Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հռիփսիմե Առաքելյան. «Ավագանիում պիտի Երևանը սիրող, Երևանը զգացող մարդիկ լինեն»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում ներկայացված Երևանի ավագանու անդամի թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը լրագրող է, երկար տարիներ եղել է առաջատար լրատվամիջոցներից ղեկավարը ու թեև վերջին ամիսներին  ավելի շատ մենեջերի գործառույթ է իրականացնում թատրոնում, բայց ոչ միայն պահում է կապը լրագրողական հանրույթի հետ, այլև շարունակում է գրել:

 

Ծնվել է 1978 թվականին, Երևանում: Ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, այնուհետև  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը :Աշխատել է «Ար», «Հայ TV», «Կենտրոն», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում, ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը,  զբաղեցրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը:

 

 

Ընտրությունների մասնակցելու առաջարկը ստացել է գործընկերներից՝ ԲՀԿ ցուցակում ընդգրկված նախկին և գործող լրագրողներից: Ասում է, առաջարկն իր համար անակնկալ է եղել, բայց երկար մտածելուց հետո համաձայնել է: Իսկ երկար մտածել է ոչ թե տվյալ  քաղաքական ուժի ծրագրային դրույթների հետ համամիտ չլինելու պատճառով, այլ որովհետև վճռականությունն իր մեջ չի եղել՝ նման գործընթացներում ներգրավելու առումով:

 

 

-Լրատվամիջոցի ղեկավարի կամ լրագրողի տեսանկյունից եմ միշտ բոլոր գործընթացներին հետևել ու մասնակցել, բայց այս անգամ որոշեցի լինել անմիջապես կուսակցության ներսում և քաղաքական պլատֆորմի միջոցով իրականացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք ինքս եմ միշտ պատկերացրել: Մենք սիրում ենք նստել մեր տներում ու աշխատասենյակներում կամ սոցիալական ցանցերում հետևել քաղաքական գործընթացներին ու ասել՝ այ, սա ես այսպես կանեի կամ այնպես: Եթե կուսակցությունը հաղթի և մենք ներկայացված լինենք ավագանիում, ապա ես այդ հնարավորությունը կունենամ՝ ներգրաված լինելով քաղաքային իշխանությունում:

 

 

-Որո՞նք են լինելու այդ  առաջնային խնդիրները, որոնք  առաջ կքաշի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

 

 

-Դրանք մեր ծրագրի ամենակարևոր խնդիրներն են, ու, կարծում եմ, մեր մրցակից բոլոր ուժերը ևս ամրագրել են նույնը՝ տրանսպորտ, աղբահանություն, կանաչ գոտիների ստեղծում: Մայրաքաղաքը կանաչ բուֆերային գոտիների ստեղծման կարիք ունի, ու  հարցը այգիները չեն, որոնք քիչ թե շատ բարեկարգված են: Խնդիրը նրանում է, որ Երևանն ընդհանուր կանաչապատման լուրջ կարիք ունի,  պատահական չէ մեզ մոտ տարատեսակ հիվանդությունների աճը՝ մայրաքաղաքը բնապահպանական աղետի առաջ է կանգնած: Կուսակցության ծրագրում կարևոր դրույթ է ամրագրված Երևանի բուֆերային գոտիներն ակտիվացնելու և կանաչապատելու առումով, ընդ որում  դա պետք է արվի հստակ ուղղորդված կերպով, որովհետև պարզապես ծառ տնկելը դեռևս չի նշանակում, որ դա խնդիր է լուծում: Կան հատուկ տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք պետք է կիրառել մասնագետների հետ քննարկումների արդյունքում: 

 

 

Ամենակարևոր խնդիրներից ևս մեկը տրանսպորտն է՝ բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում: Ամեն օր բնակչությունը տանջվում է այս սոսկալի խնդրի ձեռքը, և մենք առաջարկում ենք հստակ տրանսպորտային ծրագիր: ԲՀԿ-ի մասով կա մի լուրջ առավելություն՝ ծրագիրը ոչ միայն ուղղակի գրվել է, դրանում ներառված բոլոր կետերը արդեն իսկ գտնվում են նախնական պայմանավորվածությունների շրջանակում ներդրողների հետ: Այսինքն՝ կան դրսից ներդրողներ, որոնք վստահել են կուսակցությանը և փորձելու են իրականացնել այդ ծրագրերը մեր միջոցով: Եվ սա վերաբերում է ոչ միայն տրանսպորտին, այլև վերելակների խնդրին՝ կոնկրետ ներդրողներ կան, որոնք անհամբեր սպասում են և եթե մենք հաջողեցինք, այս ծրագրերն անմիջապես կյանքի են կոչվելու:

 

