Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գյումրի-2016. Կուսակցությունների մեծ մասը ներկայացրել են կանանց առաջին եռյակում/ ինֆոգրաֆիկա

Հոկտեմբերի 2-ի   Գյումրիի  ավագանու ընտրություններին 11  կուսակցություն է մասնակցելու: Նրանց նախընտրական ցուցակներում, ընդհանուր թվով 419 թեկնածու է ներկայացված, որոնցից  128-ը կամ  30,5 % -ը կանայք են: Հիշեցնենք, որ  օրենքով սահմանված  պահանջով, կուսակցությունները պետք է ապահովեն իրենց նախընտրական ցուցակներում սեռերի  առնվազն 25/75 համամասնությունը:   Նշենք նաեւ, որ Գյումրիի գործող ավագանու  21 անդամից միայն մեկն է կին:

 

Գյումրիում առաջադրված 11 կուսակցությունների ցուցակներում  կանանց  ներկայացվածության մինիմումը 25 % է  («Բալասանյան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» ) ,  իսկ մաքսիմումը ՝ 44 % է ( «Գյումրեցու ոգի», «Գործարար» ): Մյուս  կուսակցությունները  30 -33%  կին են ներկայացրել իրենց ցուցակներում:

 

Ընդհանուր առմամբ  Գյումրիում  առաջադրված  կուսակցությունների  ցուցակներում  ներկայացված թեկնածուների մեկ երրորդը կանայք են:  Ընդ որում, 11 կուսակցություններից  8-ը   ներկայացրել են կին թեկնածուներին  ցուցակի առաջին եռյակում, մնացած երեքը ՝ 4-րդ համարից սկսած:  Ցուցակներից  միայն մեկն  է կին գլխավորում՝  Եպրաքսյա Մեխակյանը  ( ՀԱԿ) : Կուսակցություններից 7-ը երեք կին են  ընդգրկել իրենց ցուցակների առաջին տասնյակում:

 

 

Ներկայացնենք  առաջադրումներն  ավելի մանրամասն.

 

 

«Ալյանս» կուսակցություն

 

ՀՀ  ԱԺ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը մասնակցում  է Գյումրու ավագանու ընտրություններին 22 թեկնածուով, որոնցից 7-ը կանայք են (32%): Առաջին տասնյակում երեք կին թեկնածուի անուն կա՝ Վարդուհի Մուրադյան (ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ, Կրթության որակի ապահովման և վերահսկողության բաժնի աշխատակից,  ընդունելության պատասխանատու քարտուղար, «Ալյանս.-ի անդամ)՝ 3-րդ հորիզոնական, Լիանա Սեֆերյան (Գյումրու Ա. Տիգրանյան անվ. թիվ 3 երաժշտական դպրոց, ուսուցչուհի, «Ալյանս»-ի անդամ)՝ 6-րդ հորիզոնական և Գայանե Ղազարյան (չի աշխատում, «Ալյանս»-ի անդամ)՝ 9-րդ հորիզոնական:

 

«Բալասանյան» դաշինք

 

Գյումրու ընտրություններին  առավելագույն թվաքանակով ընտրական ցուցակ ներկայացրել է «Բալասանյան» դաշինքը, որի կազմում ընդգրկված են  Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ  «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը:  Մեծամասնությամբ իշխող կուսակցության մասնակցությաամբ ձեւավորված այս դաշինքը  գլխավորում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ընդհանուր առմամբ ցուցակում ներառված է թեկնածուների առավելագույն թույլատրելի թվաքանակը՝ 99 թեկնածու, որոնցից միայն 25-ն են կանայք (25%): Նրանք, հիշեցնենք, պայքարելու են ավագանու 33 տեղերի համար: Առաջին կին թեկնածուն՝ Լոլյա Խաչատրյանը («ՀԷՑ» ՓԲԸ -արհմկոմի նախագահ, ՀՀԿ անդամ), ներկայացված է ցուցակում 4-րդ հորիզոնականում՝, երկրորդը՝ Լուսինե Սանոյանը («Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-արտաքին կապերի վարչության պետ,անկուսակցական), 8-րդում և այդպես շարունակ, յուրաքանչյուր  քառյակում մեկ կին:

 

