Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Gender Gap Index 2017. Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը ՝ լավացնելով իր դիրքը 5 կետով

Համաշխարհային  տնտեսական  ֆորումը   հրապարակել  է   2017–ի Գենդերային ճեղքվացքի  գլոբալ  զեկույցը   (Global Gender Gap Report 2017 ) , ըստ որի  Հայաստանը զբաղեցրել է  97-րդ տեղը աշխարհի 144 երկրների շարքում` լավացնելով իր դիրքերը անցյալ տարվա համեմատ 5 կետով, երբ զբաղեցնում էր 102-րդ տեղը :

 

Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից  2006 թվականից   4 առանցքային ոլորտներում՝  տնտեսական մասնակցություն և մասնագիտական աճի հնարավորություններ, կրթություն, առողջապահություն, ինչպես նաև քաղաքական մասնակցություն: Ցուցանիշը, ըստ էության,  արտացոլում է կանանց ու տղամարդկանց  հնարավորությունների միջեւ եղած  տարբերությունը  նշված ոլորտներից յուրաքանչյուրում: 

 

Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը այս տարի  բարելավել է իր դիրքերը 14 կետով ՝  տեղափոխվելով 125-րդ տեղից 111-րդ տեղ, կանանց ներկայացվածությունը խորհրդարանում  մինչեւ 18 տոկոս բարձրացնելու շնորհիվ: Հիշեցնենք, որ աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին  ցուցանիշը  այժմ արդեն համարյա  24 %  է:

 

 

Տնտեսության մեջ կանանց և տղամարդկանց հավասարության առումով Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը  զբաղեցնելով 71 –րդ տեղը անցյալ տարվա  69 –րդ տեղի համեմատ:  

 

 

Թեպետ գենդերային  հավասարության ամենալավ պատկերը կրթության ոլորտում է, սակայն այստեղ Հայաստանը զգալի հետընթաց է արձանագրել՝ տեղափոխվելով 27-րդ տեղից 42-րդ տեղը  է 144 երկրների շարքում:

 

 

Գենդերային բացի 4 ոլորտներում Հայաստանը ամենից վատ ներկայացված է առողջապահության ոլորտում (143 տեղ): Այս ոլորտում վարկանիշի  կառուցվածքում հաշվի է առնվում   նորածինների սեռերի հարաբերակցությունը եւ հենց այդ  ցուցանիշի  զգալի շեղման   հետեւանքով է Հայաստանը  զբաղեցնում , ըստ էության, համարյա վերջին տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը  զգալի շեղված է բնականոնի  համեմատ  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:

 

 

Հետխորհրդային երկրների շրջանում գենդերային հավասարության հարցերով Հայաստանից առաջ են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Տաջիկստանը (95 տեղ), Վրաստանը (94-րդ տեղ), Ղրղզստանը (85-րդ տեղ), Ռուսաստանը (71-րդ տեղ), Ուկրաինան (71-րդ տեղ), Ղազախստանը (52-րդ տեղ), Մոլդովան (30-րդ տեղ), Բելառուսը (26-րդ տեղ): Միևնույն ժամանակ միակ երկիրը, որին հանրապետությունը ետևում է թողել, Ադրբեջանն է (98-րդ տեղ): Համաշխարհային ինդեքսի առաջատարն է դարձել Իսլանդիան, նրան են հետևում Նորվեգիան և Ֆինլանդիան:

 

Ի դեպ,   վարկանիշի միջին արժեքն աշխարհում 0.68 է, այսինքն  անահավասարությունը  աշխարհում հաղթահարված է  միջինում  68 տոկոսով: Լիարժեք հավասարության հաղթահարման ճանապարհը Հայաստանն անցել է 67 %-ով:  Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնող Իսլանդիայի դեպքում գենդերային բացը վերացված  է  88 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 144 երկրից 65-ը վերացրել են անհավասարությունը 70-80 տոկոսով, եւս 65-ը ՝  60-70 տոկոսով եւ 10 երկիր  50-60 տոկոսով:  50 տոկոսից ցածր  ցուցանիշ ոչմի երկիր չունի:

 

Դրա հետ մեկտեղ զեկույցի հեղինակները նշում են, որ առաջին անգամ 2006թ.-ից ի վեր նրանք նկատել են հետընթաց իրական հավասարության խթանման մասով: Փորձագետների գնահատականներով, համաշխարհային գենդերային Ճեղքվածքի հաղթահարման համար կպահանջվի 100 տարի, մինչդեռ անցյալ տարվա դրությամբ պահանջվում էր 83 տարի: Մասնավորապես, տնտեսության ոլորտում հավասարությանը պետք է սպասել  217 տարի, իսկ ահա կրթության ոլորտում այն հասանելի կլինի մոտակա 13 տարվա ընթացքում:

 

Նշենք, որ Gender Gap Index -ը աշխարհում կարեւորվում է նրանով, որ   բացահայտում է   կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի  զարգացման գործընթացներում եւ    ցույց է տալիս  գենդերային անհավասարության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:

 

Դիտումների քանակը` 178

Վերադառնալ վերև