Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հրանուշ Ռոստոմյան. «Գյուղում և՛ ինձ, և՛ իմ սկզբունքայնությունն ու արած գործերը բոլորը գիտեն»

Հունիսի 9-ին, ՏԻՄ արտահերթ ընտրություններ են անցկացվելու նաև Լոռու մարզի Քարաձոր համայնքում: Համայնքապետի 4 թեկնածուներից մեկը  կին է՝ 68-ամյա Հրանուշ Ռոստոմյանը:

 

Հրանուշ Ռոստոմյանը բուժաշխատող է, երկար տարիներ աշխատել է Քարաձորի բուժկետում, այժմ թոշակառու է, առաջին հայացքից թվում է, թե վաստակած հանգիստը վայելելու ժամանակն է, բայց հանդիպման առաջին իսկ րոպեներից պարզ է դառնում, որ նա կարող ուժ է և դեռ շատ անելիքներ ունի իր հարազատ գյուղի համար: Հենց այդ գիտակցությամբ էլ առաջադրել է իր թեկնածությունը և պայքարում է համայնքապետ դառնալու համար:

 

-Ծնվել ու մեծացել եմ այս գյուղում, ուզում եմ, որ իմ գյուղում էլի մի բան անեմ, արել եմ  միշտ, անշահախնդիր իմ ժողովրդի համար և հիմա էլ ուզում եմ աշխատեմ, որ իմ անունը գյուղում միշտ լավ հիշվի , վատ չհիշվի, ուզում եմ, քանի կենդանի եմ աշխատեմ… Առողջ եմ, առույգ եմ, առավոտից աշխատում եմ մինչև ժամը 12-ը, հետո էլի առավոտյան 5-ին արթնանում եմ ու էլի սկսում աշխատել,- իր մասին այսպես  է պատմում Հ. Ռոստոմյանը:

 

  Գյուղում, վերջին շրջանում լարվածությունը գրեթե գագաթնակետին է հասել, նախկին գյուղապետը մեղադրվում է չարաշահումների մեջ, որի պատճառով էլ, ժողովրդի ճնշումների ազդեցության տակ, ավագանու հետ միասին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նշանակվել են արտահերթ ընտրություններ: Հրանուշ Ռոստոմյանը ասում է, որ իր տղմարդ մրցակիցներն  առաջադրվել են անձնական հաշիվներ լուծելու նպատակով, և այս պարագայում կինն է այն ուժը,  որը կարող է համայնքում առկա լարվածությունը հանդարտեցնել:

 

–  Առաջադրվեցի, որովհետև կարծում եմ, որ եթե  գյուղապետը կին  լինի, գյուղում այս լարվածությունը կթուլանա, կստեղծվի լավ մթնոլորտ, մարդիկ իրար կհարգեն, ոչ թե իրենց անձնական շահի համար իրար դեմ կպայքարեն: Ես մտադրություն չունեի թեկնածությունս դնելու, բայց տեսնելով էս իրավիճակը, որոշեցի, որ անպայման պետք է առաջադրվեմ: Նրանք ինչ-որ հարցեր ունեն, որ պիտի վերջացնեն, դրանց պայքարը դա ա, իսկ իմ պայքարը, որ գյուղում ամեն ինչ լավ վերջանա,. Մարդիկ իրար հասկանան…


Հրանուշ Ռոստոմյանը չի պատրաստվում միայնակ աշխատել,  գտնում է, որ կինը կարող է լավ կազմակերպիչ լինել, , որ թիմային աշխատանքը ավելի արդյունավետ է,  և պետք է ստեղծել ամուր թիմ: Դրա հետ մեկտեղ  չի կարևորում, թե ում կողմնակիցներից  կընտրվի ավագանին: Համայնքապետ ընտրվելու դեպքում, պատրաստ է սիրով և համերաշ աշխատել բոլորի հետ՝ ակնկալելով ավագանու տղամարդ անդամների և համագյուղացիների աջակցությունը:

 