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցություն

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը ներառում է 49 անուն, այն գլխավորում է Վարդևան Գրիգորյանը: Նրանցից միայն 12-ն են կանայք (24,5%): Առաջին կին թեկնածուն՝ Սուսաննա Աստոյանին («Լենտեքս» ՍՊԸ՝ գլխավոր ինժեներ,ԲՀԿ անդամ), ներկայացված  է  երրորդ հորիզոնականում: Հաջորդ կին թեկնածուն՝ Արմենուհի Մխիթարյանը (Չի աշխատում, ԲՀԿ անդամ), ներկայացված է 8-րդ հորիզոնականում: Այսպիսով, ԲՀԿ-ն ևս առաջին տասնյակում ընդամենը երկու կին թեկնածու է ներկայացրել: Այնուհետ գործում է սկզբունքը՝ ամեն քառյակում  մեկ կին թեկնածու:

 

«ԳԱԼԱ»  կուսակցություն

 

Նորաստեղծ «Գաղափարակից լիբերալների Ալյանս» կամ  «ԳԱԼԱ» կուսակցությունը  մասնակցում է Գյումրու ավագանու ընտրություններին 22 թեկնածուներից կազմավորված  ընտրական ցուցակով: Այն գլխավորում է Վահան Խաչատրյանը: Ընտրական ցուցակում 7 կին թեկնածու կա (32%), ընդ որում առաջին տասնյակում երեք կին է.  Քրիստինա Մկրտչյանը («ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊԸ www.galatv.am կայքի գլխավոր խմբագիր, «Թիմ ռեսուրս» քաղաք. նախաձ. կենտրոն ՀԿ հաղորդման հեղինակ, «ԳԱԼԱ»-ի անդամ), տեղակայված է առաջին եռյակում՝ 3-րդ հորիզոնականում: Հաջորդը Արմենուհի Վարդանյանն է («Թիմ ռեսուրս» քաղաք. նախաձ. կենտրոն ՀԿ հաղորդման հեղինակ, «ԳԱԼԱ»-ի անդամ ), ով ներկայացված  է 5-րդ հորիզոնականում և Հերմինե Մկրտչյանը («ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊԸ, ԳԱԼԱ Հ/Ը, լրատվական ծառայության համակարգող, «Թիմ ռեսուրս» քաղաքացիական  նախաձեռնությունների կենտրոն»  ՀԿ,  հաղորդման հեղինակ, «ԳԱԼԱ»-ի անդամ) ՝ 7-րդ հորիզոնականում:

 

«Գյումրեցու ոգի» կուսակցություն

 

Կուսակցության նախընտրական ցուցակում 16 թեկնածուի անուն կա, որոնցից 7-ը կանայք են (44%): Կանանց տոկոսային ներկայացվածությամբ  այս կուսակցության ցուցակն առաջատարներից մեկն է: Առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա՝ 3-րդ հորիզոնականում Արմենուհի Նիկողոսյանն է (Հահմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի նախագահ,անկուսակցական), 5-րդում՝ Սոֆյա Հովհաննիսյանը (Հայկաձորի միջն. դպրոց, «Գյումրեցու ոգի») և Սիրանուշ Հակոբյանը (Երեխաների խնամքի և պաշտպանության Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոց՝ դաստիրակ, «Գյումրեցու ոգի») 9-րդ հորիզոնականում:

 

«Գործարար» կուսակցություն

 

«Գործարար» կուսակցության նախընտրական ցուցակում կին թեկնածուները նույնպես  44% են: Ցուցակում  16 թեկնածու է ընդգրկված, որոնցից 7-ը կանայք են, իսկ առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա: 3-րդ հորիզոնականում ներկայացված է Էլյանորա Ավետիսյանը,(«ՑԱՅԳ» ՍՊԸ, ֆինանսական գծով փոխտնօրեն, «ԳՈՐԾԱՐԱՐ» կուսակցության անդամ), Աննա Պետրոսյանը (Չի աշխատում, «ԳՈՐԾԱՐԱՐ»)՝ 7-րդ հորիզոնականում և Շուշան Երանոսյանը (Չի աշխատում, «ԳՈՐԾԱՐԱՐ») 10-րդում:

 

«Համախմբում» կուսակցություն

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի նորաստեղծ  «Համախմբում» կուսակցությունը ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը վստահել է Հովհաննես Ասոյանին, իսկ առաջին կին թեկնածուն՝ Սեդա Ղազարյանը (Չի աշխատում,Համախմբում), ներկայացված է ցուցակի 4-րդ հորիզոնականում: Առաջին տասնայկում եւս երկու կին կա:  Երկրորդ թեկնածուն՝ Սիրանուշ Սերոբյանը (Չի աշխատում,«Համախմբում»), 6-րդ հորիզոնականում, եւ Բելլա Հովհաննիսյանը (Ա/Ձ «Բելլա Հովհաննիսյան» ,«Համախմբում») 10-րդ հորիզոնականում:   Ընդհանուր առմամբ՞  «Համախմբում»  կուսակցության ընտրական ցուցակում 33 թեկնածու է ներկայացված: Ցուցակում 11 կին թեկնածու կա կամ  33%-ը:

