Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավառությունը ձևավորված է. նրա կազմում ընդամենը մեկ կին նախարար կա

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրերի համաձայն այս պահի դրությամբ 12 նախարար է նշանակվել։ Նրանց թվում ընդամենը մեկ կին կա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Զարուհի Բաթոյանն այսուհետ նախարարի պաշտոնում է աշխատելու։

 

Կառավարության կառուցվածքում 17 նախարարություն կա։ Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, ապա կառավարությունը համարվում է ձևավորված։ Հաշվի առնելով տևական քննարկումները նախարարությունների թվի կրճատման մասին՝ կարելի է գրեթե վստահ ասել, որ մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարների նշանակումներ չեն լինելու։ Բոլոր դեպքերում նախարարությունների թվի կրճատման գործընթացը պահանջում է փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում, որը հավանաբար արդեն մյուս շաբաթվա մեջ կներկայացվի Ազգային ժողով:

 

Նոր նշանակումներն, ըստ էության, անակնկալներ չեն պարունակում ,  բոլորն  էլ վերանշանակումներ են , բացառություն կարելի է համարել միայն Զարուհի Բաթոյանին, ով մինչ այդ նախարարի տեղակալ էր: 

 

Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար,

 Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար,

 Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար ,

Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար,

 Զարուհի Բաթոյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարար,

Ատոմ Ջանջուղազյանը՝ Ֆինանսների նախարար,

Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար,

Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,

 Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,

 Արայիկ Հարությունյանը՝ կրթության, գիտության նախարար,

Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

  

 Ավելի վաղ Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը նշանակվել էին փոխվարչապետների պաշտոնում։

 

Այսպիսով, այս պահին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձևավորված կաբինետի կազմում ընդամենը մեկ կին կա, ընդ որում  կրկին անգամ պետական այրերի պատկերացումները քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության վերաբերյալ  սոցնախարարից այն կողմ չեն անցել։ 

 

Նշենք նաև, որ 1991-2018թ.թ.  ընթացքում Հայաստանի 16 կառավարություններից յուրաքանչյուրի կազմում կին նախարարների թիվն երբեք չի գերազանցել 3-ը: Ընդհանուր առմամբ, այդ նույն ժամանակահատվածում տղամարդիկ նախարարի պաշտոն են զբաղեցրել 235 անգամ, իսկ  կանայք՝ ընդամենը 8 անգամ:

 

Անարձագանք մնաց նաև ընտրություններից հետո մի շարք հասարակական կազմակերպությունների կոչը՝ կառավարության կազմում հավասար թվով կանանց ու տղամարդկանց ընդգրկելու մասին:

 

 

Մինչդեռ կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը  որոշումների կայացման  գործընթացներում ինքնանպատակ պահանջ չէ, այն.

 

  • Բարձրացնում է որոշումների լեգիտիմությունն ու արդյունավերությունը,
  • Հիմքեր է ստեղծում ավելի արդար հասարակության կայացման համար,
  • Խթանում է երկրի կայուն զարգացումը,
  • Նպաստում է սոցիալապես զգայուն և հավասարակշռված քաղաքականության մշակմանն ու իրականացմանը,
  • Զգայուն է դարձնում քաղաքական օրակարգը հասարակության անդամների՝ կանանց և տղամարդկանց կարիքների նկատմամբ,
  • Հանդիսանում է նորարարության և փոփոխությունների գրավական:

 

***

 

WomenNet.am-ը շնորհավորում է նորանշանակ նախարարին

և ներկայացնում  նրա կենսագրությունը.

 

 

Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թվականին Երևանում:

Սովորել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում (տնային կրթություն):
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
2008-2009 թվականներին սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։
1999-2014 թվականներին եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր:
2007 թվականից եղել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու:
2012 թվականից  հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն է եղել։
2013-2017 թվականներին համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը:
2014 թվականից «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է:
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1501

Վերադառնալ վերև