Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատրա՞ստ եք արդյոք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում. հարց նորընտիր կին պատգամավորներին

Օրերս  նորընտիր Ազգային Ժողովը հրավիրել էր անդրանիկ նիստը: Օրենսդիր գործունեության անցած 105 պատգամավորների թվում 18-ը կանայք են, նրանցից տասն առաջին անգամ են մուտք գործում խորհրդարան: WomenNet.am-ը  զրուցել է նորընտիր կին պատգամավորներից մի քանիսի հետ՝ առաջարկելով պատասխանել ընդամենը մեկ հարցի՝  պատրա՞ստ են նրանք արդյոք պաշտպանել կանանց իրավունքներն ու շահերը խորհրդարանում, անկախ իրենց քաղաքական  դիրքորորշումներից …

 

 

 

Իվետա Տոնոյան, «Ծառուկյան դաշինք» խմբակցություն

 

«Անշուշտ, կանանց խնդիրները ինձ համար լինելու են առաջնային, քանզի ես ինքս կին եմ ու շատ լավ հասկանում եմ, թե ինչպիսի հասարակությունում ենք ապրում ու ինչ խնդիրների են կանայք առնչվում: Բազմիցս եմ ասել, որ կանանց ներուժը շատ ավելին է, քան այսօր ներկայացված է այս կամ այն ոլորտում ու նույն օրենսդիրում և միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի քաղաքականապես գրագետ, լայն աշխարհայացքով, բանիմաց կանայք ավելի շատ ներկայացված լինեն տարբեր ոլորտներում:  Վստահ եմ, որ կանանց ներգրավվածության մեծացումը միայն դրական ազդեցություն կունենա ցանկացած ոլորտի, այդ թվում քաղաքականության վրա: Իսկ իմ գործունեության ընթացքում կփորձեմ բարձրաձայնել ոչ միայն կանանց իրավունքներին վերաբերող, այլև շատ ավելի գլոբալ հարցեր, և ունենալ շատ ակտիվ մասնակցություն  նմանատիպ հարցերի քննարկմանը»:

 

 

Շուշան Սարդարյան, ՀՀԿ  խմբակցություն

 

«Միանշանակ և առանց խոսքի ես պատրաստ եմ պաշտպանել կանանց շահերը: Այս պահին չեմ կարող կոնկրետացնել այդ գործունեության ուղղությունները, բայց կարծում եմ, որ ավելի հանգամանալից ուսումնասիրության դեպքում կկարողանամ  առանձնացնել առաջնահերթությունները: Եվ, այո, պատրաստ եմ քվեարկել ոչ միայն որպես պատգամավոր, այլև հատկապես որպես կին պատգամավոր»:

 

 

Լենա Նազարյան, «Ելք» խմբակցություն

 

«Ես ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության կոնտեքստում եմ դիտարկում կանանց իրավունքները, բայց նաև հասկանում եմ, որ մեր իրականության մեջ կան այնպիսի մշակութային դրսևորումներ, որոնք բերում են կանանց հանդեպ խտրականության և այդ պայմաններում ստիպված ենք կանանց  իրավունքների մասին առանձին խոսել: Եվ չեմ բացառում, որ կլինեն քվեարկություններ, երբ ես կքվեարկեմ առաջնային որպես կին և իմ խոսքի մեջ կասեմ, որ տվյալ օրենքին կողմ եմ կին պատգամավոր լինելով, քանի որ ուզում եմ հատկապես առանձնացնել կանանց իրավունքները և պաշտպանել այն հնարավորությունները, որոնցից նրանք նույնպես պետք է օգտվեն»:

 

 

Ջեմմա Բաղդասարյան, ՀՀԿ  խմբակցություն

 

«Որպես կին   պատգամավոր պատրաստ եմ անել ամեն ինչ ոչ միայն կանանց շահերը պաշտպանելու, այլև Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու շահերը պաշտպանելու համար և բնական է նաև կանանց իրավունքները պաշտպանելու համար»:

 

 

Մանե Թանդիլյան, «Ելք» խմբակցություն

 

«Մինչև պատգամավոր դառնալը պաշտպանել եմ կանանց իրավունքները նույնքան ակտիվ, որքան և տղամարդկանցը, քանի որ նույն  համատեքստում եմ դիտարկում  հավասար հնարավորությունները: Բնական է, որ շարունակելու եմ իմ այդ գործունեությունը նաև որպես Ազգային Ժողովի պատգամավոր, որովհետև շատ կարևոր եմ համարում կանանց մասնակցությունը, ներգրավվածությունը, հավասար հնարավորությունները յուրաքանչյուր ոլորտում՝ օրենսդիրում, գործադիրում: Եվ ես կարծում եմ, որ մենք չունենք այնքան ռեսուրս, որպեսզի մեզ շռայլություն թույլ տանք մեկուսացնել կանանց ինչ-որ  ոլորտներից: Կանանց ներուժը ակնհայտ է, նրանց ներդրումը կարող է մեր պետությունն ի վերջո զարգացած երկիր դարձնել և լրիվ այլ իմիջ հաղորդել ՝ դարձնելով այն   համարձակ,  վճռական, հետևողական, հեռատես պետություն»:

 

 

Շաքե Իսայան, «Ծառուկյան դաշինք» խմբակցություն

 

«Բնականաբար պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում խորհրդարանում կանանց իրավունքների պաշտպանությանը և այդ իրավունքների կենսունակությանը  նպաստող ամեն բան անել։ Այս առումով կարևորում եմ նաև կին պատգամավորների ներկայությունը օրենսդիր մարմնում, ինչը  վկայում է այն մասին, որ կինը կարող է ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալել՝ ԱԺ-ում ներկայացնելով ոչ միայն կնոջ, այլև ողջ հասարակության շահերը»:

 

 

Արմենուհի  Կյուրեղյան, ՀՅԴ խմբակցություն

 

«Միանշանակ պաշտպանելու եմ կանանց շահերը Ազգային Ժողովում և արդեն իսկ կարող եմ ասել, որ առաջին քայլն արելեմ՝ բարձրացնելով  ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված  հարցում   «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  անհրաժեշտությունը,  որպեսզի ավելի գործուն մեխանիզմներ մշակվեն ու ներդրվեն այդ օրենքում: Այնպես որ ոչ միայն պատրաստ եմ իմ պատգամավորական գործունեության ընթացքում բարձրաձայնել ու պաշտպանել կանանց շահերը, այլև կփորձեմ բոլորին էլ համախմբել այդ խնդիրների շուրջ, որպեսզի կարողանանք այդ հարցերն առաջ մղել: Կարծում եմ, որ նշվածս օրենքում անհրաժեշտ են այնպիսի փոփոխություններ, որոնք կապահովեն հավասար հնարավորությունների երաշխիքներ՝ ընդհուպ մինչև նշանակովի պաշտոններում կանանց պարտադիր ներկայացվածության հարցը. նաեւ մրցութային պաշտոններում առաջնահերթությունները դիտարկել գենդերային տեսանկյունից և այլն: Կարծում եմ, ներկուսակցական ժողովրդավարությունն ապահովելու համար «Կուսակցությունների մասին» օրենքում նույնպես  պետք է  ամրագրել  կուսակցությունների ղեկավար մարմիններում կանանց պարտադիր  ներգրավվածության հարցը…  Անելիքները  իսկապես շատ են»…

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

 

Դիտումների քանակը` 516

Վերադառնալ վերև