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

 

ՀԱԿ-ը Գյումրու ՏԻՄ ընտրություններում միակն է, որի ընտրական ցուցակը կին է գլխավորում: Առաջին հորիզոնականը կուսակցությունը «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր, անկուսակցական Եպրաքսյա Մեխակյանին է վստահել, եւ կուսակցության հաջողության դեպքում Գյումրին կունենա առաջին կին քաղաքապետը: 5-րդ հորիզոնականում ներկայացված է Յուղաբեր Ղազարյանը («Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան հ/կ նախագահ, անկուսակցական),  9-րդ հորիզոնականում՝ Անի Տոնոյանը (Hair style սալոն, վարսահարդար, ՀԱԿ): Ընդհանուր առմամբ, կուսակցության ցուցակում ընդգրկված 22 թեկնածուից 7-ը կանայք են (32%):

 

 

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

 

ՀՅԴ-ն Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցում է 33 թեկնածուով համալրված նախընտրական ցուցակով, որը  գլխավորում է Աշոտ Կուրղինյանը: Ցուցակում 10 կին է ներկայացված  (32%) : Առաջին կին թեկնածուն 3-րդ հորիզոնականում է՝ անկուսակցական Արաքսյա Մարգարյանը (ԵԳՊԱ Գյումրու մասն. Կերպարվեստի տեսության ամբիոնի վարիչ, անկուսակցական), իսկ առաջին տասնյակում ՀՅԴ-ն ներառել է ընդամենը երկու կանանց՝ երկրորդ կին թեկնածուն 8-րդ հորիզոնականում է՝ Սիրանուշ Ղուկասյանն է (Գյումրի Ն. Ա. Մելիքյանի անվ. թիվ 2 պոլիկլինիկիայի տնօրեն, անկուսակցական): Տեղ-տեղ  «յուրաքանչյուր  քառյակում» սկզբունքը «խախտվում» է ՝ օրինակ,  ցուցակի 15-րդ և 16-րդ հորիզոնականներում իրար հետեւից կանայք են  ներկայացված:

 

 

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

 

Վերափոխված «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն այսուհետ  հանդես է գալիս որպես «Հայկական  վերածնունդ» կուսակցություն , Գյումրու ավագանու ընտրություններին կմասնակցի բավականին պատկառելի ընտրական ցուցակով, որում ընդգրկված  են  90 թեկնածեր:  Ցուցակը գլխավորում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ցուցակում 30 կին թեկնածուի անուն կա (30%): Առաջինը՝ Հասմիկ Եղիազարյանը (ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր, «Հայկական Վերածնունդ»), ներկայացված  է 3-րդ հորիզոնականում: Հաջորդը ՝6-րդ հորիզոնականում է ՝ Գոհարիկ Շահբազյանն է (Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն, Հայկական Վերածնունդ) և 7-րդ հորիզոնականում Հեղինե Ադամյանը (Ալեքպոլ ՍՊԸ, տնօրեն, Հայկական Վերածնունդ): Այսինքն, ցուցակի առաջին տասնյակում երեք կին կա:

 

  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՀՀ  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ընտրություններին կմասնակցի 17 թեկնածու ունեցող ընտրական ցուցակով: Այն գլխավորում է կուսակցական Արթուր Համբարձումյանը, իսկ առաջին կին թեկնածուն ներկայացված է 4-րդ հորիզոնականում՝ Էմմա Պալյանը («Արարատնյուզ» Լրատվական Կայքի խմբագրի օգնական, «Քաղաքացիական պայմանագիր»): Առաջին տասնյակի երկրորդ կին թեկնածու Լուսինե Առաքելյանն է (Թումո Տեխնոլոգիական Կենտրոն, Ուսումնական մասի համակարգող, «Քաղաքացիական պայմանագիր») ներկայացված է 8-րդ հորիզոնականում: Առաջին տասնյակում ընդամենը երկու կին թեկնածու է ընդգրկված, իսկ ընդհանուր առմամբ ցուցակում 5 կին թեկնածու կա (29%):

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 1653

Վերադառնալ վերև