Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հայեցակարգն երաշխավորում է  Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»

Ինչպես հայտնի է , ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է  Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը : Նախատեսված փոփոխություններից գլխավորով առաջարկվում է անցում կատարել մաքուր համամասնական ընտրակարգի՝ առանց ռեյտինգային ընտրակարգի դրսեւորումների: Անդրադարձ կա  նաև կանանց մասնակցությանն աջակցող  քվոտավորմանը, ինչի շուրջ  WomenNet.am-ը զրուցել է  հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ:

 

 

 

– Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ նախնական  քննարկումների ժամանակ կանանց ՀԿ-ները առաջարկում էին կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտան բարելավել՝ ամրագրելով այն  40/60  կամ 50/50 համամասնությամբ: Ինչու՞ կանգ առանք  30/70 համամասնության վրա:

 

– Առաջարկել ենք  կուսակցությունների ցուցակներում սահմանել սեռերի  30/70 համամասնությունը,  քանի որ մենք հրաժարվում ռեյտինգային ընտրակարգից և գնում ամբողջությամբ համամասնական ընտրակարգի, իսկ դա  նշանակում է, որ ընտրված Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածության 30 տոկոսը երաշխավորելու հնարավորություն կա: Հայեցակարգով առաջարկվում  է, որ յուրաքանչյուր սեռի առնվազն  30 տոկոս ներկայացվածությունը  ոչ միայն  կուսակցությունների ընտրական ցուցակներում լինի, այլ  ընտրված խորհրդարանի  խմբակցություններում: Սա գործնականում նշանակում է, որ եթե այս Ընտրական օրենսգիրքն ընդունվի, ապա այն կերաշխավորվի, որ գալիք խորհրդարանում կանայք կլինեն նվազագույնը 30 տոկոս, մինչդեռ  գործող ԱԺ-ում նրանց ներկայացվածությունը ընդամենը 18 տոկոս է: Այսինքն մենք ունենալու ենք կանանց ներկայացվածության  գրեթե կրկնակի աճ: Գուցե 40/60 համամասնությունն ավելի լավ կլիներ, բայց կարծում եմ, որ այդ աճը պետք է լինի աստիճանաբար և կտրուկ թռիչքները կարող են հակառակ արդյունքի բերել:

 

 

-Քննարկվել է արդյո՞ք ,  թե ինչ քվոտա է սահամանվելու հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ի վերջո, 2017-ին ծրագրվում էր, որ 30/70 համամասնությունը կյանքի կկոչվի 2022-ի ընտրությունների ժամանակ:

 

– Կարծում եմ, դա այսօր  քննարկելը ճիշտ չէր:  Նման դրույթ ամրագրելը պոպուլիստական քայլ կլիներ, հատկապես, որ Ընտրական օրենսգիրքը բոլոր ընտրություններից առաջ միշտ վերանայվում  է: Ճիշտ է, գործող ԸՕ-ում նախապես ամրագրված էր քվոտայի  աճը, որը  պետք է 2021-ին արտահայտվեր  30/70 համամսնությամբ,   բայց ինչպես տեսնում եք՝ դա տեղի ունեցավ ավելի շուտ, քանի որ օրենսգիրքը փոխում ենք սպասվածից շուտ:

 

– Թվում էր, որ  քվոտավորման  անհրաժեշտության մասին վեճերն արդեն անցյալում են, սակայն պարզվեց  , որ այս հարցի շուրջ  դեռ կան  ընդդիմախոսներ: Ինչպիսի՞ն է Ձեր անձնական վերաբերմունքը  կանանց  աջակցող  քվոտաներին: 

 

-Քվոտան անհրաժեշտ է, որպեսզի այն կանայք, ովքեր չեն զիջում տղամարդկանց իրենց հմտություններով, մասնագիտական որակներով ու այլ հատկանիշներով, հնարավորություն ունենան ներկայացված լինել խորհրդարանում:   Եվ չնայած հաստատ կարելի է ասել, որ նրանք  ավելի վատ պատգամավոր չեն լինի, բայց այնուամենայնիվ  կին քաղաքական գործիչներն  այդքան էլ հանրության կողմից չեն  ընդունվում և  կուսակցություններն են միշտ չէ, որ պատրաստ են  իրենց ցուցակներում կանանց ներառել, առավել ևս անցողիկ տեղերում: Քվոտավորումը ժամանակավոր միջոց է, որը  որոշակի ժամանակահատվածում  կլուծի  այդ հարցը, քանի որ  հասարակությունը կտեսնի ու կհամոզվի, որ կին քաղաքական գործիչները չեն զիջում  տղամարդկանց: Հետագայում հնարավոր կլինի բոլոր քվոտաները չեղարկել: Բայց  այսօր դեռևս տղամարդիկ ավելի շատ են ներկայացված ցուցակներում, քան կանայք:

 

– Հայտարարվել էր ,  որ հայեցակարգը հոկտեմբերի 1-ին պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Ե՞րբ եք ակնկալում ստանալ պատասխանը:

 

-Նախատեսում ենք անհապաղ ուղարկել փաստաթուղթը և ոչ միայն Վենետիկի հանձնաժողով, այլև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ: Պատասխանի ժամկետների մասով հստակ որևէ բան ասել չեմ կարող, բայց չեմ կարծում, որ գործընթացը երկար կտևի:  Բայց ուզում եմ վստահեցնել, որ եթե Ազգային ժողովը խոչընդոտներ չստեղծի, ապա ընտրությունները կանցկացվեն փոփոխված և բարելավված Ընտրական օրենսգրքով: Այդ թվում չեմ բացառում, որ  այս տարվա դեկտեմբերին:

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

 

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

 

Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

 

Պատգամավորներն առաջարկում են կիրառել  33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական  ընտրություններում

 

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

 

 «Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

 

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

 

 

Դիտումների քանակը` 962

Վերադառնալ վերև