Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հերիքնազ Տիգրանյան. «Մի՛ եղեք անտարբեր ձեր ապագայի հանդեպ, մի՛ փակվեք ձեր խոհանոցներում…»  

 

Փաստաբան  Հերիքնազ Տիգրանյանին շատերն են  ճանաչում նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշումների և իրավապաշտպան  գործունեության շնորհիվ: Մի անգամ չէ, որ հանդես է եկել տարբեր  աղմկահարույց օրենսդրական նախագծերի բացերի ու խնդիրների մասին իր հստակ ու փաստարկված դիրքրոշումներով:  Աշխատել է պետական համակարգում, այնուհետև «Թրանսփարենսի հակակոռուպցիոն» կենտրոնում որպես իրավախորհրդատու: Այժմ  «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված  պատգամավորության թեկնածու է: 

 

  Առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով՝ թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:  Իրավապաշտպան գործունեությունից օրենսդիր գործունությանն իր անցումը հիմնավորված  և հաստատուն է համարում: Ասում է՝ երկար ժամանակ եղել է հասարակական դաշտում և իրականացրել ոչ միայն իրավապաշտպան գործունեություն, այլև ակտիվորեն ներգրավված է եղել օրենսդրության փոփոխությունների հետ կապված աշխատանքային տարբեր խմբերում՝մասնակցելով իրավական ակտերի մշակմանը. «Այս առումով ունեմ որոշակի փորձառություն իրավական ակտերի կամ նախագծերի հետ աշխատելու: Բայցի այդ ունեմ պետական կառավարման համակարգում աշխատանքի շուրջ տասը տարվա փորձ: Այս ամենը հաշվի առնելով և գնահատելով օրենսդիր մարմնում աշխատելու իմ հնարավորություններն ու կարողությունները՝ ընդունեցի «Իմ Քայլի»-ի առաջարկը և առաջադրվեցի գալիք ընտրություններում»:

 

Ռեյտինգային ընտրապայքարի դժվարությունների մասին, հատկապես, կին թեկնածուի համար, Տիգրանյանն ասում է՝ այս ընտրակարգն առհասարակ խնդրահարույց է: «Ռեյտինգային, կամ ավելի ճիշտ՝ տարածքային ցուցակներն ինքնին խնդրահարույց են և հակասում են սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգին: Ռեյտինգային ընտրակարգը չի նպաստում նաև պակաս ներկայացվածություն ունեցող սեռի, այս դեպքում՝ կանանց,  ներկայացուցիչների ընտրությունը: Սա որպես ընդհանուր դիտարկում ռեյտինգային ընտակարգի վեաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում սեռային տարբերությանը՝ ես դրան շատ կարևորություն չեմ տալիս և առաջնորդվում եմ պրոֆեսիոնալիզմի սկզբունքով: Կարծում եմ՝ ընտրողները ևս»,-ասում է Տիգրանյանը:

 

Կուտակված խնդիրները բազմաթիվ են, ինչից սկսել, որը թողնել հետոին: Տիգրանյանը սակայն արդեն գիտի ինչից է սկսելու ու որոնք են  առաջնային լուծվելիք խնդիրները: «Սոցիալական արդարություն, արժանապատիվ և պաշտպանված աշխատանք, հակակոռուպցիոն ռազմավարություն. Սրանք են այն երեք հիմնական խնդիները, որոնք կառանձնացնեի և որոնց լուծման համար ունեմ որոշակիացրած առաջարկներ:  Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ՝ապահովելու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, արհմիությունների հզորացումը և նրանց դերի բարձրացումը, սոցիալական պաշտպանվածության արդարացի մեխանիզմների ներդնումը, ինչպես նաև կոռուպցիայից զերծ կառավարման համակարգի ստեղծումը»,- թվարկում է  պատագամավորության թեկնածուն:  

 

