Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հռիփսիմե Առաքելյան. «Փորձը ցույց է տվել, որ  լրագրողները լավ պատգամավոր են դառնում»

Մեր զրուցակիցն է  Երևանի ավագանու անդամ և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը:  Առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության համամասնական ցուցակով, ինչպես նաև վարկանիշային /ռեյտինգային/   ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանները: 

 

Հռիփսիմե Առաքելյանը լրագրողական դաշտ մուտք գործեց 1997 թվականից,  աշխատել է լրագրող ԱՐ  հեռուսատեսությունում, ապա ղեկավարել տարբեր լրատվական ծառայություններ տարբեր ԶԼՄներում՝ Ար,Հայ TV,Կենտրոն  հեռուստաընկերություն, Հանրային Հեռուստեսություն, Հանրային ռադիո…. Մարդկանց հետ աշխատելու արվեստին  և վարչական աշխատանքին ավելի լավ տիրապետելու ձգտումն  իրեն տարավ  Կառավարման ակադեմիա,որտեղ էլ ստացավ    Հանրային կառավարման  մագիստրոսի աստիճանը:

 

Ասում է, իր աշխատանքային կենսագրությունն է իր հարստությունը, շատ բան է սովորել, տարիների ընթացքում  լրագրող  լինելը իրեն շատ է օգնել պետական բոլոր ինստիտուտների գործունեությանը  ավելի մոտիկից ճանաչելու գործում: Այդ իսկ պատճառով միայն դրական է գնահատում լրագրողների ընդգրկումը ընտրացուցակներում, և ոչ միայն այն պատճառով, որ լրագրողները, առավել ևս քաղաքական լրագրողները,  շատ տեղեկացված են: «Փորձը ցույց է տվել, որ այն լրագրողները, որոնք հայտնվել են խորհրդարանում, միշտ շատ լավ են աշխատել որպես պատգամավոր: Իրենց մասնագիտական որակների շնորհիվ լրագրողները լոկ օրենքներ դակող չեն լինում, ամեն դրույթի ու կետի համար պայքարող տեսակն են: Այնպես որ, ինչքան շատ լրագրող հայտնվի խորհրդարանում, այնքան կշահի մեր հասարակությունը», – կարծում է մեր զրուցակիցը:  

 

Հռիփսիմե Առաքելյանն այս պահին նաև Երևանի ավագանու անդամ է  և ԲՀԿ ավագնաու խմբակցության քարտուղարը, ասում է, հիմա այս նոր  ընտրարշավին մասնակցելը իր համար ոչ միայն մի քննություն է, որը պատրաստ է հանձնել, այլ նաև նոր պատասխանատվություն:  

 

«Ես պարզ ճակատով եմ գնում ընտրապայքարի, ունեմ մեդիա ոլորտում աշխատած 20 տարվա փորձառություն որպես  լրագրող, տարբեր առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիր, տնօրեն, ուսանել եմ մի քանի համալսարաններում, նաև արտերկրում, մի քանի լեզուների եմ տիրապետում, բայց երբևէ չեմ համարձակվել մտնել ԱԺ ընտրությունների գործընթաց, քանի որ չեմ հավատացել, որ արդար ընտրապայքարը հնարավոր է: Երբևէ չեմ  պատկերացրել, որ նախկինում կարող էի հայտնվել ավագանիում կամ պառլամենտում առանց որևէ մեկի «դաբրոյի», – ասում է Հռիփսիմեն, նկատելով, որ մենք թեև հեղափոխություն ենք արել, այնուամենայնիվ  դեռ  պետք է հեղափոխենք մեր մտածողությունը:  

 

Ինչ վերաբերում է ավագանու հետ կապված իր ծրագրերերին,ապա արդեն հասցրել էր մի քանի նախաձեռնությամբ հանդես գալ,  և ասում է, որ եթե անգամ իրեն վստահության քվե տան և ստացվի,որ հայտնվելու է ԱԺ֊-ում, ապա այլ խնդիրների հետ մեկտեղ ուշադրության կենտրոնում է պահելու մայրաքաղաքի խնդիրները  և  օրենսդրական մի շարք նախագծերով հանդես կգա, որոնք նաև Երևանին օգուտ կբերեն։

 

Խորհրդարանում  կանանց շահերը պաշտպանելու հարցին, պատասխանում է, որ իր համար դա  անչափ կարևոր խնդիր է.  «Կարևոր է նաև այն առումով, որ շատ եմ ուզում մեր պետական համակարգում և օրենսդիր իշխանությունում տեսնեմ շատ կանանց։ Ցավում եմ,որ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը տապալվեց ԱԺ-֊ում և մենք չկարողացանք նոր օրենսգրքով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մինչդեռ օրենսգրքի առաջարկվող  տարբերակում կանանց ներկայացվածությունն  ԱԺ-֊ում ավելի մեծ կլիներ, քանի որ գոևծելու էր 30 տոկոսանոց քվոտան և չէր լինի  վարկանիշային/ռեյտինգային/ ընտրակարգը, որը  ամբողջապես ապաքաղաքական է և լուրջ խնդիր է առաջացնում հատկապես կանանց համար»:  Նկատենք, որ Հռիփսիմե Առաքելյանը առաջադրվել է  այնպիսի ընտատարածքում,որտեղ պայքարը բավականին դժվար է լինելու:

 

Պատասխանելով  մեր հարցին՝ ընտանիքի կողմից աջակցության մասին,  Հռիփսիմեն ասում է,  որ հարազատների համար զարմանալի չէր իր առաջադրումը: «Ամուսինս միշտ աջակցել է ինձ նույնիսկ այնպիսի նախաձեռնություններում, որտեղ որ ես անգամ ցանկություն չունեի մտնելու: Այն փոքրիկ հաջողությունների մեջ, որ արձանագրվել են իմ կյանքում, մեծ ներդրում է ունեցել նաև ամուսինս: Շատ կարևոր է, որ կողքիդ տղամարդը լինի քաջալերող ու միշտ կանգնած լինի  քո կողքին: Պարզ է  չէ՞ որ ամուսինս հենց այդպիսին է», – ասում է նա:

 

 Արմինե Գևորգյան

Դիտումների քանակը` 698

Վերադառնալ վերև