված են  նաև Գայանեի թիմակիցները, ովքեր նրա հիմնադրած BeeArt /Բիարտ/ կազմակերպության արտադրանքի ստեղծողներն են: Բնական  փաթեթավորմամբ մեղրի,  մեղրամոմի  ու էկոմոմերի հիմնական սպառողը զբոսաշրջիկներն են, ովքեր պարբերաբար ներկա են  գտնվում մարզերում ու Երևանում  կազմակերպվող բացօթյա  տոնավաճառներում:

mom-3

Գայանեի  համոզմամբ սիրված գործով զբաղվելը  նպաստում է ձերբազատվել դեպրեսիայից, իսկ  նոր գաղափարների շուրջ  մտածելը նոր ուժ ու եռանդ է  հաղորդում  իրեն:

 

– Ես պատասխանատվության  մեծ զգացում ունեմ  իմ  քաղաքի  հանդեպ և ուրախ եմ, որ թեկուզ փոքր,  բայց  աշխատատեղ եմ  ստեղծել, որ չորս  վարպետների երևակայության ու շնորհքի արդյունքում ծնված արտադրանքը մեծ պահանջարկ է  վայելում ամենուր և հատկապես Երևանում, – ասում է նա: 

 

mom-4

Գայանեն այս  տարի որոշել է  բաց  չթողնել միջազգային ցուցահանդեսներին  մասնակցելու առիթը ու մտածում է արտադրանքի  տեսականին  բազմացնելու ուղղությամբ: Թեև սեփական փորձից  համոզվել է, որ  հայաստանյան  շուկայում նորույթը փոքր–ինչ դժվարությամբ է  ընդունվում, բայց ծանր շրջանն արդեն  հաղթահարված է, հաճախորդները հետաքրքրվում են նոր աշխատանքներով, ուրեմն  պահանջարկ կա: Գայանեն  համոզված է  նաև, որ ոգևորությունն ու հաջողությունը նոր գաղափարներ են  ծնում, որոնց համար նա իր  թիմակիցների հետ պարտավորվել է  մեղվի աշխատասիրությամբ ու համառությամբ կյանքի  կոչել դրանք:  

 Անուշ Ներսիսյան

 

mom-7

 

 

mom-5

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Շուշան Գրիգորյանի Pepen-ոտ աշխարհը

«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը

«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում

Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»

«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները

WomenNet-ը փնտրում է նորարար կանանց

«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Համացանցի թագուհիները 

 

Դիտումների քանակը` 2566

Վերադառնալ վերև