Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավարությունը խուսափու՞մ է գենդերային տերմինաբանությունից

ՀՀ Կառավարության մարտի 26-ին կայանալիք  նիստի օրակարգում  միանգամից  երկու  հարց է ընդգրկված, որոնք  վերաբերում են  գենդերային քաղաքականությանը:    Կառավարության հաստատման է դրված «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թ. միջոցառումների տարեկան ծրագիրը» եւ «Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015թ. միջոցառումների տարեկան ծրագիրը»:

 

Նշենք, որ երկուսն էլ  ամեն տարի ընդունվում են  Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի   եւ  Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրն ու ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում :

 

Այս տարի սակայն ուշագրավ մի տարբերություն կա: Այս անգամ  կառավարությունը որոշել է հայացնել  գենդերային  տերմինաբանությունը,  մի դեպքում  փոխարինելով « գենդերային քաղաքականությունը»    «կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականություն» բառակապակցությունով,  մյուս դեպքում օգտագործելով գենդերային բռնություն տերմինի փոխարեն «սեռի հատկանիշով  բռնություն»: Այս նույն փոփոխությունը կատարվել է  նաեւ  ծրագրերով նախատեսված միջոցառումների անվանումների եւ ծրագրերի հիմնավորումների մեջ:

 

Իհարկե, ծրագրի եւ առավել եւս  գենդերային քաղաքականության բովանդակությունը դրանից  չի փոխվում, սակայն անհասկանալի է կառավարության ձգտումը խուսափել միջազգայնորեն ընդունված տերմիններից, հատկապես, որ առաջարկվող «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» հասկացությունը ճշգրիտ  չի արտացոլում  գենդերային քաղաքականության էությունը:

 

Հասկացությունների տարբերությունը պարզաբանելու համար  WomenNet.am-ը  զրուցեց  կանանց ՀԿ-ների փորձագետներից մի քանիսի հետ: Մեր զրուցակիցների  դիտարկմամբ, փոխարինումը համարժեք չէ , քանի որ  պետության գենդերային քաղաքականության  նպատակն է  ոչ միայն ապահովել կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, այլև դրանց իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների հավասարությունը: Հայաստանում գործող օրենքներով կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիր, ըստ էության, գոյություն չունի, խնդիրը դե յուրե ամրագրված իրավունքների իրացման համար հավասար հնարավորությունների ապահովումն է: Այս առումով, փորձագետները կարծում են, որ ծ?ագ?ում զետեղված  «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն»  հասկացությունը  աղճատում է խնդրի իմաստը, եւ   թյուրըմբռնումներից խուսափելու համար գուցե անհրաժեշտություն չկար հայացնելու   գենդերային տերմինաբանությունը: Հատկապես, որ ժամանակին,  Պեկինի համաժողովից անմիջապես հետո,  հայոց  լեզվի մասնագետները փորձելով  դա անել՝  հրաժարվել են այդ մտքից:

 

Մեր զրուցակիցները  նաեւ ուշադրություն  հրավիրեցին  այն փաստի վրա , որ մինչ այսօր ընդունված ազգային ծրագրերում  եւ խնդրին առնչվող ՄԱԿ-ի փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը (Հազարամյակի զարգացման նպատակներ, Պեկինի գործողությունների ծրագիր, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա և այլն), օգտագործվում են «գենդերային հավասարություն» կամ «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» հասկացությունները: Իսկ բոլորովին վերջերս մարտի 9-20 –ը տեղի ունեցած ՄԱԿ-ի կանանց դրության հանձնաժողովի  59-րդ նստաշրջանում, որը նվիրված էր Պեկինի գործողությունների ծրագրի 20-ամյակին, բոլոր կառավարությունները հաստատեցին  մինչեւ 2030թ. գենդերային հավասարությանը  հասնելու իրենց  ձգտումը:  

 

Հույս ունենանք, որ ՀՀ կառավարության նորարարությունը տերմինների փոփոխության մասով այդ մտադրության վրա չի անդրադառնա:  Համենայն դեպս , «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թ-ի միջոցառումների տարեկան ծրագրի»  հիմնավորման մեջ նշված է , որ ծրագիրն  նպատակուղղված  է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:

 

Նշենք, որ հիմնավորման տեքստը, ընդհանուր առմամբ,  համահունչ է միջազգային փաստաթղթերի մոտեցումներին: Մասնավորապես, Կառավարությունն ընդունում է, որ «չնայած կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը ՀՀ Սահմանադրության մեջ (14.1 հոդված), և սեռի սկզբունքով խտրականության արգելքին` գործնականում Հայաստանի Հանրապետութունում պահպանվում է սեռի սկզբունքով թաքնված խտրականությունը և այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների (ժողովրդավարության ամրապնդման, իրավական և սոցիալական պետության ստեղծման) ժամանակակից զարգացմանը»:

 

Հիշատակվում է նաեւ այն փաստը, որ իշխանության մարմիններում կանանց  ներկայացվածության առումով  Հայաստանը դեռևս ետ է մնում ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի շատ երկրներից:  Նշվում է, որ կանանց և տղամարդկանց անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է և հասարակության մեջ պահպանվող դերերի ավանդական ընկալումները:

 

Հիմնավորման մեջ  նշված է  նաեւ, որ առաջարկվող ծրագիրը  ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, բոլոր քաղաքացիների համար` անկախ սեռից, հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերմանը: Այն, ըստ հեղինակների, նպաստելու է հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերմանը: Այսինքն, «կանանց ու տղամարդկանց իրավահավասարություն« ասելով, հեղինակներն այնուամենայնիվ  հասկացել են նաեւ հանարավորությունների հավասարություն:

 

Դրա հետ մեկտեղ  ՀՀ Կառավարության կողմից  դեռեւս  2010-ին ընդունված  Գենդերային քաղաքականության  հայեցակարգը  հիշատակվում է  հիմնավորման  տեքստում  որպես « ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N5 արձանագրային որոշմամբ ընդունված հայեցակարգ»:  Այսինքն, ակնհայտ է, որ  փաստաթուղթը կազմելիս հեղինակները  նպատակ են ունեցել  ամեն կերպ  շրջանցել «գենդերային»  բառը:   Մի տեղ սակայն դա չի հաջողվել: Խոսքը  տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառման մասին է, ինչն, ինչպես մասնագետներն են փաստում,  իրականում շատ դժվար  է այլ բառով ներկայացնել:

 

Ցավալին այն  է , որ ծրագրերը կյանքի կոչելու փոխարեն  կառավարությունն ինքն իրեն խնդիրներ է ստեղծում՝  ժամանակ  վատնելով    գենդերային տերմինաբանությունը  հայացնելու անհաջող փորձերի վրա :

Է. Մակարյան

 

Նյութում հիշատակված  ծրագրերին եւ կից փաստաթղթերին  կարող եք  ծանոթանալ այստեղ.  

 

Դիտումների քանակը` 3576

Վերադառնալ վերև