Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Human Rights Watch-ը՝ Հայաստանում կանանց ու երեխաների իրավունքների մասին

Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է 90 երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ 643 էջից բաղկացած ամենամյա զեկույցը: 2018-ի զեկույցը ունի  «Պայքար իրավունքների հաջողության համար» խորագիրը:

 

Ներածական ակնարկում գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը գրում է, որ հանուն մարդու իրավունքների սկզբունքների պայքարող քաղաքական առաջնորդները ցույց են տվել՝ մոբիլիզացված հանրության, ինչպես նաև տարբեր դերակատարների հետ արդյունավետ համախմբման պարագայում մարդու իրավունքներին հակադրվող իշխանությունները չեն կարող առաջխաղացում ունենալ:

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կազմակերպության փորձագետներն արձանագրում են, որ մտահոգությունները չեն փարատվել: Human Rights Watch-ը Հայաստանում արձանագրել է լուրջ մտահոգություններ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ ներառյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունը և խտրականությունը:

 

Զեկույցում մեծ տեղ է հատկացված ընտրություններին, լրագրողների նկատմամբ բռնություններին, ոչ արդյունավետ քննության դեպքերին, ընտանեկան բռնության խնդրին, կանանց ու երեխաների իրավունքներին ու այլ հարցերին:

 

«Ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, հազարավոր կանայք ամեն տարի հայտնում են միջադեպերի մասին: Տեղական ՀԿ-ները հայտնում են, որ 2017 թվականի ընթացքում սպանվել են առնվազն չորս կանայք իրենց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմիցե,-ասված է զեկույցում:

 

Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան արձանագրում է, չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ առկա տագնապալի վիճակագրությանը, Հայաստանում չկա այն քրեականացնող հատուկ օրենսդրական դրույթ: Բացի այդ կառավարությունը բավարար քայլեր չի կատարել վերապրածներին պաշտպանելու և աջակցելու համար:

 

«Ընտանիքում բռնության մասին վերջերս ընդունված օրենքը մի քայլ առաջ է, սակայն կառավարությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի կանայք և երեխաները պատանդ չմնան ճնշող և հաճախ կյանքին սպառնացող իրավիճակներում»,-նշել է նա:

 

Երեխաների իրավունքներ

 

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում հազարավոր երեխաներ գտնվում են հաստատություններում հաշմանդամության կամ աղքատության պատճառով: Կազմակերպության փորձագետները գնահատում են կառավարության բարեփոխումնեը, նշում, որ որոշ հաստատություններ վերափոխվում են համայնքային կենտրոնների, նախապատվություն է տրվում ընտանիքահեն խնամքին, սակայն հավասարապես չեն ընդգրկել հաշմանդամություն ունեցող երեխաները: Նրանք հաճախ մնում են հաստատություններում որպես չափահաս, անորոշ ժամկետով՝ զրկված լինելով իրենց գործունակությունից:

 

Օրենքի համաձայն, մինչև 2025 թվականը կրթությունը պետք է դառնա ներառական, ըստ որի համայնքային դպրոցներում պետք է համատեղ ուսանեն հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները: Խոչընդոտների ու չհարմերցված շենքերի   պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաները միշտ չէ, որ կարողանում են որակյալ կրթություն ստանալ համայնքային դպրոցներում: Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ մնում են առանձնացված հատուկ դպրոցներում կամ մեկուսացված՝ տանը, զրկված լինելով կրթություն ստանալու հնարավորությունից:

 

Կանանց իրավունքներ

 

Human Rights Watch-ը, վկայակոչելոբ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալները, զեկույցում գրում է, որ անցած տարվա առաջին կեսին առնվազն չորս կին է սպանվել իրենց կողակիցների կամ ընտանիքի անդամների կողմից, և առնվազն 50-ը սպանվել են 2010-ից 2017 թվականն ընկած ժամանակահատվածում: Կոալիցիան ընտանեկան բռնության դեպքերի առթիվ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ստացել է 5299 ահազանգ։ Նույն ժամանակահատվածում ոստիկանությունը ընտանեկան բռնությունների առթիվ ստացել է 602 բողոք և քրեական գործ է հարուցվել 142 դեպքի առթիվ: 31 դեպքում առաջադրվել է մեղադրանք:

 

Կոալիցիայի մի շարք ակտիվիստներ և փաստաբաններ հայտարարել են իրենց գործունեության հետ կապված ճնշումների և սպառնալիքների մասին: Չնայած կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական կազմակերպությունների երկարամյա ճնշումներին, Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի միացել Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) (ԽՄԲ.-Հայաստանը երեկ ստորագրել է կոնվենցիան):

 

Զեկույցում անդրադարձ կա նաև ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունմանը. «Նոյեմբերին կառավարությունը խորհրդարան բերեց ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագիծը: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները դեմ էին օրենքին՝ կառավարության կողմից վերջին պահին, առանց հանրային քննարկումների, «ընտանիքում համերաշխության վերականգնմանե վերաբերյալ կատարված փոփոխությունների պատճառով, որն ըստ նրանց միտված է խրախուսելու հաշտեցումը և կարող է խաթարել տուժածների լիարժեք պաշտպանությունը»:

 

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

 

Կազմակերպության զեկույցի համաձայն, լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ ենթարկվում են ոտնձգությունների, խտրական վերաբերմունքի և բռնության: Ոստիկանությունը մի քանի գործերով հետաքննություն է սկսել, սակայն օրենքը չի դիտարկում հակա-ԼԳԲՏ շարժառիթը որպես ծանրացուցիչ հանգամանք: Խտրական վերաբերմունքի և սեռական կողմնորոշման հրապարակային բացահայտման վախը բազմաթիվ ԼԳԲՏ անձանց համար խոչընդոտ է հանդիսանում հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնելու համար:

 

Զեկույցում նշվում է, որ անցած տարվա հուլիսի սկզբին, «Ոսկե ծիրանե միջազգային կինոփառատոնից մի քանի օր առաջ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը (ՀԿՄ) հրաժարվեց փառատոնի անցկացման համար տրամադրել հիմնականում օգտագործվող տարածքը: Փառատոնին չհաջողվեց ցուցադրել 40 ֆիլմ, այդ թվում երկու ֆիլմ ԼԳԲՏ թեմայով: Թեև պաշտոնապես ՀԿՄ-ն մերժումը հիմնավորեց դրանից ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած ՀԿՄ նախագահի մահվան հանգամանքով, տեղական ակտիվիստները կարծում են, որ մերժման պատճառը եղել է ԼԳԲՏ թեմայով ֆիլմերի ներառումը:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 778

Վերադառնալ վերև