Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ -ի հայաստանյան գրասենյակների նախաձեռնությամբ ստեղծված եւ 2011-ից գործող  Գենդերային թեմատիկ խումբը, որը միավորում է խնդրով զբաղվող  պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներին ու փորձագետներին,  հանդես է եկել կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ մի շարք   առաջարկներով : Առաջարկների մեծ մասը վերաբերվում է  Ընտրական օրենսգրքում փոփոխություններին : Դրանք  ներկայացվել են  ՀՀ Վարչապետին կից  Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդին: Նշենք, որ առաջարկները ներկայացվել  են   մինչ Ընտրական օրենսգրքի  նոր նախագծի հրապարակումը, սակայն չենք կորցրել իրենց արդիականությունը, քանի որ նշված հարցերով  նախագծում  առկա մոտեցումները  փոփոխության չեն ենթարկվել:

 

Ներկայացնում ենք առաջարկներն ամբողջությամբ. 

 

Գենդերային թեմատիկ խմբի անդամները`

–         քննարկելով ընտրական գործընթացներում կանանց մասնակցության բարձրացման հիմնախնդիրը,

–         հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներն ու փաստաթղթերը կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ,

–         ի նկատի ունենալով մի շարք միջազգային փաստաթղթերի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` կանանց քաղաքական իրավունքների լիարժեք իրացման և որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում` ընտրովի մարմիններում, կանանց ներկայացվածության որոշակի ցուցանիշներ ապահովելու վերաբերյալ,

–         վերլուծելով Հայաստանում 1995-ից տեղի ունեցած բոլոր խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների փորձը և հիմնվելով կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ հանրապետությունում անցկացված հետազոտությունների արդյունքների վրա,

–         հաշվի առնելով այն, որ ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում արդեն իսկ սկիզբ է առել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացը,

 

 

հանդես են գալիս մի շարք առաջարկություններով, որոնք նպատակաուղղված են ընտրովի մարմիններում կանանց ներկայացվածության բարձրացմանը.

 

 

  1. Փոփոխության ենթարկել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների առաջադրմանը վերաբերող 108-րդ հոդվածի 2-րդ կետով (Ընտրական օրենսգրքի նոր նախագծով հոդված 84, կետ3 եւ 9 ) ամրագրված դրույթը, այն է.

«…Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը…»,

 

դրա փոխարեն ամրագրելով հետևյալ ձևակերպումը`

«…Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը…»:

 

 

  1. Նախատեսել մեխանիզմներ, որոնք երաշխավորում են քվոտայի պահպանումը ընտրական գործընթացի բոլոր փուլերում և դե-ֆակտո ընտրված մարմնում, մասնավորապես, ամրագրելով ՀՀ Ընտրական օրենսգրքում կամ նախատեսելով այլ ընթացակարգերով հետևյալ դրույթը.

«Կուսակցությունների ցուցակներում քվոտայից օգտվող թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված քվոտայից օգտվող հաջորդ թեկնածուն»:

 

 

  1. Փոփոխության ենթարկել նաև գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի Երևանի ավագանու անդամի թեկնածուների առաջադրմանը և գրանցմանը վերաբերող 155-րդ հոդվածի 2-րդ կետով (Ընտրական օրենսգրքի նոր նախագծով հոդված 128, կետ2 ) ամրագրված դրույթը, այն է.

«…Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը…»,

 

դրա փոխարեն ամրագրելով հետևյալ ձևակերպումը `

«…Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը…»:

 

 

  1. Հանրապետության խոշոր քաղաքային և խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում անցում կատարել համամասնական կամ խառը ընտրակարգին` ամրագրելով հետևյալ դրույթները.

–         «կուսակցությունների ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը» և

–         «կուսակցությունների ցուցակներում քվոտայից օգտվող թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված քվոտայից օգտվող հաջորդ թեկնածուն»:

 

 

 

  1. ՀՀ Ընտրական օրենսգրքում վերը նշված փոփոխությունները զուգորդել կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանն ուղղված այլ աջակցող միջոցների կիրառմամբ, այդ թվում`

–         ներդնել կանանց առաջընթացն ապահովող կուսակցությունների խրախուսման մեխանիզմներ, դրանով իսկ աջակցելով համապատասխան քաղաքականության և կանանց կադրային ռեզերվի ձևավորմանը կուսակցությունների ներսում,

–         տարածել և կիրառել հանրապետության ՀԿ-ների կողմից կուտակված դրական փորձն ու հաջողված մոդելները` կին լիդերների բացահայտման և քաղաքականության մեջ նրանց ներգրավման, ընտրական գործընթացներում կանանց կարողությունների ու հմտությունների զարգացման և նրանց աջակցման ուղղությամբ,

–         բացառել սեռով պայմանավորված խտրականության դրսևորումները քաղաքական դաշտում և նպաստել կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ բացասական կարծրատիպերի հաղթահարմանը` ԶԼՄ-ների ակտիվ ներգրավմամբ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

ՀԿ-ների ուղերձը կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

«Պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար»…

Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը

Ուղերձ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

 

Դիտումների քանակը` 2828

Վերադառնալ վերև