Այն  տեսակետի հետ, որ  մեր հասարակական և քաղաքական, պետական ոլորտներում կանանց ներգրավածությունը ցածր է, Տիգրանյանը համամիտ է, բայց հավելում է՝ «Կարծում եմ դա ավելի շատ քաղաքական կամ պետական ոլորտներին է վերաբերում և հատկապես որոշումների կայացման մակարդակին: Կանանց դերի ուժեղացման համար նախ կանայք պետք է իրենց ուժեղ և իրավազոր զգան, ձերբազատվեն կարծրատիպերից և չթերագնահատեն իրենց: Հայաստանում արդեն իսկ կոտրվել են շատ կարծրատիպեր, այդ թվում քաղաքականության մեջ կանանց մասնակցության մասին պատկերացումներում, ինչը տեղի ունեցավ նաև օրենսդրական կարգավորումների շնորհիվ՝ ընտրական օրենսդրությունում  կանանց աջակցող քվոտայի ամրագրման  արդյունքում»:

 

Ինչ վերաբերում է  քվոտայի միջոցով  50/50  համամասնություն  սահմանելու առաջարկներին, ապա  Տիգրանյանի խոսքով,  քվոտավորումն, իհարկե, լավագույն տարեբերակը չէ, բայց մեզ պես ավանդապաշտ հասարակություններում անհրաժեշտ միջոց է կանանց ներգրավվածությունն ապահովելու համար:  «Հուսամ հետագայում հասարակությունն այնքան հանդուրժող կլինի  տարբեր սեռերի նկատմամբ, որ  այսպիսի կարգավորումների անհրաժեշտությունը կվերանա: Բայց նաև քվոտավորումը  չի ենթադրում զուտ արհեստականորեն ներկայացվածություն, որը կազդի օրենսդիր մարմնի որակի վրա, այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել փորձառությունն ու իրավաստեղծ աշխատանքի կարողությունը», – նշում է նա:  

 

Բոլոր դեպքերում,  Տիգրանյանը վստահեցնում է՝ եթե ընտրվի և աշխատի որպես պատգամավոր, ապա պատրաստ է պաշտպանել ոչ միայն կանանց, այլ յուրաքանչյուրի իրավունքն ու օրինական շահերը, եթե դրանք վտանգվում են կամ խախտվում: Ասում է, որ իր համար  ցանկացած խտրականություն մերժելի է:

 

«Կանանց ներուժը,  ինձ  հայտնի զեկույցների  և հաշվետվությունների համաձայն, բավարար չափով չի օգտագործվում և այդ կարողությունները կորսված ռեսուրս են:  Անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ կանանց դերը ընտանիքում և աշխատատեղում համատեղելու համար, որպեսզի աշխատող կնոջ համար  մայրությունը չվերածվի աշխատանքը կորցնելու կամ նոր աշխատանք գտնելու իրական վտանգի», – նկատում է Տիգրանյանը:

 

Նրա խոսքով,  կանայք իրենց մտածողությամբ ու ներուժով ունակ են երևի թե ցանկացած աշխատանք կատարել, առավելևս մտավոր ու կազմակերպչական: Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե՝ «Քաղաքականությունը կնոջ գործը չէ», պատգամավորի կին թեկնածուն պատասխանում է՝ «Համաձայն չեմ: Եվ ընդհանրապես, գործունեության ոլորտների բաժանումը, ըստ իս, կարող է պայմանավորված լինել միայն  կնոջ և տղամարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով՝ կապված աշխատանքի ֆիզիկական դժվարության, ծանրության և այլ հանգամանքների հետ: Մնացած դեպքերում որևէ սահմանափակում՝ սա կնոջ գործն է, կամ կնոջ գործը չէ, այլ տղամարդու գործն է, ընդունելի չէ»:

 

Դիմելով  կին ընտրողներին Հերիքնազ  Տիգրանյանն ասում է. «Մի՛ եղեք անտարբեր ձեր ապագայի հանդեպ, մի՛ փակվեք ձեր խոհանոցներում, համատեղեք ընտանիքը և աշխատանքը: Եղեք ինքնուրույն որոշում կայացնող և վաղը դուք կարող եք լինել ինձ ուղղված հարցերի պատասխանողը»:

 

Մարիամ Հովհաննիսյան

Դիտումների քանակը` 1061

Վերադառնալ վերև