 

 Չեմ կարող առաջնային խնդիր չնշել աղբահանությունը՝ ցավոք, վերջին ամիսներին մենք տեսանք, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվել մայրաքաղաքը , որն ուղղակի թաղվել է աղբի մեջ: Այս խնդիրը լուծելու համար ևս ունենք պայմանավորվածություն հստակ ներդրողի հետ, որի համար սա նույնպես կարևոր բիզնես ծրագիր է՝ աղբի վերամշակման գործարանի կառուցում: Սա և՛ ներդրողի համար է շահույթ հետախնդող բիզնես, և՛ երևանցու համար հրաշալի լուծում, քանի որ եթե Երևանում աղբի վերամշակման ծրագիր մենք չունենանք ապա աղբը քաղաքից չի վերանալու: Վերանայման կարիք ունի մանկապարտեզների գործունեությունը, որտեղ ևս գրեթե բոլոր ընտանիքներին վերաբերող  խնդիրներ ունենք:  Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները՝ բացի կենտրոնից, ունեն մշակութային լուրջ ճգնաժամ: Մենք ծրագիր ունենք վարչական շրջաններում մշակութային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ՝ նախատեսվում է  լոկալ կամ համայնքային թատրոններ ունենալ, գործարկել կինոթատրոններ և այլն:

 

 

-Դուք երկար տարիներ լրատվամիջոցի ղեկավար եք եղել և սեփական փորձով գիտեք, թե որքան խնդրահարույց է   քաղաքացի-համայնքային իշխանություն հետադարձ կապը: Ի՞նչ պետք  է փոխել այդ կապն արդյունավետ դարձնելու համար:

 

 

-Նախևառաջ ավագանին պետք է լինի շատ բաց և թափանցիկ: Մենք տեսել ենք, թե մեր ավագանու կազմում ինչ կարգի մարդիկ են եղել: Իհարկե, եղել են և կան նաև պրոֆեսիոնալներ, ովքեր շատ լավ իրենց աշխատանքը կատարել են, ինչը ես շատ եմ գնահատում, բայց կոնկրետ ես ավագանու անդամների մեծ մասին երբևէ չեմ ճանաչել և չեմ տեսել նրանց գործունեությունը: Եվ սա այն դեպքում, որ լրատվամիջոցի ղեկավար եմ եղել: Այսինքն այդ պասիվ գործունեությունը, որն ենթադրում է  ավագանու ընդամենը դակողի գործառույթը, պետք է միանշանակ վերացվի: Ավագանին պետք է լինի շնչող օրգանիզմ, քաղաքային բոլոր խնդիրներով զբաղվող, թափանցիկ մի կառույց, որի հետ  քաղաքացին պիտի իր կապը պահի և ավագանու գործունեությունը տեսնի և հասկանա: Հստակ է, որ այն, ինչ եղել է, այլևս չպետք է լինի և մարդիկ, որ այնտեղ ուղղակի նստած են եղել, այլևս չպիտի այնտեղ լինեն:

 

 

Եվ վերջին հարցը,  ի՞նչ է Երևանը Ձեզ համար….

 

 

-Երևանն իմ համար ամեն ինչ է.  ծնվել եմ Երևանում, մանկություն-պատանեկությունս անցել է Երևանում՝ դպրոց եմ գնացել այստեղ, այստեղ նաև բուհերն եմ ավարտել: Երեկ ընկերներիցս մեկի հետ հենց այդ մասին էինք խոսում, որ Երևանի ցավերով, դարդերով ապրելու համար պետք է գոնե Կասկադում հեծանիվ քշած լինես, փոքր ժամանակ, Տիկնիկային թատրոնից հետո, դրա հարևանությամբ գտնվող «Հեքիաթ» սրճարանում թխվածք ու պաղպաղակ կերած լինես, պատանեկության տարիներին պոլիտեխնիկի «Զելյոնին» կամ Կուկուռուզնիկի «Նոստալժին» գնացած լինես: Ի վերջո, այդ ամենը վաղուց արդեն չկա, բայց Երևանի շունչը, ըստ իս, հենց դա է, Երևանը դա է: Գուցե ես փոքր-ինչ սուբյեկտիվ եմ, բայց ավագանիում պիտի այդ բոլոր բաներով անցած մարդիկ լինեն՝ Երևանը սիրող, Երևանը զգացող մարդիկ: Այո, Երևանը բոլորինն է,  նաև մարզերինը և մարզերից մեր հայրենակիցները ևս կարող են և պետք է ներգրավված լինեն մայրաքաղաքի ամենօրյա գործունեության մեջ, բայց ավագանիում, այդուհանդերձ, պետք է լինեն Երևանի շնչով ապրածները:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 741

Վերադառնալ վերև