Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գյումրիում և Վանաձորում կուսակցությունների ցուցակներով առաջադրված թեկնածուների 30 տոկոսը կանայք են

Գյումրիում և Վանաձորում առաջադրված   կուսակցությունների ընտրական ցուցակների մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ, ընդհանուր առմամբ,  դրանցում  ընգրկված  745 թեկնածուներից 221-ն, այսինքն 30 տոկոսը կանայք են :  Այս փաստը գալիս է ապացուցելու, որ արդեն իսկ այսօր հանրապետության երկու խոշոր քաղաքներում կուսակցությունները հանգիստ  կարող են ապահովել իրենց ընտրական ցուցակներում  կանանց  առնվազն 30-տոկոսանոց ներկայացվածություն, հետևապես Ընտրական օրենսգրքի  130.2-րդ հոդված– ով ամրագրված  սեռերի  30/70 համամասնության     հետաձգումը մինչև 2021 թվական  ի սկզբանե  արդարացված չէր:  

 

Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են  տեղի  ունենալու Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձոր մարզերի թվով 373 համայնքներում, այդ   թվում նաև Գյումրիում և Վանաձորում, որտեղ  առաջին անգամ ավագանու ընտրությունները անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ինչպես Երևանում:  Ընտրական նոր օրենսգրքի անցումային դրույթներով  ( ԸՕ  հոդված 144 –ի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետեր)  Գյումրիում և Վանաձորում անցկացվող  այս ընտրություններում գործում  է 25-տոկոսանոց  գենդերային  քվոտան, ինչը նշանակում է, որ առաջադրվող կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:   Օրենսգրքի մեկ այլ դրույթով երշախվորվում է  քվոտայի պահպանումը  ընտրություններից հետո՝ մանդատից հրաժարվելու  դեպքում: Մասնավորապես, եթե  ինքնաբացարկի արդյունքում  տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա մանդատը  տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին:

 

Կուսակցությունների առաջադրումներն արդեն ավարտվել են: ԿԸՀ տվյալներով, Գյումրիում  առաջադրվել է 11 քաղաքական ուժ ՝  «Ալյանս առաջադիմական ցենտրիստական»,  «Բալասանյան դաշինք», «Բարգավաճ Հայաստան», «Գաղափարակից լիբերալների Ալյանս» (ԳԱԼԱ), «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

 

Վանաձորում առաջադրվել է   8 կուսակցություն՝  «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր»։

 

Առաջադրված կուսակցությունների ցուցակներում  օրենքի պահանջը կանանց  առնվազն  25 տոկոսով  ներկայացվածության առումով ոչ միայն  ապահոված է , այլև գերազանցված:  Վանաձորում   առաջադրված 8 կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածությունը տատանվում է   25% -ից  իշխող ՀՀԿ  -ի և «Բարգավաճ Հայաստանի» դեպքում մինչև  33% «Համախմբում» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների  ցուցակներում:   ՀՅԴ-ն ներկայացրել է  32 % կին, Հայ ազգային կոնգրեսի ցուցակում  կանայք 27 .2 %  են  և Քաղաքացիական պայմանագրի ցուցակում  28.5 %: « Լուսավոր Հայաստան»-ի  ցուցակում օրենքի պահանջը յուրաքանչյուր քառյակում մեկ կին պահապանվածէ, սակայն ընդհանուր թվով  կանայք 23 տոկոս են:

 

Գյումրիում  առաջադրված 11 կուսակցությունների ցուցակներում  կանանց  ներկայացվածության մինիմումը 25 % է  («Բալասանյան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» ) ,  իսկ մաքսիմումը ՝ 44 % է ( «Գյումրեցու ոգի», «Գործարար» ): Մնացած բոլոր կուսակցությունները  30 -33%  կին են ներկայացրել իրենց ցուցակներում:

 

Նշենք նաև, որ կուսակցական ցուցակների մեծ մասում  կանայք ընդգրկված են առաջին եռյակում :  Ցուցակների  միայն երկուսն են գլխավորում կանայք՝ Վանաձորում  ԲՀԿ-ի ցուցակը  (Այծեմնիկ Օհանյան) և Գյումրիում ՀԱԿ-ի  (Եպրաքսյա Մեխակյան):

 

Նախընտրական քարոզարշավը Գյումրիում և Վանաձորում  կսկսվի սեպտեմբերի 9-ին և կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։

 

Լիա  Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Առաջարկ. «30-տոկոսանոց քվոտայի հետաձգումը մինչև 2022 թվական արդարացված չէ »

 

 

Հոկտեմբերի 2. Կանանց ուշագրավ առաջադրումները համայնքապետների պաշտոնում

 

 

Դիտումների քանակը` 2201

Վերադառնալ վերև