Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխատանքային օրենսգրքով վճարովի հայրության արձակուրդ է  նախատեսվում 

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ  Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

 

Մասնավորապես առաջարկվող լրացումներից մեկը  վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն կոչվելու է հայրության արձակուրդ  և հնարավորություն կտա նորածնի հորը` երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ:  Հեղինակների  պարզաբանմամբ դա արվում  է հայրությունը խրախուսելու նպատակով, որ  նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի և նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ, որոնց թվին են դասվում Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի Հանրապետությունները և Իսպանիայի Թագավորությունը:  Նշենք նաև, որ անցյալ տարի Եվրախորհրդարանի որոշմամբ  Եվրամիության բոլոր երկրների գործատուները պարտավոր են  տրամադրել հայրերին 10 օրից  ոչ պակաս հայրական  վճարովի արձակուրդ:  

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 176-ի 1-ին կետով աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ է տրվում  հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն ( արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը): Սակայն այս դրույթն   ուժի մեջ մտնելու պահից կիրառվել է միայն մեկ-երկու անգամ: Տղամարդիկ  չեն օգտվում օրենքով սահմանված հնարավորությունից՝ նախ, որովհետև արձակուրդն իրենց հաշվին է, երկրորդը՝   վախենում են  կորցնել աշխատանքը կամ ծաղրի ենթարկվել շրջապատի կողմից:    Ի դեպ, ժամանակին մի շարք  ՀԿ-ներ առաջարկել էին  ՀՀ Կառավարությանը հենց  այդ արձակուրդը դարձնել  վճարովի՝ հայրերին  դրանից օգտվելու  խրախուսելու և երիտասարդ կանանց մուտքը աշխատանքի շուկա ապահովելու համար: Առաջարկը սակայն մերժվել էր: Այժմ , պատգամավորների նախաձեռնությամբ  ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով  ներդրվում է հայրության արձակուրդ եզրույթը, որի հետ կապված կարգավորումները  տրվում են  նոր 176.1. հոդվածով հետևյալ ձևակերպմամբ. 

 

 

 «Հայրության արձակուրդը. Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին»:

 

 

Պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծն  անդրադարձ է կատարում  նաև հղի կանանց և երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչև մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար Աշխատանքային  օրենսգրքով նախատեսված  երաշխիքներին: Մասնավորապես, օրինագծի հեղինակները ընդգծում են, որ կանանց՝ հղիության և ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը ընդամենը մեկ ամիս է, ինչը բավարար ժամկետ չի կարելի համարել: Առաջարկվող նախագծով  կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգվում է մինչև երեխայի մեկ տարին լրանալը:

 

 

 

Մյուս փոփոխությունը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված աշխատանքի էական պայմանների փոփոխությանը, ինչը կարող է տեղի ունենալ գործատուի նախաձեռնությամբ և սուբյեկտիվ պատճառներով և ինչից ապահովագրված չեն հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադարձող և երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձինք: Այսպիսի կարգավորումը խոցելի է դարձնում վերը նշված խմբերի աշխատանքային երաշխիքները և չարաշահումների համար սողանցք թողնում անբարեխիղճ գործատուներին: Նմանօրինակ խնդիրներ բացահայտնվել են  իրավակիրառ պրակտիկայի ընթացքում: Առաջարկվող օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա որոշակի երաշխիքներ է տալիս հղի կանանց և   երեխային փաստացի խնամող անձանց:

 

 

 

Օրինագծի հիմնավորման մեջ նշված է,  որ  դրա  ընդունման առաջնային նպատակը Սահմանադրության 16-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչելն է, ըստ որի՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:  Նախագծով առաջարկվող կարգավորումներով ակնկալվում է օրենսդրական դաշտում է՛լ ավելի ապահովել աշխատողների, մասնավորապես՝ կանանց  իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում: 

 

 

Նշենք նաև, որ  Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների եզրափակիչ դիտարկումների կետ 25-ով ՀՀ Կառավարությանը առաջարկվում է.   

 

 

…«Ստեղծել կանանց համար ավելի շատ հնարավորություններ ֆորմալ զբաղվածությունն ապահովելու նպատակով, այդ թվում կանանց և տղամարդկանց միջև ընտանեկան հավասար պարտականությունների հավասար բաշխմանը նպաստելու, երեխաների խնամքի համար բավարար և համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տղամարդկանց համար իրենց ֆիզիկական արձակուրդի իրավունքն իրականացնելու դրդապատճառների ստեղծմամբ»:

 

***

 

 Հունիսի 18-ին օրինագիծն առաջին ընթերցմամբ  քննարկվել է Ազգային ժողովի լիագումար նիստում:  Հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով  օրինագիծը, նշել է, որ  առաջարկվող կարգավորումներով ակնկալվում է ապահովել աշխատողների, մասնավորապես` կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը` բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում:

 

 

Մասնավորապես, նրա խոսքով,  առաջարկվում է օրենսգրքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ` բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի»:

 

 

Առաջարկվող հաջորդ լրացումը, նրա խոսքով,  վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը` երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ:

 

 

Նախագծի համահեղինակ պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով նախագծին նույնպես  ընդգծել է, որ  այն կարևոր հարց է լուծում, որը վերաբերում է կանանց իրավահավասարությանը, աշխատանքային իրավունքի պաշտպանությանն ու տղամարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի վերացմանը:

 

 

«Օրինագիծը շահերի բախում չի՞ առաջացնում»,- կատակեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Սոնա Ղազարյանին: «Օրենքը գործելու է հունվարի 1-ից, ըստ այդմ, շահերի բախում չկա։ Ես իմ ամուսնու համար նախագիծ չեմ բերել խորհրդարան»,- արձագանքեց պատգամավորը…

 

 

Մանրամասները  Factor.am-ի տեսանյութում. 

 

 

 

Դիտումների քանակը` 521

Վերադառնալ վերև