-Առանց տղամարդկանց  ոչ մի բան չեմ կարա անեմ, էդ ծանր աշխատանքները, ֆիզիկական գործը, որին պետք ա մասնակցեն տղամարդիկ, իրանք կանեն ամեն ինչ, ես էլ իրենց հետ միասին, ճանապարհների հարց կա, ջրագծերի հարց կա, տղամարդ ավագանիները, որ ընտրվում են, կանեն ինձ հետ այդ գործերը, ինձ համար տարբերություն չկա, իմ կողմնակիցն ա, թե ուրիշի,- ասում է  Հ. Ռոստոմյանը:

 

Ինչպես և մյուս համայնքները, Քարաձորն էլ բազմաթիվ խնդիրներ ունի. անբարեկարգ ճանապարհներ, շարքից դուրս եկած ջրագծեր, հանդիսությունների սրահ էլ չունի գյուղը: Հ. Ռոստոմյանը մտածում է գործի դնել իր իմացած, բոլոր հնարավոր մեթոդները, կարծում է, որ կին լինելն էլ կօգնի բազմաթիվ հարցեր ի նպաստ գյուղի լուծել, նախկին աշխատանքի ընթացքում էլ կին լինելու առավելությունն զգացել է:

 

-Որ ինչ-որ հարց եղել ա, որ գնացել եմ խնդրել, դիմել, ինձ որպես կին ավելի են աջակցել, քան տղամարդկանց : Բայց գյուղում մարդիկ դեռ առողջ մտածմունք չունեն, մտածում են՝ ինչու պետք ա կինը գա մեզ ղեկավարի, տանը կին, դռանը կին, ավելի լավ ա տղամարդ ընտրենք… Բայց եթե ճիշտ մտածեն , կշռադատեն, կհասկանան, որ կինն ավելի լավ կղեկավարի, քան տղամարդը, որովհետև տանն էլ կինը մթնոլորտը հանդարտացնում ա, երեխաներին դաստիարակում ա, դրսում էլ, իր ընտանիքի նման այնպես պիտի անի, որ ամեն ինչ լավ ու համերաշխ լինի: Ես ուզում եմ, որ կին լիդերները շատ լինեն, որ ՏԻՄ աշխատանքներում իրենց դրսևորեն, և թող ես օրինակ լինեմ նրանց համար:

 

Հրանուշ Ռոստոմյանը բնավորությամբ ըմբոստ է, հեղափոխության առաջին իսկ օրվանից դուրս է եկել փողոց, «քայլել», այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Երբ կայացրեց համայնքապետի թեկնածություն առաջադրելու որոշումը, որդին հեշտությամբ չհամաձայնվեց, բայց որոշումն ընդունված էր:

 

-Ասաց, մամ ջան, քո տարիքն էն չի, գործ չունես, գլուխդ ցավի մեջ մի գցի, դու արի հանգստացի, մենք կաշխատենք, բայց ասի՝ չէ, ես չեմ կարա հանգիստ նստեմ, մինչև մեռնելս ես պիտի աշխատեմ ու լինեմ քաղաքականության մեջ,-պատմում է տիկին Հրանուշը:

 

Հրանուշ Ռոստոմյանը շատ ծրագրեր ունի, հատկապես շատ է կարևորում երիտասարդների ձայնը, ասում է  նրանց հետ պետք է լիդերության, առաջնորդության և վերապատրաստման շատ դասընթացներ կազմակերպել: Ինքն այս տարիքում էլ շատ ակտիվ հանդիպումների մեջ է, վերջին վերապատրաստման դասընթացից  2 օր առաջ է վերադարձել, ուզում է լավ օրինակ լինել հատկապես երիտասարդ կանանց ու աղջիկների համար և իր օրինակով ցույց տալ, որ երբեք էլ ուշ չէ ինչ-որ բան սկսելու համար:

 

Հրանուշ Ռոստոմյանը նախընտրական քարոզարշավ չի իրականացնում, եթե հանդիպում են համագյուղացիների հետ, խոսք է բացվում, ներկայացնում է իր անելիքները, իսկ հատուկ քարոզարշավ չկազմակերպելը բացատրում է նրանով,  որ գյուղում և՛ իրեն, և՛ իր սկզբունքայնությունն ու արած գործերը բոլորը գիտեն: Դրա համար էլ  համոզված է, որ իր տարիների վաստակը համագյուղացիները կգնահատեն և ձայն կտան հենց իրեն:

 

 

 

Նարինե Մաթևոսյան

 

 

Դիտումների քանակը` 385

Վերադառնալ վերև